Մի խումբ նկարիչներ պահանջում են Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը

- in Մշակույթ
Nkarich

Հայաստանի նկարիչների միության մի խումբ անդամներ պահանջում են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը` նշելով, որ միությանը փոփոխություն և կառավարման նոր որակ է անհրաժեշտ:

Երիտասարդ նկարիչները նաև ընդգծում են, որ Աղամյանն, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրվելու համար: Սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն է ներկայացնում այդ հարցի շուրջ:

Միության նախագահի և նրա հրաժարականը պահանջող նկարիչների հանդիպումը  տեղի ունեցավ հունիսի 19-ին Նկարիչների միությունում:

«Համաձայն նկարիչների միության կանոնադրության, որը հասարակական կազմակերպություն է համարվում և ղեկավարվում է հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքով, նկարիչների միության նախագահ ընտրվում է չորս տարին մեկ անգամ: Վերջին ընտրությունները անցկացվել են 2013 թվականին, իսկ 2017-ինոչ, ուստի, այդ ժամանակից սկսած,  միության նախագահը իրավասու չէ լինել այդ պաշտոնում»,</strong>-«Արմենպրես»<strong>–</strong>ի հաղորդմամբ նշեց միության անդամ, քանդակագործ Վահան Գալստյանը:

Նրա խոսքով` նկարիչների միության նախագահը պարտավոր է բարձրագույն մարմնին, որը համագումարն է, ներկայացնել ֆինանսական և գույքային հաշվետվություն ոչ պակաս քան երկու տարին մեկ անգամ. դա նույնպես չի արվել:

Քանդակագործը շեշտեց, որ 2015 թվականից  ի վեր միության անդամ է և նման համագումարի կամ հաշվետվության ականատես չի եղել:

Ի պատասխան դրա` Կարեն Աղամյանն ասաց, որ հաշվետվություններն ըստ կանոնադրության լինում են համագումարի ժամանակ: Վերջին համագումարին եղել  է, ֆինանսական և’ գործունեության հաշվետվություն կլինի նաև հաջորդ համագումարին:

«Արդեն չորրորդ անգամ եմ ըտրվում, և ամեն անգամ  ընտրություններին ավելի շատ ձայներ եմ ստանում: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն ինձ ձայն է տվել:

Ինձ հարցրեցին, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել: Այն պետք է լինի 2018 թվականին: Ես կամ վարչությունը իրավասու չենք որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իմ ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:  Այսօրվա կանոնադրությունը, որով մենք աշխատում ենք, ասում է, որ հինգ տարին մեկ համագումար պետք է լինի»,-ընդգծեց Աղամյանը:

Լրագրողի այն փաստարկին, որ  Հայաստանի նկարիչների միության հասարակական կազմակերպության 2015 թվականի կանոնադրության մեջ   գրված է, որ կազմակերպության նախագահն ընտրվում է համագումարի կողմից չորս տարի ժամանակով Աղամյանը պատասխանեց, որ իր ձեռքում 2018 թվականի կանոնադրություների մասին նոր թուղթ կա,  որում գրված է, որ համագումրը պետք է լինի հինգ տարին մեկ անգամ:

Աղամյանի ձեռքի տակ եղած կանոնադրությունը նայելուց հետո բողոքող նկարիչներն ասացի, որ այնտեղ նշված է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով կազմակերպությունները պետք է ղեկավարվեն իրենց կանոնադրությամբ, բայց  այն պետք է չհակասի օրենքին:

«Այդ օրենքը, որ ընդունվել է 2017 թվականին, փաստում է, որ մինչև հինգ տարին ժամկետում պետք է անցկացվի համագումար: Չափը պետք է որոշեն կազմակերպությունները: Կանոնադրության համաձայն` նկարիչների միությունը որոշել է չորս տարին մեկ անցկացնել համագումար»,-ընդգծեց Վահան Գալստյանը:

Աղամյանը պնդեց, որ Հայաստանի Հասարակական կազմակերպությունների մասին օրենքով մինչև հինգ տարի ժամկետում սահմանված են միության նախագահի լիազորությունները: «Դուք տեսաք 2018 թվականի այն կանոնադրությունը, որը դեռ վարչությունը չի հաստատել, սա էսքիզ է, պետք է քննարկվի, այնուհետև ուղարկվի հաստատման»,-ասաց Աղամյանը:

Հանդիպման ավարտին Աղամյանի հրաժարականը պահանջող նկարիչներն ասացին, որ ցանկալի է` միության նախագահը իր հրաժարականը ստորագրի մինչև սույն թվականի հունիսի 25-ը, հակառակ դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն: Իսկ մինչ այդ ոչ մի ակցիա չեն իրականացնի և չեն խոչընդոտի Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսի իրականացմանը, որը կբացվի հունիսի 22-ին:

Spread the love