Նախորդ գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. Ոստիկանության կոչը վարորդներին

- in Պաշտոնական
Ashot Aharonyan

Երթեւեկության կանոնները խախտելու համար հունիսի 14-ի գիշերը ոստիկանները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 32 ավտոմեքենա, որոնցից 18-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և  լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ, նախազգուշացմամբ:
Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում:

Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այսանթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:
Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:
Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք»,- գրել է Ահարոնյանը:

Նրա խոսքովգոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով:
«Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:
Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը: Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին»,- գրել է Ահարոնյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20