Նորատուսցի Ալիկի գործով նիստին ներկա էր նաև «Քանաքեռցի Տույը», ում անունը ևս կապվում է արյունոտ ռազբորկայի հետ

- in Իրավունք
Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Դատական այս նիստը բացառիկ էր նախ՝ դահլիճի բազմամարդությամբ: Ինչքան որ մարդ կար նստած, մի այդքանն էլ կանգնած էր դահլիճում՝ կուռ, սևազգեստ շարքերով, մի այդքանն էլ դրսում էր սպասում:

Հիմնականում երիտասարդ տղամարդիկ՝ Նորատուսցի Ալիկի, Չարբախցի Գեղամի բարեկամները, համակիրներն ու «երկրպագուները» ակնհայտորեն լուրջ սպասումներ ունեին այս նիստից: Ներկա էր նաև «Տույը», ով այս գործով նույնպես հիշատակվել է:

Նիստի սկիզբը սովորական ընթացք ուներ՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը երկու փաստաթուղթ ներկայացրեց ու միջնորդեց դրանք կցել քրեական գործին: Դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:

Այս փաստաթղթերի ներկայացումը նորից պատճառ դարձավ, որ պաշտպանական կողմը պնդի՝ նախաքննության ընթացքում կատարված գաղտնալսումներն ու դրանց վերծանումները  պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվեն:

Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նախագահողին հորդորեց մինչև վերջնական դատական ակտ կայացնելու համար խորհրդակցական սենյակ մտնելը անդրադառնալ գաղտնալսումների ու դրանց վերծանումների՝ որպես ապացույց օգտագործելու  անթույլատրելիության հարցին, որպեսզի կողմերը իրենց ճառերում իմանան՝ որ ապացույցներին են անդրադառնալու:

Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ գաղտնալսումները թույլատրելու միջնորդությունը, դատարանի կայացրած որոշումը պաշտպանական կողմին հասու չեն եղել գործի ամբողջ քննության ընթացքում, այդ պատճառով չեն կարողացել դրանք ժամանակին բողոքարկել:

Նախագահողը Երեմ Սարգսյանին հիշեցրեց, որ դատարանը արդեն որոշում կայացրել է ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ միջնորդությունների լուծումը հետաձգելու մասին՝ այդ միջնորդություններին դատարանը լուծում կտա վերջնական դատական ակտ կայացնելուց առաջ՝ խորհրդակցական սենյակում:

Պաշտպան Միհրան Պողոսյանը  դժգոհ մնաց նախագահողի արտահայտությունից՝ «դատարանը արդեն որոշում կայացրել է»: Մ. Պողոսյանն ասաց. «Ստացվում է՝ դատարանն անսխալական է… Միջնորդում եմ, որ դատարանը վերանայի իր կայացրած որոշումը…»:

Պաշտպանը նշեց, որ գաղտնալսումները թույլատրելու հիմքերը պաշտպանական կողմի համար «գոյություն չունեցող երևույթ է, իսկ մեղադրանքի կողմը այդ «գոյություն չունեցող բանը» ներկայացրել է որպես «հաստատված բան». «Դատարանին խնդրում եմ իր գործողություններով իր անսխալականության տպավորությունը  չստեղծել ու օգտվել իր իսկ կայացրած որոշումը վերանայելու հնարավորությունից»,- պնդեց Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը նաև նախագահողին հորդորեց վերանայել Պետրոս Իսրայելյանի կնոջը սեփականության իրավունքով պատկանող մեքենան ու գեղեցկության սրահի նկուղային մասը սեփականատիրոջը վերադարձնելու որոշումը ՝ հիշյալ գույքը վարույթն իրականացնող մարմնի տնօրինման տակ պահելու իմաստ այլևս չկա, իսկ սեփականատիրոջը չվերադարձնելու յուրաքանչյուր օր գույքն արժեզրկում է: Գործով քաղհայցի պահանջ ներկայացված չէ, հիշյալ գույքը անհրաժեշտ է վերադարձնել սեփականատիրոջը:

Նախագահողը կտրուկ արձագանքեց. «Տպավորություն է ստեղծվում, որ պաշտպանական կողմը դատաքննությունը ձգձգելու միտում ունի… Ձեր առարկությունները՝ հորդորների տեսքով, արձանագրվեցին, բայց դատարանը կայացրել է որոշումները՝ ձեր միջնորդություններին դատարանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ վերջնական դատական ակտ կայացնելուց առաջ»:

Պաշտպան Երեմ Սարգսյանը պահանջեց, որ դատարանն իրեն ներկայացնի անցած դատական նիստին Նորատուսցի Ալիկի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշումը:

Դատական նիստն ընդմիջվեց, փաստաբանին ներկայացվեց հիշյալ որոշումը:

