Շարունակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան ախոռները՝ պահպանելով այդ ախոռները սնած ռուսական ազդեցությունը

Այսօր Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում:

Սա կարևոր, չափազանց կարևոր իրադարձություն է Հայաստանի համար՝ հունիսի 1-ից հետո, երբ մոտ 80 տոկոսով ուժի մեջ է մտել Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը և դեռևս անհայտ ամսաթվից առաջ, երբ ԵՄ-ի բոլոր 28 երկրները կվավերացնեն այն, և փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ամբողջությամբ։

Հունիսի 21-ին տեղի ունեցած այդ կարևոր միջացառումից հետո ԵՄ գործընկերության խորհուրդը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իր աջակցությունն է հայտնել Հայաստանին կարևորագույն գրեթե բոլոր ուղղություններով՝ ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը:

Եվրամիությունը, ըստ նույն հաղորդագրության, ողջունել է Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը պայքարել կոռուպցիայի դեմ և այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները, ինչպես նաև վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական և ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության և սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:

ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման և դիտարկման հարցում:

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնել նաև բազմաթիվ այլ ուղղություններով, այդ թվում՝ վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Գրեթե նույնաբովանդակ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել նաև Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման մասին, որում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը աջակցություն է հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես էլ արտաքին օժանդակության հարցով։

Այլ կերպ ասած, ի լրումն թավշյա հեղափոխությունից հետո հղված շնորհավորանքների ու դրանցում ընդգծված քաղաքական աջակցության, այսօր ԵՄ-ն նաև ինստիտուցիոնալ մակարդակով է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին, որը դիվանագիտական լեզվից թարգմանությամբ կարելի է վերծանել որպես թավշյա հեղափոխությանը, նրա առաջնորդներին ուղղված անվերապահ աջակցություն՝ հեղափոխության հռչակած նպատակներն իրագործելու հարցում։

Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գոնե այցերի ու հայտարարությունների մակարդակում առավելապես ուղղված է եղել դեպի Ռուսաստան, Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորության մասին արձանագրումների մեծ մասն արվել է հայ-ռուսական հարաբերությունների կարևորության շեշտումից հետո միայն։

Ահա այս պայմաններում, առայժմ միայն Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի տեսանելի քայլերի պայմաններում Եվրամիությունը շարունակում է անվերապահ աջակցություն հայտնել Հայաստանին՝ ինչպես ներքին բարեփոխումների, այնպես էլ արտաքին կարևորագույն խնդրի՝ ԼՂ-ի հիմնահարցի կարգավորման հարցում։
Բազմիցս նշել ենք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր ձևով և բովանդակությամբ, արժեքներով ու սկզբունքներով ամբողջությամբ եվրոպական քաղաքակրթությանը հարիր գործողություն էր, և որ դրանով Հայաստանը մեծագույն քայլ կատարեց դեպի արևմտյան քաղաքակրթական ու քաղաքական ընտանիք։

Սակայն այդ կարևորագույն քայլից բացի ու դրանից հետո անհրաժեշտ է դրա ամրագրումը նաև քաղաքական գործողությունների ու նախաձեռնությունների մակարդակում։ Որքան էլ զգուշավորությունից, հիմնավոր ու օբյեկտիվ զգուշավորությունից ելնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է ամենամեծ ուշադրությունը դարձնել հայ-ռուսական հարաբերություններին, միևնույն է, իր իսկ իրականացրած հեղափոխությունը, Հայաստանի ազատագրումը նախկին ռեժիմից՝ իր էությամբ ու ֆունկցիայով հակառուսական գործողություն է և այդպես էլ ընկալվում է Կրեմլի կողմից։

Հայաստանը ազատագրած գործիչն ու իշխանությունը չի կարող այլ կերպ ընկալվել Մոսկվայում, քանի որ ազատ ու ինքնիշխան Հայաստանը Մոսկվայի պլանների մեջ չի մտնում և հակասում է նրա կայսերապաշտական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը։

Եվ ահա այս պայմաններում Բրյուսելի անվերապահ աջակցությունը Հայաստանի իշխանությանը չափազանց կարևոր է։

Հիմա, ինչպես ընդունված է ասել, գնդակը Երևանի դաշտում է, որն արդեն Եվրամիությանն ուղղված քաղաքականությամբ ու նախաձեռնողականությամբ պետք է ապացուցի հեղափոխության արժեքներին հավատարմությունը նաև արտաքին քաղաքականության ոլորտում։

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներքին կյանքում, պետության, պետության սուբյեկտայնության վերականգնումն է ներսում։

Հաջորդիվ պետք է լինի պետության սուբյեկտայնության վերականգնումը միջազգային ասպարեզում։

Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով ճակատագրական քայլ, առաջիկայում կանգնած է լինելու նույնքան ճակատագրական երկընտրանքի առաջ՝ շարունակե՞լ Հայաստանում մաքրել Ավգյան ախոռները՝ պահպանելով այդ ախոռները սնած ռուսական ազդեցությունը, թե՞ քայլեր, թեկուզ երկարաժամկետ ուղղվածություն ունեցող քայլեր կատարել այդ ազդեցությունից դուրս գալու ու իրականում եվրոպական տիպի պետություն կառուցելու համար՝ արդեն որպես Եվրոպայի լիիրավ անդամ։

Առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, որոնց ընթացքում որոշվելու է ոչ միայն Հայաստանի ներքին քաղաքական դասավորվածությունը, այլ նաև արտաքին ուղղվածությունը։

Ռուսական ազդեցության պահպանումը, առնվազն գործող ձևաչափերին՝ ԵՏՄ-ին, ՀԱՊԿ-ին անդամակցության տեսքով նշանակելու Հայաստանի զարգացման տեմպերի դանդաղեցում անգամներով։ Կլինի՞ արդյոք ներքաղաքական պայքարում Հայաստանը նաև դե յուրե արևմտյան ընտանիքի անդամ դարձնելու օրակարգ։

Եվ կլինի՞ արդյոք դա Նիկոլ Փաշինյանի օրակարգը։ Դա ներքին հեղափոխությունից հետո թերևս երկրորդ ճակատագրական որոշումը կարող է լինել՝ արտաքին հեղափոխության մասով։ Ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Spread the love