Մասիսի քաղաքապետը ծառայություների մատուցման պայմանագրեր է կնքել իր օգնականի հոր հետ

Bazkator

Hetq.am. Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Մասիսի քաղաքապետարանը տոնին նվիրված միջոցառման կազմակերպման համար նախատեսում է ձևավորել այգին՝ փուչիկներով, խաղալիքներով, ժապավեններով:

Այդ նպատակով քաղաքապետարանի՝ ի դեմս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատեր Վարդան Ղուկասյանի միջև, մայիսի 29-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Այդ պայմանագրի շրջանակներում միջոցառման կազմակերպման նպատակով պետք է ձեռք բերվեն նաև ձայնային տեխնիկա՝ բարձրախոսներ, օդային նկարահանում, տեսահոլովակի պատրաստում և այլն:

Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 850 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ պայմանագրի կողմ հանդիսացող Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնական Էդգար Ղուկասյանի հայրն է: Այսինքն՝ քաղաքապետը պայմանագիր է կնքել օգնականի հոր հետ:Նշենք, որ Էդգար Ղուկասյանը Մասիսի քաղաքապետի օգնականն է դարձել 2016թ. դեկտեմբերի 1-ին:

Քաղաքապետի օգնականի հայր Վարդան Ղուկասյանը Մասիսի քաղաքապետարանին ծառայություններ է մատուցել նաև մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առթիվ: Այդ օրը, ըստ կնքված պայմանագրի, ԱՁ Վարդան Ղուկասյանը պետք է ձեռք բերեր լայնաֆորմատ տպագրություն՝ քառօրյա պատերազմին զոհված տղաների նկարներով:

Բացի այդ, համերգային ծրագրի համար վարձակալեր հնչյունային տեխնիկա, ինչպես նաև իրականացներ նկարահանում: Այս պայմանագիրը կնքվել է մայիսի 25-ին, որի գինը կազմել է 750 հազար դրամ:

Պարզվում է Վարդան Ղուկասյանը նաև համակարգչային սարքավորումների ընթացիկ նորոգման ծառայություններ է մատուցել Մասիսի քաղաքապետարանին: Մասնավորապես՝ հունվարի 24-ին քաղաքապետ Համբարձումյանի և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքվել է պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 500 հազար դրամ:

Spread the love