Նիկոլ Փաշինյանը պետք է ոչնչացնի այդ պետությունը

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում պետությունն ապրել է մի քանի չափումներում ու մի քանի իրականություններում։

Մի իրականությունում ապրել է հասարակությունը, ապրել է չարքաշ կյանքով, հանապազօրյա հաց վաստակելու խնդրով, ապրել է իշխանական ամենաթողության ու անարդարության պայմաններում, ապրել է նվաստացած։ Մեկ այլ իրականություն եղել է քարոզչական իրականությունը, իշխանության կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստաիրականությունը, որտեղ ամեն ինչ ներկայացվել է վառ գույներով՝ էլ ավելի սրելով հասարակության ֆրուստրացիան։

Գուցե հենց այդ երկու՝ իրարամերժ ու իրարասպան իրականություններն էլ հայկական հեղափոխության ու հասարակության արթնացումի իրական պատճառներն էին։ Բայց երկակիությունը չի վերաբերել միայն իրական ու վիրտուալ իրականություններին։ Երկակիությունը գործել է նաև քաղաքական ու պետական կառավարման համակարգերում։ Ֆորմալ՝ իրավական, սահմանադրական պետական կառավարմանը զուգահեռ՝ տասնամյակներ շարունակ գործել է ոչ ֆորմալ համակարգ՝ սկսած տնտեսությունից, մինչև դատաիրավական ու արդարադատության համակարգեր։

Տնտեսական հարաբերությունները կարգավորվել են ոչ թե շուկայի կանոններով, այլ քվոտաներով, վեճերը կարգավորվել են ոչ թե արբիտրաժներում ու դատարաններում, այլ «պախանի» ինստիտուտի միջոցով, արդարադատություն իրականացրել են ոչ թե իրավապահ մարմինները, այլ քրեական հեղինակությունները։ Շարքը կարելի է երկար շարունակել։

Խնդիրն այն է, սակայն, որ իշխանությունը բովանդակային առումով հիմնվել է հենց այս՝ ոչ ֆորմալ ինստիտուցիայի վրա, որը գործել է թեև ֆորմալ կառուցակարգերին զուգահեռ, բայց դրանցից շատ ավելի արդյունավետ։ Այս ոչ ֆորմալ համակարգը ընդգրկել/ընդգրկում է տասնյակ, եթե ոչ՝ հարյուր հազարավոր մարդկանց։ Ընդ որում, շատ հաճախ ֆորմալ համակարգերի նոմինալ ներկայացնողները՝ պաշտոնյաները, զուգահեռ համակարգի կարկառուն դեմքեր են եղել ու կան։

Եվ ահա, հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը աշխատում և աշխատելու է այս զուգահեռ իրականություններում, իրականությունում, որտեղ դեռևս իներցիայի ու շահերի ինստիտուտի պատճառով գործելու է ոչ ֆորմալ հարաբերությունների նորմը։ Այս զուգահեռ համակարգը կազմաքանդելը շատ ավելի բարդ է, քան պետական կառավարման համակարգի երևացող դեմքերի փոփոխությունը, որովհետև այս զուգահեռ համակարգը ոչ միայն ու ոչ այնքան ֆիզիկական սուբստանցիա է, այլ նստած է մարդկանց հոգեբանության, աշխարհընկալման մեջ։ Իսկ այդ հարթությունում հեղափոխություն ու փոփոխություններ իրականացնելը շատ ավելի բարդ է։

Իհարկե, ֆորմալ համակարգում փոփոխություններն ազդելու են նաև ոչ ֆորմալ համակարգի գործունեության վրա, բայց այնպես չէ, որ վերջինս դադարելու է գործել միանգամից։ Դրա գործել-չգործելու ամենատեսանելի թեստը կլինի, թերևս, արտահերթ ընտրությունը։ Ընտրությունն այդ ոչ ֆորմալ համակարգի կենսապահովման հիմնական ակտերից մեկն է եղել։ Չմոռանանք, որ վերջին տարիներին, տասնամյակներում Հայաստանում ձևավորվել էր նոր մասնագիտություն՝ ընտրակեղծարարություն, որով ապրում էին ու են տասնյակ հազարավորներ։ Դա միայն ընտրության օրը տրված ընտրակաշառքը չէր ու չէ, դա հատկապես օլիգարխիայի ու քրեական աշխարհի համար ինդուլգենցիաների ինստիտուտն է, որի ամեն նոր չափաբաժինը նրանք ստանում էին ամեն ընտրությունից առաջ ու հետո։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այսպիսով, կառավարման ֆորմալ համակարգի վերափոխմանը զուգահեռ, իսկ գուցե դրանից առաջ, պետք է կարողանա կազմաքանդել այդ ոչ ֆորմալ հարաբերությունների ինստիտուտը։ Դրա ամենատեսանելի հատվածը, իհարկե, օլիգարխիան է, որի դեմ առարկայական պայքար կարծես սկսվել է։ Բայց պետությանը զուգահեռ գործող ոչ ֆորմալ համակարգը միայն օլիգարխիայով չի սահմանափակվում։ Օլիգարխիան այդ համակարգի տեսանելի շերտն է։

Մյուս շերտերը գուցե ավելի խորն են, դրանք այն շերտերն են, որոնք Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության արդյունքում կամ հետևանքով ձևավորել են պետություն պետության մեջ։ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչնչացնի ահա այդ պետությունը։

Spread the love