Նոր իրավիճակում ռեաբիլիտացիայի ռեսուրս չունեն ոչ ՀՀԿ-ն և ոչ էլ ԵԿՄ-ն

Վերջին երկու օրերին ԵԿՄ-ում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում միության վարչության փոխնախագահները և «Ազատամարտիկների դաշինք» միավորման անդամները փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակից: Քննարկումները, սակայն` մեր կարծիքով, ընթանում են միանգամայն ոչ ռացիոնալ օրակարգով: ԵԿՄ-ն սկզբունքորեն չի կարող ռեստավրացվել, եթե նույնիսկ գեներալ Մանվել Գրիգորյանի փոխարեն միության նախագահ ընտրվի բյուրեղյա մաքրություն և սկզբունքայնություն ունեցող հրամանատար:

Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ սկզբունքորեն ճիշտ էր, երբ հրապարակավ հրաժարվեց ԵԿՄ նախագահ դառնալու առաջարկությունից` նկատելով, որ միությունը առաքելություն չունի:

Այս օրերին Երկրապահում քննարկումների հավաքվող հրամանատարները սկզբունքորեն չեն գիտակցում ստեղծված նոր իրավիճակի առանձնահատկությունները:

Մանվել Գրիգորյանի հետ կատարվածն ավելի գլոբալ ենթատեքստ ունի և, ըստ էության, հետևանք է իշխանության և Երկրապահի փոխգործակցության արատավոր մոդելի, որն ճիշտ այնքան կյանք ունի, որքան` ԵԿՄ-ն:

Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո իշխանությունները նախադրյալներ չեն ստեղծել հասարակություն դրա մասնակիցների բնականոն վերադարձի համար: Պատերազմ մեկնած հազարավոր տղաներ վերադարձան միանգամայն այլ երկիր, որտեղ արդեն օբյեկտիվորեն տեղի էր ունեցել հասարակության սոցիալական շերտավորում: Նման իրավիճակումպետության թիրախավորված սոցիալական քաղաքականության բացակայության պարագայում, դաշտային հրամանատարներից յուրաքանչյուրը վերցրեց այն, ինչ կարողացավ: ԵԿՄ-ն, ըստ էության, այսպես կոչված ռազմական վերնախավի ֆորմալացման, ինստիտուցիոնալիզացիայի դրսևորում էր: Ձևավորվում էր Երկրապահի էլիտա, որն անխուսափելիորեն մաս պետք է կազմեր իշխանության էլիտային:

Վազգեն Սարգսյանը բարձր արժեքների, գաղափարի կրող էր, ինչի հետևանքով Երկրապահի էլիտան մինչև նրա սպանությունը կատարում էր այն առաքելությունը, որը կանոնսդրորեն դրված էր միության վրա: Մինչև 1999թ-ը միանգամայն այլ էր նաև պետության որակը: Չնայած 90-ականների կեսերից` համակարգատեղծ բարեփոխումներն, ըստ էության, դադարեցվեցին, սակայն պետության դիսկրիմինացիան տակավին չէր հանգեցրել գողապետության ձևավորմանը:

Գողապետության հիմքերը դրվեցին հենց Հոկտեմբերի 27-ով: Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Հայկազ Բաղմանյանը, մյուսները սկզբունքորեն կարող էին չվերածվել հրեշների, եթե ավելի ցիվիլ համակարգը «խմբագրեր» նրանց վարքագիծը: Սակայն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետությունը նույնացնում էին սեփական գրպանի հետ և գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական, ռազմական էլիտաների հետ նրանց փոխգործակցության միակ բանաձևը կարող էր դառնալ կոռուպցիոն կոմպրոմիսը:

Այդպես ձևավորվեց քրեաօլիգարխիան, որի հետ շատ արագ կոմպրոմիսի գնացին Անդրանիկ Մարգարյանի ՀՀԿ-ն և Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ն` դառնալով նրա քաղաքական ցուցանակը և, այսպես կոչված, պսևդոհայրենասիրական դիմակը:

Դրանից հետո կորել են այս կառուցերի բարոյական, քաղաքական կապը դրանց երբեմնի առաջնորդ լուսահոգի Վազգեն Սարգսյանի հետ:

Նոր իրավիճակում ռեաբիլիտացիայի ռեսուրս չունեն ոչ ՀՀԿ-ն և ոչ էլ ԵԿՄ-ն, որոնք մնացել են քրեաօլիգարխիայի փլատակների տակ:

ԵԿՄ արտակարգ համագումարում որոշում է կայացվել դադարեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորություները, որը վերջնական կհասատվի հունիսի 24-ին կայանալիք վարչության նիստում։

ԵԿՄ-ի աշխատանքները ժամանակավորապես կստանձնեն կառույցի փոխնախագահները։

Որոշվել է նաև դադարեցնել կառույցի ֆինանսատնտեսական աշխատանքները։

Հրամանատարները, անկասկածազնիվ մղումներով, կարծում են, թե հնարավոր է վերականգնել միության երբեմնի հեղինակությունն ու ազդեցիկությունը Մանվել Գրիգորյանի անունը ջնջելով:

Իրավիճակի ոչ ադեկվատ ընկալում է, որովհետև ԵԿՄ-ի «վերածնունդ» հնարավոր է միայն քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման դեպքում, ինչը գործնականում բացառվում է: Նոր կառավարությունն այլևս մտադիր չէ հանդուրժել հատուկ կարգավիճակ ունեցող արտոնյալ կազմակերպությունների գոյությունը: Պետության և հասարակական սեկտորի հարաբերությունների նման բանաձևն անխուսափելիորեն ծնում է կոռուպցիոն ռիսկեր` անկախ այն հանգամանքից, թե ովքեր կստանձնեն ԵԿՄ ղեկը:

Պետությունն ունի ծառայություններ, ինստիտուտներ, որոնց միջոցով կարող է լուծում տալ ազատամարտիկների սոցիալական խնդիրներին, հանրային միջավայրում կազմակերպել հայրենասիրական դաստիարակությունը: Ավելինդրանք գործառույթներ են, որոնք պետք է կազմակերպվեն ոչ թե, այսպես կոչված, սիրողական «մաուզերիստական», այլ` պետական մակարդակով:

Գլոբալ իմաստովՀայաստանին բանակ է պետք պրոֆեսիոնալ, ուժեղ, պայմանագրային, որն ունի մշտապես պատրաստ պահեստազոր: Հենց դրա վրա է մտադիր կենտրոնանալ նոր կառավարությունը` ԵԿՄ-ի թեման համարելով փակված:

Spread the love