«Հունից հանել է… ոչ ադեկվատ վիճակում էի… »․ Նոր Նորքի շուկայում կատարված սպանության մանրամասները

Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Սերգեյ Վարդանյանի գործի դատական քննությունը:

51-ամյա Սերգեյ Վարդանյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ մշտական աշխատանք չունենալով՝ Սերգեյ Վարդանյանը երևանյան տարբեր շուկաներում զբաղվել է կոշիկի ներդիրների վաճառով:

2017 թվականի դեկտեմբերի կեսերին՝ դեպքից մոտ երկու շաբաթ առաջ, Սերգեյ Վարդանյանը կոշիկի ներդիրներ վաճառելու նպատակով գնացել է Նորքի 1-ին զանգվածում՝ Սաֆարյան 14 հասցեում գործող շուկա, որի 1-ին հարկում գտնվող առևտրի տաղավարներից մեկում Ջուլիետա Ա.-ին խնդրել է կշռել իր մոտ եղած ներդիրները: Ջուլիետա Ա.-ն մերժել է՝ ասելով, թե կշեռքն անսարք է: Սերգեյ Վարդանյանին չի համոզել այդ պատճառաբանությունը, նա վիճաբանության մեջ է մտել Ջուլիետայի ամուսնու՝ գործով տուժող Լևոն Ա.-ի հետ:

Վիճաբանությունը թեժացել է, կողմերը միմյանց հայհոյել ու փոխադարձ հարվածներ են հասցրել, շուկայի աշխատողը Սերգեյ Վարդանյանին դուրս է բերել շուկայից:

Վիճաբանության ժամանակ Լևոն Ա.-ի կողմից հնչեցրած հայհոյանքները վերագրելով իր մոր հասցեին, դրանից վիրավորված ու զայրացած լինելով՝ Սերգեյ Վարդանյանը որոշել է վրեժխնդիր լինել իրեն անծանոթ մարդուց: Նա խանութից գնել է շեղբի մոտ 20 սմ երկարություն ունեցող խոհանոցային դանակ և դեկտեմբերի 22-ին, ժամը 11-ի սահմաններում Լևոն Ա.-ին սպանելու դիտավորությամբ գնացել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող հիշյալ շուկա:

Մտնելով առաջին հարկ՝ Սերգեյ Վարդանյանն անմիջապես նկատել է, որ Լևոն Ա.-ն նստած է իր տաղավարի դիմաց դրված աթոռին: Սերգեյը չի մոտեցել Լևոնին, գնացել է շուկայի վերջնամասում գտնվող՝ սուրճի վաճառքի տաղավար, այնտեղ սուրճ է խմել, ծխել է, ապա ժամը 11-ն անց 30-ի սահմաններում մոտեցել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, իր ձեռքին եղած կտորե սպիտակ պայուսակից հանել է դանակը ու հարվածել է Լևոնի պարանոցին:

Հանկարծակիի եկած Լևոնը ցանկացել է ոտքի կանգնել, Սերգեյը շարունակել է դանակով հարվածներ հասցնել նրան, ապա հեռացել է: Ստացած վնասվածքներից, ներքին օրգանների վնասումից, արյունահոսությունից Լևոն Ա.-ն ընկել է շոկային վիճակի մեջ ու տեղում մահացել է:

Դատարանը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը: Վերջինս նշեց, որ քաղաքացիություն չունի, աշխատանք չի ունեցել, ամուսնացած չէ: Քաղաքացիություն չունենալու հետ կապված՝ ամբաստանյալը պարզաբանեց, որ իր անձնագիրը դեռ «սովետի ժամանակների» անձնագիր է, ինքը ՀՀ քաղաքացու անձնագիր չունի:

Առողջական վիճակի մասին ամբաստանյալն ասաց, որ հիմնականում առողջ է. «Չնչին կարող ա ներվային լինեմ ու՝ վերջ»,- պարզաբանեց Սերգեյ Վարդանյանը:

Իր շահերի պաշտպանի՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցին ի պատասխան՝ Սերգեյ Վարդանյանը հայտնեց, թե իր հարազատ եղբայրը, ով ապրում է իր հետ համատեղ, արդեն 30 տարի հաշմանդամ է՝ «հոգեկանը խանգարված է», փաստացի հիվանդ եղբայրը գտնվել է իր խնամքին, ինքը նրան խնամել է առանց խնամակալության վերաբերյալ փաստաթղթի. «Ընձի պետք չի եղել փաստաթուղթ, ես ուղղակի խնամել եմ եղբորս»,- ասաց ամբաստանյալը:

Սերգեյ Վարդանյանը դժվարություններ ունի հայերենի տիրապետման հարցում, դատական քննությանը ներգրավված է թարգմանիչ՝ ռուսերեն-հայերեն մասնագիտությամբ;

Երբ գործով մեղադրող դատախազ Ա. Կարապետյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ամբաստանյալը որոշ տատանումից հետո ասաց, թե ինքն է տուժողին հարվածներ հասցրել դանակով, բայց իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ մեղադրական եզրակացության մեջ նշված չեն այն մանրուքները, որոնք իր արարքի պատճառ են դարձել. «Տուժողը ինձ խփել է, ինձ հունից հանել է… ես ոչ ադեկվատ վիճակում էի… Չէ, ինձ մեղավոր չեմ ճանաչում…»:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հետազոտել գործում առկա գրավոր փաստաթղթերը, հարցաքննել տուժողի իրավահաջորդին՝ տուժողի կնոջը, ով նաև դեպքին ականատես է եղել, ապա հարցաքննել վկաներին, վերջում հարցաքննել ամբաստանյալին:

Մեղադրող Ա. Կարապետյանը սկսեց հրապարակել գործում առկա գրավոր ապացույցները:
Հրապարակվեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ դեպքի վայրում՝ շուկայի առաջին հարկում՝ «Ընդեղեն ու ջրեղեն» ցուցանակով տաղավարի դիմաց առկա են եղել արյան երկու լճակ, սև կտորից գլխարկ, սպիտակ աթոռ՝ արնանման հետքերով, սավան՝ արնանման հետքերով և այլն:

Շուկայի առաջին հարկում կան տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրած նյութերը հետագայում առգրավվել ու կցվել են քրեական գործին:

2018 թվականի հունվարին մեկ անգամ ևս կատարվել է դեպքի վայրի զննություն՝ այս անգամ՝ կասկածյալի կարգավիճակ ունեցող Սերգեյ Վարդանյանի մասնակցությամբ:

Վերջինս մատնանշել է Գայի պողոտայի այն կանգառը, որտեղ իջել է դեպքի օրը, մտել է շուկա, նկատել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, չի մոտեցել, այլ գնացել է շուկայի վերջնամասում գտնվող՝ սուրճի վաճառքի տաղավարի մոտ, սուրճ է խմել ու մի ծխախոտ է ծխել, ապա մոտեցել է աթոռին նստած Լևոն Ա.-ին, իր ձեռքին եղած սպիտակ կտորե պայուսակից հանել է դանակը ու միանգամից հարվածել է Լևոն Ա.-ի «վզին»:

Տուժողը ոտքի է կանգնել, ինքը մի քանի անգամ էլ է նրան հարվածել դանակով, տուժողը փախել է մի քանի քայլ ու վայր է ընկել, իսկ ինքը դուրս է եկել շուկայից, դանակը նետել է աղբամաններից մեկի մեջ, Գայի պողոտայի կանգառից նստել է 10 համարի տրոլեյբուսը ու գնացել է տուն:

Spread the love
  • 9
    Shares