Մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է

- in Մշակույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններում, դրանց տարածքում և պահպանական գոտիների համակարգում քաղաքաշինական որևէ գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, ըստ անհրաժեշտության դիմելով նաև համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին:

Նախարարությունը, հիշեցնելով, որ բնագավառը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի դրույթներով և դրանցից բխող ՀՀ կառավարության որոշումներով սահմանված կարգով, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն նշված օրենքի՝ Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (hոդված 16), Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի ՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19),

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

…Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ (հոդված 21):

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա, Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 22), Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ, Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30):

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ անձանց, մարմիններին առաջարկում է օրենքին մանրամասնորեն ծանոթանալով, ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր միջավայրի և ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել ևօգնել նախարարությանը իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում:

ՀՀ Մշակույթի նախարարություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20