Հնարավոր չէ կողմ ըլլալով դեմ ըլլալ, կամ կողմ ես, կամ դեմ

- in Տնտեսական
Artsvik minasyan

Կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի բանավեճը, կամ պարզապես բախումը, իրականում արտացոլում է այն իրավիճակը, որ անխուսափելիորեն առաջանալու է ավելի լայն մակարդակում:

Թավշյա հեղափոխության առաջին փուլի հաղթական ավարտի արդյունքում ձևավորվել է կառավարություն, որն իրականում անհասկանալի է, թե ինչի շուրջ միավորել է հասկանալիորեն հակադիր քաղաքական շահեր ու նպատակներ ունեցող ուժերի, որոնք մրցակիցներ են: Նրանց մրցակցության դրսևորումները, իհարկե տրամաբանական տարբեր մոտիվացիաներով, լինելու են պարբերաբար, սա դեռ սկիզբն է միայն:

Արմեն Ռուստամյանն օրինակ արդեն հայտարարում է, որ չեն տեսնում քայլեր գերվարչապետության նվազեցման ուղղությամբ, միաժամանակ խոսելով պարտադրվող որոշումների մասին: Դաշնակցության արձագանքը իրականում բխում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ելույթից, որ հնչեց Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը: Փաշինյանը բավական հստակ արձանագրեց, որ արտահերթ ընտրության հարցում մտադիր չէ պայմանավորվել որևէ ուժի հետ, և որևէ ուժի ճակատագրի շուրջ: Իսկ այդ դեպքում մի շարք ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն ունենում են անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր:

Եթե Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ պայմանավորվել այդ հարցում, ապա ո՞րն է կառավարությանը մաս կազմելու Դաշնակցության քայլի իմաստը: Այդ դեպքում իմաստը դառնում է կառավարության հաշվին միավոր հավաքելը և կուտակային համակարգի վերաբերյալ ՀՅԴ-ական նախարարի դիրքորոշումը դրա ակնառու քայլն էր:

Նիկոլ Փաշինյանը սակայն նույն հստակությամբ ցույց տվեց, որ մտադիր չէ հանդուրժել այդ երկակի խաղը և եթե այն շարունակվելու է, ապա Դաշնակցությունը պետք է կողմնորոշվի կառավարության մաս կազմելու հարցում: ՀՅԴ ղեկավարությունն ըստ երևույթին իրավիճակը ընկալում է նախկին տրամաբանության մեջ, երբ Սերժ Սարգսյանն ապահովում էր Դաշնակցության երկակի խաղը ՀՀԿ դեմ, քանի որ Սարգսյանին պետք էր ՀՀԿ դեմ խաղացող: Այժմ իրավիճակը փոխվել է և Դաշնակցությունն ինքն էլ ստիպված է լինելու փոխել կամ իր մոտեցումը կառավարությունում աշխատանքի մասով, կամ փոխել իր կարգավիճակը՝ կառավարության մասից դառնալով այսպես ասած ընդդիմություն:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ ընդդիմություն դառնալ Հայաստանում ուղղակի հնարավոր չէ: Եվ ոչ այն պատճառով, որ այդ տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն: Հնարավոր չէ զբաղեցնել մի տեղ, որը գոյություն չունի: Հայաստանում գոյություն չունի ընդդիմության դաշտ: Հեղափոխությունը չի ունենում ընդդիմություն: Հեղափոխությունը կամ չի ունենում որևէ դիմադրություն, կամ ունենում է հակահեղափոխություն: Իսկ Հայաստանում ներկայումս շարունակվում է հեղափոխությունը և այն միայն փողոց փակելով ու բացելով չի սկսվել և ավարտվել: Այստեղ է թերևս ընկալման մեծագույն սխալներից մեկը, որ առկա է նաև Դաշնակցության մոտ, բայց ոչ միայն Դաշնակցության: Եթե այդ հեղափոխության ձևը, բնույթը թավշյա է, դա դեռ չի նշանակում, որ այն չկա: Իսկ եթե կա հեղափոխություն, ապա հնարավոր չէ կողմ ըլլալով դեմ ըլլալ, կամ կողմ ես, կամ դեմ:

Spread the love