Մալիշկա գյուղի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հարս ու սկեսուր են մահացել, ևս վեցը վիրավորվել

- in Իրավունք
dat

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վիգեն Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

30-ամյա Վիգեն Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ նրա մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, մի քանի հոգի, այդ թվում՝ ինքը՝ Վիգենը, մի քանի երեխաներ ու Իրանի քաղաքացիներ ստացել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ բարձրագույն կրթությամբ Վիգեն Ս.-ն, հիմնական աշխատանք չունենալով՝ իր անձնական օգտագործման «Նիսան Էլգրանդ» մակնիշի 7 տեղանոց մեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ:

2017 թվականի հուլիսի 1-ին նա Երևանից Մեղրիի սահմանային անցակետ էր տեղափոխում Իրանի յոթ քաղաքացիների՝ երկու ընտանիք՝ չորս չափահաս ու երեք երեխա:

Առավոտյան ժամը 7-ն անց 30-ին մեքենան վարելով 70-80 կմ/ժ արագությամբ Վիգենը հասել է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 130,7-րդ կմ հատվածին:

Եղեգնաձորից Վայք քաղաքի ուղղությամբ ընթանալիս Վիգենն իր ուղեմասում իր մեքենայի առջևից ընթացող «ֆուռ» տեսակի մի քանի բեռնատար մեքենաների է հասել:

Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Ս.-ն, նախապես չհամոզվելով անվտանգ վազանց կատարելու հնարավորության հարցում, մեքենան դուրս է բերել վազանցի, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս:

Այդ ժամանակ նրան հանդիման, հակառակ ուղղությամբ ընթանում էր «Օպել Աստրա» մեքենան: Վիգենի «Նիսանը» խոչընդոտել է «Օպելի» երթևեկությանը, բախվել է այդ մեքենային: Երկու մեքենաներն էլ տեխնիկական հնարավորություն չեն ունեցել բախումը կանխելու համար:

Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորներ՝ հարս ու սկեսուր Կարինե Պ.-ն ու Արուհի Հ.-ն մահացել են: «Օպելի» վարորդ Արման Օ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, «Օպելի» անչափահաս ուղևորուհին, «Նիսանի» իրանցի ուղևորները ստացել են ծանրության տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր ու միջին ծանրության վնասվածքներ: Ինքը՝ Վիգեն Ս.-ն վթարից հետո ձեռք է բերել հաշմանդամության 2-րդ կարգ…

Ամբաստանյալ Վիգեն Ս.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի կարիքները հոգացել է իր անձնական մեքենայով ուղևորափոխադրումներ կատարելով:

Դեպքի օրը Իրանի յոթ քաղաքացիների Երևանից տանում էր Մեղրիի սահմանային անցակետ: Մեքենան վարել է 70-80 կմ/ժ արագությամբ: Եղեգնաձորից դեպի Վայք ընթանալիս իր առջևից ընթացել են երկար, «ֆուռ» տեսակի բեռնատար մեքենաներ: Դրանցից մեկին ինքը փորձել է վազանց կատարել, ինչի համար իր տեսադաշտը բաց է եղել: Տեսնելով, որ դիմացից եկող մեքենաներ չկան, իր մեքենան դուրս բերել հանդիպակաց երթևեկելի գոտի, բայց չի հասցրել վազանցն ավարտել, քանի որ միայն վազանցի ընթացքում է նկատել իր առաջ դուրս եկած «Օպելը»: Բախումից խուսափելու համար չի հասցրել որևէ գործողություն կատարել, արգելակել: Մեքենայի ղեկը թեքել է դեպի ձախ, ձախակողմյան կողմակի վրա մեքենայի առաջամասով հարվածել է «Օպելին»…

«Օպելի» վարորդ, գործով տուժող Արման Օ.-ն հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան մոր՝ Արուհու, եղբոր կնոջ՝ Կարինեի ու վերջինիս անչափահաս դստեր հետ իրեն պատկանող «Օպելով» Վայքից ուղևորվել է Երևան: Եղբոր կնոջը՝ Կարինեին տանում էին բժշկական հետազոտության:

Մայրը նստել էր իր կողքի նստատեղին, իսկ եղբոր կինն ու նրա երեխան՝ հետևի նստատեղին:

Երբ հասել են Մալիշկա գյուղի սկզբնամաս, ինքը մեքենան վարել է 50-55 կմ/ժ արագությամբ: Այդ հատվածում վայրէջք է եղել, իր առաջ եղել է ձախ ոլորան: Հենց այդ ժամանակ ինքը նկատել է հանդիպակաց ուղեմասով ընթացող մի քանի «ֆուռեր»: Եվ հենց այդ հատվածում՝ շուրջ 4 մետր հեռավորության վրա նկատել է սպիտակ միկրոավտոբուս, որը վազանցի մեջ է եղել: Այդ մեքենան ընթանում էր իրեն հանդիման: Ինքը չի հասցրել որևէ գործողություն կատարել, ղեկը հնարավորինս թեքել է դեպի աջ կողնակ, բայց բախումից չի խուսափել: Միկրոավտոբուսը աջ կողնակում հարվածել է իր մեքենայի առաջամասին…

«Օպելի» վարորդը նշել է, որ վթարը տեղի է ունեցել ո՛չ իր մեղքով: «Նիսանի» վարորդը, առանց տեսադաշտ ունենալու, դուրս էր եկել վազանցի…

Տուժողը բողոքել է «Նիսանի» վարորդի դեմ, պահանջել է նրան պատժել օրենքի ողջ խստությամբ:

