Մանվելը հերթով ծախում էր բոլորին՝ սկսած Վազգեն Սարգսյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով

Manvel Grigoryan

Ելք խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին, լրագրողներին ասել է. «Տղաներն անցան պատերազմով, բայց չհաղթահարեցին նյութապաշտությունը: Աններելի է, բայց մեղքը պետք է նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց այդպիսին»:

Նա ասել է, որ պատերազմի տարիներին Մանվել Գրիգոյանը ոչինչ չուներ, եւ ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 27-ից հետո: «Նա Երեւան եկավ հոկտեմբերի 27-ից հետո: Նրան բերեց Քոչարյանը եւ տվեց գեներալ-լեյտենանտի կոչում: Գեներալ Մանվել Գրիգորյանի երկրապահը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի երկրապահն էր»:

Արամ Սարգսյանի այս խոսքերի ենթատեքստը պարզ է՝ Մանվել Գրիգորյանին «հեռացնել» իր եղբորից եւ ողջ մեղքը դնել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համակարգի վրա: Մյուս կողմից, եթե նա ցանկանում է ամեն ինչ նայել համակարգային կտրվածքով, ինչը ճիշտ մոտեցում է, ապա պետք է սկսեր ամենասկզբից, այլապես ստացվում է նենգափոխում եւ մանիպուլյացիա, որից հայ հանրությունը ներկայում ցանկանում է ձերբազատվել:

Մանվել Գրիգորյանը Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի օրոք ուղարկվել էր հարավային ճակատ՝ «հեղաշրջում» անելու եւ վերցնելու այդ շրջանի ռազմական հրամանատարությունը: Դա այն շրջանն էր, երբ պատերազմին զուգահեռ, երեւանյան իշխանությունը փորձում էր Արցախում հեռացնել դաշնակցականներին:

Մանվելին չհաջողվեց իրականացնել այդ առաքելությունը, պատճառների ու մանրամասների մասին գուցե իրենք՝ այդ շրջանի հրամանատարները երբեւէ կպատմեն: Սակայն Մանվելն իր ստորաբաժանումով մնաց հարավային հատվածում, եւ Արամ Զավենի Սարգսյանը կարող է մեկնել օրինակ Էդիլլու գյուղ եւ հետաքրքրվել, թե ինչով էին այնտեղ զբաղված Մանվելն ու ազգի համար «ո. տվող» Շմայսը:

Կարող է հետաքրքրվել Հորադիզից մինչեւ ՀՀ վարչական սահման Մանվելի դրած շլագբաումներով, Արցախից տարվող թալանի մասշտաբներով եւ այլն: Մինչ ընթանում էր պատերազմը, Մանվելը զբաղված էր «կապիտալի նախնական կուտակմամբ», իսկ տեղական հրամանատարները հանդուրժում էին դա, միայն թե զենք ու վառելիք ստանան ու կռվեն թշնամու դեմ:

Իրավիճակն ի դեպ ոչ միայն հարավային հատվածում, այլեւ ողջ ճակատում փոխվեց այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, եւ նշանակվեց Վազգեն Մանուկյանը: Այդ ժամանակ հայկական ուժերը ստիպված չէին «կռվել երկու ճակատով» եւ կենտրոնացան թշնամուն ջախջախելու վրա: Այդ շրջանում ձեռք բերվեցին հաղթանակները:

Արամ Սարգսյանն այս մասին նույնպես կարող է հարցնել առաջին պատերազմի գումարտակների հրամանատարներին, նրանց, ովքեր պատերազմից հետո համեստ կյանք են վարել եւ չեն զբաղվել «կապիտալի նախնական կուտակմամբ»:

Ինչ վերաբերվում է հետագային: Մանվել Գրիգորյանը հարմար նյութ էր բոլորի համար, եւ բոլորն օգտագործում էին նրան՝ պատելով հերոսական լուսապսակով: Նրան օգտագործեց Տեր-Պետրոսյանի իշխանությունը 1995-ի եւ 1996-ի ընտրությունը կեղծելու եւ ներքին հաշվեհարդարների համար, նրան օգտագործեցին Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույն նպատակներով:

Ինքը Մանվելը հերթով ծախում էր բոլորին՝ սկսած Վազգեն Սարգսյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով, երբ նրա հրաժարականի օրը ուրացավ թե նրան, թե ՀՀԿ-ին:

Այնպես որ, մինչեւ հոկտեմբերի 27-ը, ինչպես ասում է Արամ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանն արդեն ահռելի սեփականության տեր էր: Եվ ժամանակի հետ բազմապատկում էր այն՝ ծառայություններ մատուցելով օրվա իշխանություններին ու դրա դիմաց տնտեսա-քաղաքական քվոտաներ ստանալով

Spread the love