Յուրաքանչյուր խմբակցությունից՝ 4 հոգի. Պայմանավորվել են՝ ընտրությունները կանցկացվեն ապրիլ-մայիսին

- in Մամուլ
Yntrutyun

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբը ձևավորման փուլում է և հաջորդ շաբաթվա ընթացքում, ամենաուշը մինչև ամսվա վերջ կամբողջանա։

Որոշվել է խորհրդարանական 4 խմբակցություններից 4-ական ներկայացուցիչ ընդգրկել՝ խմբակցության ղեկավարները և 3-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ն արդեն որոշել է իր ներկայացուցիչներին՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյան, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան:

«Ծառուկյան դաշինքից» դեռևս 2 անուն է հայտնի՝ Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան, «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, ՀՅԴ-ից դեռ չեն որոշել։ Խմբի աշխատանքները համակարգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով նախնական հանդիպումներ է ունեցել օրենսդիրի ներկայացուցիչների հետ և տեղեկացրել, որ առաջարկ կա՝ իջեցնել անցողիկ շեմը․ կուսակցությունների դեպքում 5-ից դարձնել 3, իսկ դաշինքների դեպքում՝ 7-ից` 5 տոկոս։ Առաջարկը, սակայն, միանշանակ չի ընկալվել՝ այն հակադարձմամբ, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն մարդ-կուսակցությունների համար։

Ի դեպ, տեղեկություն կա, որ սեպտեմբերից մեկնարկելիք հանդիպում-քննարկումները կտևեն մինչև հաջորդ տարվա փետրվար։ Պայմանավորվել են՝ այդ ժամանակ հայտարարել ԸՕ-ի աշխատանքների ավարտի մասին, իսկ ընտրություններն անցկացնել ապրիլ-մայիսին, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց պայմանավորվածությունների մասին տեղեկությունը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20