Տուժողի իրավահաջորդ, վթարից մահացած Կարինե Պ.-ի հայրը նշել է, որ դուստրը տասը տարի ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ դուստրը, վթարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Կարինեի ամուսինը այս վթարից երկու ամիս առաջ էր մահացել Ռուսաստանում՝ նույնպես ավտովթարից… Դեպքի օրը Կարինեն սկեսուրի հետ Երևան էր գնում՝ առողջական խնդիրների պատճառով Երևանում հետազոտվելու…

Կարինեի մահից հետո նրա երկու անչափահաս երեխաները այս վթարի պատճառով երկկողմանի որբացան…

Տուժողի իրավահաջորդները պահանջել են «Նիսանի» վարորդին պատժել օրենքի ողջ խստությամբ…

Գործով տուժողներ՝ Իրանի քաղաքացիները, որ գտնվում էին «Նիսանի» մեջ, հայտնել են, որ երկու բարեկամ ընտանիքներով՝ ամուսիններ ու երեխաները, 2017 թվականի հունիսի 27-ին էին Իրանից ժամանել Հայաստան՝ զբոսնելու: Հայաստանում իրենք տուրիստական գործակալի միջոցով մեքենա են վարձակալել՝ դա եղել է Վիգենը՝ իր «Նիսան» մեքենայով: Վիգենի մեքենայով դեպքից երկու օր առաջ մեկնել էին Սևան:

Հուլիսի 1-ին վերադառնալու էին Իրան: Առավոտյան ժամը 5-ին Վիգենը «Նիսանով» իրենց վերցրել է Երևանի Կոմիտասի պողոտայից, ուղևորվել են դեպի Մեղրի: Պետք է հասնեին Մեղրիի սահմանային անցակետ:

«Նիսանի» ուղևորները հիմնականում քնած կամ կիսաքնած են եղել վթարի պահին, առջևում նստած տղամարդը նկատել է, որ իրենց վարորդը վազանցի է դուրս եկել առանց տեսադաշտ ունենալու…

Իրանցի տուժողները ևս բողոքել են Վիգենի դեմ՝ իրենց մարմնական վնասվածքներ պատճառելու համար, պահանջել են պատժել նրան…

Դատարանը հաշվի է առել, որ Վիգեն Ս.-ն վթարի հետևանքով դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին են կինն ու երկու մանկահասակ երեխաները, որոնցից կրտսերը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերին…

Վիգեն Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել Վիգեն Ս.-ի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Քալանթարյանը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ մեղմացման առումով:

Դեռևս ազատության մեջ գտնվող Վիգեն Ս.-ն վերաքննիչ դատարան ներկայացավ դժվարությամբ տեղաշարժվելով՝ հենակի օգնությամբ:

Վերաքննիչ բողոքը ներկայացնելով՝ փաստաբան Կարեն Քալանթարյանն ասաց, որ իր պաշտպանյալը լիովին գիտակցում է իր գործողությունների հետևանքով առաջացած ծանր հետևանքները: Պաշտպանը խնդրեց հնարավորինս մեղմացնել սահմանված պատիժը. «Ամեն օրն էլ մեծ նշանակություն ունի իմ պաշտպանյալի ընտանիքի համար… Իմ պաշտպանյալը երկրորդ խմբի հաշմանդամ է դարձել, տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, նրան պարտադիր վիրահատության պիտի ենթարկեն, բայց դրամական միջոցներ չունենալու պատճառով վիրահատությունը հետաձգվում է… Վիգենը երկու անչափահաս երեխա ունի…»:

Գործով մեղադրող դատախազ Գայանե Խաչիկյանը նշեց, որ այս գործի առանձնահատկությունն այն է, որ չնայած ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա վարքագիծն ինչքան էլ որ գովելի է եղել, բայց նրա նկատմամբ լուրջ պատիժ է նշանակվել՝ սոցիալական արդարությունը վերականգնելու առումով՝ վթարը շատ ծանր հետևանքներ է ունեցել: Մեղադրողը հիշատակեց, որ մահացել են երկու կանայք՝ հարս ու սկեսուր, որբացել են երկու երեխաներ, քանի որ մահացած Կարինե Պ.-ի ամուսինն էլ երկու ամիս առաջ Ռուսաստանում էր վթարի զոհ դարձել: Որբացած երկու երեխաներից մեկը վթարի արդյունքում նույնպես վնասվածքներ է ստացել: Այդ երեխային հանրապետությունից դուրս են տարել, որ դրսում հետազոտվի, ու քեռին որպես խնամակալ ճանաչվի, այդ պատճառով երեխայի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանն այս գործի շրջանակներում չի որոշվել, մեղադրանքի ծավալի մեջ չի մտել:

Վթարի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև Իրանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են դատաքննության ժամանակ Հայաստան գալուց: Ընդհանուր առմամբ՝ 8 մարդ վնասվածքներ է ստացել: Ողբերգություն են ապրել ընտանիքներ…

Մեղադրողը նշեց նաև, թե առաջին ատյանի դատարանում խոսք էր գնում, որ մահացածների ընտանիքին Վիգեն Ս.-ի կողմից 1 միլիոն դրամ է հատուցվել, բայց այդ առումով տուժող կողմը առաջին ատյանի դատարանում լուրջ տարաձայնություններ է հայտնել, նրանց ներկայացուցիչը հայտնել է, որ քաղաքացիական դատավարության կարգով են վնասների հատուցում պահանջելու:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը նշեց, որ Վիգեն Ս.-ն իր հնարավորության սահմաններում վնասի հատուցման ուղղությամբ քայլեր կատարել է, նրան ևս թանկարժեք վիրահատություն է անհրաժեշտ, բայց նա դրա հնարավորությունը դեռևս չունի…

Վերքաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ: Վիգեն Ս.-ի նկատմամբ սահմանած պատիժը՝ 5 տարի 6 ամիս ազատազրկումը, չմեղմացվեց:

Spread the love