Նիկոլ Փաշինյանի հայտարարելուց հետո Արցախում բողոքի ցույցերը դադարեցվեցին

- in Կարծիք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով անդրադարձել է երեք օր շարունակ Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերին:

«Ես ուշադիր հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,-ասել է Փաշինյանը` եղբայրաբար խնդրելով, որպեսզի Ստեփանակերտում բողոքի գործողությունը դադարեցվի, առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները:

Նիկոլ Փաշինյանը ցուցաբերել է պետական գործչին հատուկ հասունություն և ստեղծված իրավիճակում կատարել է այն երկու անհրաժեշտ քայլերը, որոնք կարող էր անել Հայաստանի ղեկավարը. նա, ըստ էության, զորակցել է նախագահի Բակո Սահակյանին և միջավայր է ձևավորել նրա ու ցուցարարների երկխոսության, բարեփոխումների իրականացման համար:

Արցախի իրադարձությունների ֆոնին փորձագիտական շրջանակներում և սոցիալական ցանցերում հնչում էին երկու հակադիր, սակայն նույնքան վտանգավոր կարծիքներ:

Առավել պոպուլյար էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Արցախում կրկնելու կոչը, որի հեղինակներն ակնհայտորեն հաշվի չեն առնում ԼՂՀ ռազմա – քաղաքական առանձնահատկությունները, անգամ այն հանգամանքը, որ Արցախում մինչև այսօրչեղարկված չէ 90-ականներից գործող արտակարգ դրության ռեժիմը: Հեղափոխական փորձարկումներն ակնհայտորեն տեղ չունեն փաստացի պատերազմի մեջ գտնվող Արցախում, որտեղ քաղաքական անտագոնիզմը, հասարակության երկփեղկումը կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել ներքին կայունության և ԼՂՀ անվտանգության համար:

Մյուս ծայրահեղ մոտեցման կողմնակիցներն, ըստ էության, հանդես են գալիս Արցախում ստատուս-քվոն ամրագրելու կամ իրավիճակը կոնսերվացնելու օգտին: Այս մոտեցումը նույնքան վտանգավոր է, որովհետև իրավական բեսպրեդելը և անարդարությունը հանգեցնում են հասարակության օտարմանը պետությունից և Արցախի հայաթափմանը` դրանից բխող կատաստրոֆիկ հետևանքներով:

Արցախում ճգնաժամի հաղթահարման միակ բանալին իշխանությունների և հասարակության կոնսենսուսն է, որի արդյունքում հնարավոր է իրականացնել էվոլյուցիոն փոփոխություններ: Հենց նման լուծման է կարողացել հասնել Նիկոլ Փաշինյանը` հանդես գալով Արցախի իշխանությունների և հասարակության երկխոսության ու բարեփոխումների երաշխավորի կարգավիճակում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:

«Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է այս որոշմանը. «Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները: Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ»։

Արցախի իշխանությունները և հասարակությունը ցուցաբերեցին քաղաքացիական բարձր գիտակցություն` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռացիոնալ միջնորդության շնորհիվ հաղթահարելով վերջին օրերի ճգնաժամը:

Արցախի արդիականացման համար հիմա պատեհ ժամանակաշրջան է. եթե դեռ ամիսներ առաջ Հայաստանից Արցախ էր «ներմուծվում» ավտորիտար մշակույթ, ապա հիմա թավշյա հեղափոխության հզոր էներգետիկան կարող է Արցախի իշխանության բարեփոխման և հասարակության սուբեկտության վերականգնման ազդակ դառնալ:

 

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ու Ստեփանակերտի հանրահավաքի կազմկոմիտեի դրան արձագանքելուց հետո կարող ենք անել մի քանի եզրակացություն: Առաջին, որ Արցախում իրադարձությունների զարգացումը առնվազն այս փուլում որևէ կերպ չխաթարեց չճանաչված այդ պետության կայունությունը՝ ի հեճուկս դրա վերաբերյալ աղմուկ-աղաղակի, որ բարձրացնում էին տարբեր շրջանակներ Երևանում: Երկրորդ՝ Արցախի իշխանությունն ու ցուցարարները առնվազն կարողացան գալ միջանկյալ պայմանավորվածության, իսկ Երևանն էլ, ըստ էության, իրեն վերապահեց ոչ թե լուծումներ պարտադրելու որոշում՝ ինչպես հորդորում էին Նիկոլ Փաշինյանին որոշ երևելի գործիչներ, այլ պարզապես արձանագրեց այդ պայմանավորվածությունը և ըստ էության՝ նաև անուղղակիորեն ստանձնեց որոշակի երաշխավորություն դրանց իրականացման համար:

Համենայնդեպս, եթե այժմ Արցախի իշխանությունն իրապես չգնա փոփոխությունների ու ներքին կյանքի շոշափելի թարմացման, կառավարման արդյունավետության և համերկրային համերաշխությանն ուղղված կոնկրետ քայլերի, ապա դրանով, փաստորեն, անհարմար դրության մեջ դրած կլինի նաև Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Երրորդն, այդ առումով, Նիկոլ Փաշինյանի հեղինակության արձանագրումն էր նաև արցախյան մասշտաբով, որ արձագանք գտավ ցուցարարների շրջանում, և այստեղ, իհարկե, անհրաժեշտ է անդրադառնալ այդ հանգամանքի մեկ այլ ասպեկտի, որն արդեն առնչվում է բոլորովին այլ հարցի՝ Հայաստանի ու Արցախի արտաքին քաղաքական խնդիրներին:

Փաշինյանի կոչն ու հանգուցալուծումը առնվազն այս փուլում, վկայելով նրա հեղինակության մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, ըստ էության, բավականին ամրացնող գործոն դարձան արցախյան խնդրում նրա դիրքորոշումների մասով, որ մայիսի 9-ին հնչել էին Ստեփանակերտում, և որքան էլ տարօրինակ չհնչի՝ տարակուսանքի էին արժանացել Հայաստանում, թե այդ կոչերը կարող են չընկալվել միջազգային ասպարեզում: Միջազգային ասպարեզում չի կարող չընկալվել դիրքորոշում, որը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի հանրության վստահությունը վայելող գործիչը: Եվ այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իրենով մեծ միջազգային լեգիտիմություն է հաղորդում նաև Արցախի իշխանությանը՝ այս առումով ինքն էլ գնդակը թողնելով պաշտոնական Ստեփանակերտի դաշտում:

Եվ ըստ այդմ՝ քայլերը, որոնք ակնկալվում են Արցախի իշխանությունից ներքին փոփոխությունների ուղղությամբ, իրականում միայն ներքին նշանակության քայլեր չեն, այլ ունեն նաև արտաքին մեծ նշանակություն՝ թեկուզ անուղղակի, բայց շոշափելի կշիռ ընդհանուր Հայաստան-արցախյան արտաքին քաղաքական ռազմավարության համատեքստում: Հետևաբար, Արցախի իշխանությունը իրավիճակին պետք է մոտենա հենց այդ տեսանկյունից՝ օգտագործելով եթե ոչ պատմական, ապա առնվազն այս փուլում էական հնարավորությունը, որ ընձեռվում է ներկայումս:

Spread the love