Հրապարակային հարթակներում հակահեղափոխությունը հաղթել չի կարող

Serj Robert

Ոչ մի կերպ չպետք է ընտրությունները հեռացնել դեպի ապրիլ. վերցրեք ընդամենը ՀՀԿ մոտեցումը և կհասկանաք, որ պետք է հակառակը անել. ուրիշ ինդիկատոր չկա: Հեղափոխությունը կարող է համարվել իրականացված և ավարտված միայն արտահերթ ընտրություններից հետո. օրերս ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Մանուկյանը սկզբունքորեն ճիշտ է ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու և հաղթանակը կապիտալացնելու հարցում: Հակահեղափոխության սահմանման և դրա հնարավոր դրսևորման հարցում մեր քաղաքական գործիչների ձևակերպումները մի փոքր կտրված են իրականությունից:

Հակահեղափոխության գործունեության դաշտը լեգալ մարմինները կամ ընտրությունները չեն, որովհետև դեռ երկար ժամանակ հրապարակային դաշտում պարտվելու են բոլոր նրանք, որոնք նույնիսկ հեռավոր, անուղղակի առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հետ:

ՀՀԿ-ի քաղաքական նոգդաունը հաղթահարելի չէ, որովհետև չարաշահումների և յուրացումների բացահայտումների կծիկն անմիջականորեն է մոտենում Սերժ Սարգսյանին` քրեական խրոնիկոնի հերոսներ դարձնելով նրա թիկնազորի պետին կամ եղբոր ընտանիքին:

Նման իրավիճակներում հակահեղափոխությունը հրապարակային կոնսոլիդացիա և հաջողություն ունենալ չի կարող. կոռուպցիայի շուրջ համախմբումը, մեղմ ասած, հավաքական կապիտուլյացիա է իրավապահների առջև, ոչ թե քաղաքական հայտ` հասարակության քվեներին տիրանալու համար:

Լեգալ, հրապարակային հարթակներում հակահեղափոխությունը հաղթել չի կարող: Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հասարակությունը որևէ պարագայում քվե չի կարող տալ ՀՀԿ-ին, եթե նույնիսկ նոր կառավարությունը վարկանիշային մեծ անկում ունենա. մարդիկ չեն ուզենա իրենց ճակատին դաջել զինվորից տուշոնկա գողացողի ամոթալի խարանը:

Հակահեղափոխությունը հաղթելու շանս չունի նույնիսկ այս խորհրդարանում. գեներալ Մանվելին վերաբերող քվեարկությունն ասվածի լավագույն ապացույցն է:

Հակահեղափոխության շանսը պետական նոր համակարգը «փչացնելն» է կամ ահաբեկչությունը:

Երկու նախադեպն էլ մեր նորագույն պատմությունն ունի: 88-ի հեղափոխությունը չդիմացավ ընտրության փորձությանը և 1995-ին դաշինքի գնաց բյուրոկրատիայի հետ: Հայաստանում սահմանադրության հանրաքվեով սկսվեց հակահեղափոխությունը, որը տրամաբանական ավարտին հասավ 1998-ի պալատական հեղաշրջմամբ:

Երրորդ հանրապետությունը և 88-ի հեղափոխությունը փրկելու վերջին ճիգը գործադրեց երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը: 1999-ի խորհրդարանական ընտրություններում նրա և Կարեն Դեմիրճյանի հաղթանակը հակահեղափոխությանը հասցված հարված էր: Ռևանշի երկրորդ նախադեպը չուշացավ` Նաիրի Հունանյանի կրակոցներով, Ռոբերտ Քոչարյանի դեմքով, ռուսական ինտերվենցիայով:

Հիմա, երբ Ռոբերտ Քոչարյանն ակտիվացել է, նույնիսկ դատի է տալիս անկախ լրատվամիջոցի, նա իր ծառայությունն է առաջարկում նույն կենտրոնին, որովհետև թավշյա հեղափոխությունն առաջին հերթին հաղթել է ռուսական վասալությանը, եթե նույնիսկ դա չի գիտակցվում: Հենց այդ չգիտակցումը կարող է ծնել հակահեղափոխության ռևանշի վտանգ` ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը չհասցրեց գիտակցել, որ հայկական հակահեղափոխության քամին փչում է հյուսիսից:

Spread the love