Դատական նիստի երկրորդ մասն էր, որ լի էր անակնկալներով:

Նորատուսցի Ալիկի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե նորից հանդես է գալիս իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությամբ, այս անգամ միջնորդում է իր պաշտպանյալին ազատ արձակել հանրապետությունում մեծ ճանաչում վայելող մի խումբ անձանց անձնական երաշխավորությամբ: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալին  կալանքի տակ պահելու մեկ հիմք է դատարանը նշել՝ որ նա ազատության մեջ գտնվելով՝ կարող է թաքնվել քննությունից: Դատարանը նույնիսկ վստահելի չի համարել իրենց առաջարկած գրավով՝ 50 միլիոն դրամի չափով, Ալիկ Բանդուրյանին ազատ արձակելը, դատարանը գտել է, որ որևէ գումար չի կարող ապահովել Ալիկ Բանդուրյանի պատշաճ վարքագիծը՝ ազատություն դուրս գալու դեպքում: Երեմ Սարգսյանն ասաց. «Մենք ավելի բարձր երաշխիք ենք ուզում տրամադրել՝ մի խումբ հեղինակավոր մարդկանց անձնական երաշխավորությունները: Նրանք ՀՀ-ում բարձր վստահություն վայելող մարդիկ են, ԱԺ տասը պատգամավորներ՝ «Ելք» խմբակցությունից՝ Սասուն Միքայելյանը, «ԲՀԿ» խմբակցությունից՝ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արթուր Մանուկյանը»:

Պաշտպանը նշեց՝ վերոթվարկյալ  անձինք իրենց խոսքով ու ստորագրությամբ երաշխավորել են, որ Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, ազատություն դուրս գալուց հետո պատշաճ վարքագիծ կդրսևորի, նրանք իրենց երաշխավորագրում նշել են. «Մենք՝ ներքոստորագրյալներս, ամենայն պատասխանատվությամբ երաշխավորում ենք, որ Ալիկ Բանդուրյանն ազատության մեջ լինելու դեպքում որևէ կերպ չի խոչընդոտի քննությանը, չի դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ… Նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում է…»:

Պաշտպանը նշեց, որ հիշյալ «ներքոստորագրյալ» պատգամավորները «մեծ վստահություն են վայելում» հասարակության մեջ, եթե նրանք վստահ չլինեին, իրենց անձնական երաշխավորությունը չէին տա…

Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը առարկեց այս միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը Ալիկ Բանդուրյանի խափանման միջոց կալանավորումը չփոխելով՝ հաշվի է առնում ոչ միայն կալանավորման հիմքերի առկայությունը, այլև այն ակտիվ դերը, որ Ալիկ Բանդուրյանն ունեցել է քննվող հանցավոր արարքի կատարման գործում:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Եթե միջնորդությունը բավարարվեր, տասը պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է վճարեր 500 հազար դրամ, ընդհանուրը կստացվեր՝ 5 միլիոն դրամ: Բայց դատարանը վստահելի չէր համարել անգամ նախորդ միջնորդությամբ առաջարկված 50 միլիոն դրամը՝ որպես գրավ: Բացի այդ՝ դատարանը բավական անկախ կեցվածք ուներ և նույնիսկ տասը պատգամավորների երաշխիքի խոսքերը հնարավոր է՝ դատարանին չհամոզեին…

Մեկուկես ժամ անց դահլիճը նորից լցվեց  Ալիկ Բանդուրյանի ազատմանը անհամբեր սպասող տղամարդկանց հոծ շարքերով: Նրանք ակնհայտորեն համոզված էին, որ դատարանը չի կարող մերժել «ներքոստորագրյալ» պատգամավորներին՝ այնպիսի մարդի՜կ են խառնվել, որ…

Բայց նախագահող Նելլի Բաղդասարյանը բավական վստահ ու խստաբարո ձայնով մերժեց ԱԺ տասը պատգամավորների անձնական երաշխավորությամբ Ալիկ Բանդուրյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ սառը ջուր մաղելով դահլիճը բերնեբերան լցրած տղամարդկանց վրա: Լսվեցին ոչ միայն դժգոհության արտահայտություններ, այլ նաև ավելի թունդ խոսքեր, բայց քանի որ դահլիճն ապակեպատ է, այդ խոսքերը դատավորին ու մեղադրողին չհասան:

Դահլիճը կամաց-կամաց դատարկվեց: Դատարանի առջևից երկար ժամանակ ծորում էր Նորատուսցի Ալիկի ազատվելուն ականատես լինելու համար ներկայացածների մեքենաների հոսքը:

Հաջորդ դատական նիստին Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը միգուցե հանդես գա դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Բայց հնարավոր է նաև, որ այդպիսի միջնորդություն չարվի, քանի որ դրա լուծումը ավելի քան ակնհայտ է…

Spread the love