ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

Փաշինյանն ՀՔԾ-ում մի դիտարկում է արել, որը գուցե առաջին հայացքից էական չթվա, սկզբունքային չհամարվի, սակայն իրականում կոչված է արմատապես նոր բովանդակություն հաղորդել ՀՔԾ-ին, վերափոխել այս ծառայությունը: Վարչապետն ընդգծել է՝ ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի։

«ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը, և այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից», – ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի պահանջն ուղղակի բխում է ֆունկցիոնալ այն պարտականություններից, որոնք դրված են ՀՔԾ-ի վրա:

Մինչև թավշյա հեղափոխությունն այս ծառայության բոլոր աշխատասենյակներում փակցված էին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները, ինչը նշանակում է, որ վերջինս նույնացված էր երկրի խորհրդանիշներին: Սա ինքնին ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը, ով կարգավիճակի բերումով, պետք է լիներ ՀՔԾ տեսադաշտում, հոգեբանորեն և գործնականում անձեռնմխելի է եղել այս կառույցի համար: Խոսքն անձամբ կամ միայն Սերժ Սարգսյանի մասին չէ, որովհետև նա սահմանադրորեն ունեցել է որոշակի իմունիտետ, այլ ավելի շատայն մարդկանց մասին, որ տարիներ շարունակ թաքնվել են նախկին նախագահի, տարբեր աշխատասենյակներում փակցված նրա լուսանկարների ստվերում ամբողջացնելով արտոնյալների այն շերտը, որին չեն հասել պատկան մարմինների, օրենքի ձեռքերը:

Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ-ից, ըստ էության, պահանջել է իշխանության ներսում կազմաքանդել արտոնությունների արատավոր համակարգը, որը սկսվում է աշխատասենյակներում փակցված լուսանկարներից և տարածվում է իշխանության ողջ աստիճանակարգում` դրսևորվելով մեծ ու փոքր հանցագործությունների տեսքով:

Երբ ՀՔԾ պատասխանատուների աշխատասենյակներում փակցված է պետության ղեկավարի լուսանկարը, ենթադրվում է, որ նրանք գործում են ոչ թե օրենքի, այլ` լուսանկարում պատկերվածի թելադրանքով, դառնալով վերջինիս քմահաճույքների, համակարգային ինտրիգների պատանդը:

ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը. ասում է Փաշինյանըհստակ ուրվագծելով, որ այսուհետ ՀՔԾ-ն պետք է գործի ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ղեկավարի, այլ պետության և օրենքի անունից: Եթե օրինականության հաստատման հրամայականը պահանջում է` նույնիսկ երկրի ղեկավարի և նրա շրջապատի դեմ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը հրավիրեց ընտրական գործընթացում հանցագործությունների քննության վրա: «Տեղյակ եք, որ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ ապահովել իսկապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կարտահայտեն ժողովրդի կամքը, ընդ որում, դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ սրանից հետո միշտ: Այս առումով, կարծում եմ, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը և այս շարքում առանձնակի ուշադրություն եմ հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների վրա: Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները, գործերը այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության և կբերեն կոնկրետ արդյունքներ»,- ասաց Փաշինյանը՝ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

Վարչապետի խոսքով՝ երբ ՀՀ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքի բերումով գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ և հետո նրանք չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է և որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել՝ այդ պրոցեսում կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական, իրավապահ մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ:

«Հետևաբար, այն ինչի մասին խոսեցինք, ըստ էության, վերաբերում է Հայաստանի հեղինակությանը, առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ, վերաբերում է իրավապահ համակարգի, ՀՔԾ-ի և վերջինիս յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք այսօր, ըստ էության, խոսում ենք մեր պետականության և պետական ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին, որը չի կարող լինել առանձին անհատի կամ առանձին քաղաքական ուժի օրակարգ: Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգ է, յուրաքանչյուր պետական ծառայողի օրակարգ է և բոլորիս այդ ծառայությունն իրականացնելիս մաղթում եմ հաջողություններ: Մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ՀՀ քաղաքացիները սրանում չպետք է ունենան որևէ կասկած: Սա նշանակում է, որ մեր աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային, մեզ պետք են արդյունքներ ու այդպես անընդհատ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Spread the love