Շենգավիթում նախկին օպերը զինված հարձակվել է գործարարի տան վրա և սպանվել տանտերերի կողմից

- in Իրավունք
Atrchanak

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Մանուկյանի գործի դատական քննությունը:

25-ամյա Էդգարը մեղադրվում է խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել նախկին ոստիկան Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողները դիմադրել ու պաշտպանվել են, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:

Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ծանր վնասվածքներ են ստացել նաև տանտերերը:

Նախաքննական մարմինը տուժողների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով, խլացուցիչով, դանակով, ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:

2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:

Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:

«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը դարպասի վրայով մագլցել ու մուտք են գործել տուժողների բակ, հետո բաց պատուհանից մտել են տուն:

Նրանք՝ դիմակավորված, խլացուցիչ ունեցող ատրճանակով և դանակով զինված, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում քնած Լևոն Ավետիսյանի ու նրա կնոջ վրա, պահանջել են տանը եղած արժեքավոր գույքն ու գումարները հանձնել իրենց:

Հարձակվողները հանդիպել են ամուսինների ակտիվ դիմադրությանը, որը հաղթահարելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Լևոն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նույն ժամանակ, ըստ մեղադրանքի, Հ. Ֆալանջյանն իր մոտ եղած խլացուցիչով ատրճանակից կրակել է Լևոնի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Հարևան ննջասենյակում մանկահասակ երեխաների հետ քնած էին Լևոնի դուստրն ու նրա ամուսին Սամվելը, երրորդ ննջասենյակում էր Լևոնի դեռահաս որդին՝ Դավիթը:

Աղմուկի ձայներից նրանք արթնացել ու շտապել են ծնողների ննջասենյակ և սկսել են համատեղ ուժերով պայքարել հարձակվողների դեմ:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը անչափահաս Դավիթի դաստակին դանակով հարվածել, պատճառել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

Մանուկյանը դանակով հարվածել է նաև Սամվելի թիկունքային ու գոտկային հատվածներին՝ պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պայքարը ննջասենյակից տեղափոխվել է հյուրասենյակ, որտեղ Հ. Ֆալանջյանի դեմքը փակող դիմակը դուրս է եկել, դեմքը բացվել է: Լևոն Ավետիսյանը, լինելով ոստիկանության համակարգի նախկին աշխատող, ճանաչել է նրան՝ Ֆալանջյանը եղել է նրանց թաղամասի «օպերը»:

Ըստ մեղադրանքի՝ տեսնելով, որ տուժողներն իրեն ճանաչեցին, Ֆալանջյանը մտադրվել է հանցանքը թաքցնելու նպատակով սպանել նրանց: Այդ դիտավորությունը դուրս էր Էդգար Մանուկյանի ունեցած հանցավոր դիտավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ Հ. Ֆալանջյանը տեղում առաջացած սպանության դիտավորությամբ գործադրել է ատրճանակը, կրակել է անչափահաս Դավիթի ուղղությամբ՝ կրծքավանդակի շրջանում նրան պատճառելով միջանցիկ վնասվածք. գնդակը դուրս է եկել դեռահասի մարմնից ու դիպել է սենյակի պատին: Դավիթին պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Անչափահասի վրա արձակված կրակոցից հետո հարձակվողների ու տան բնակիչների միջև կենաց ու մահու կռիվ է ընթացել, որի ժամանակ հարձակվողները պարտվել են՝ Հ. Ֆալանջյանը գլխի ու մարմնի մյուս մասերում ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ոստիկանները տուժողների տուն էին գնացել գիշերային ահազանգով: Երբ տեղ էին հասել, հարձակվողները տանտերերի կողմից արդեն իսկ վնասազերծված էին՝ Հ. Ֆալանջյանն անշարժ ընկած էր հատակին՝ նա արդեն մահացել էր: Նրան՝ որպես իրենց բաժնի նախկին օպերի, ոստիկանները ճանաչել են:

Հատակին ընկած էր նաև ծանր վնասվածքներ ստացած Էդգարը: Շտապօգնության երկու մեքենա է ժամանել դեպքի վայր, հիվանդանոց են տարել վնասվածքներ ստացած տանտերերին, նրանց վրա հարձակված Էդգար Մանուկյանին, իսկ Հ. Ֆալանջյանի մարմինը տեղափոխել են դիահերձարան:

Դեպքի վայրում տիրող խառնաշփոթի մեջ հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, դիմակներ:

Հ. Ֆալանջյանի «Մերսեդես» մեքենայում հայտնաբերվել է նաև երրորդ դիմակը, ինչից ենթադրվում է, որ ավազակային հարձակմանը հնարավոր է՝ մասնակցել է նաև երրորդ անձ, ով տուժողների տուն չի մտել, երևի դրսում հսկողի դերում է եղել: Երրորդ անձի ինքնությունը գործով բացահայտված չէ:

Քրեական գործի՝ Հ. Ֆալանջյանի մասը կարճված է՝ նրա մահվան հիմքով:

Ըստ գործի տվյալների՝ դեպքի օրը Հ. Ֆալանջյանը գնացել է Էդգար Մանուկյանի տուն, նրա տնեցիներին ասել է, թե գնում են «պանիխիդայի»:

Էդգարը գիշերը տուն չի վերադարձել: Հարազատները առավոտյան են իմացել, որ Էդգարը ծանր վնասվածքներով հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Հ. Ֆալանջյանը մահացել է:

Գործի դատաքննությունն ավարտվել է:

Դատարանն ունկնդրեց մեղադրող դատախազի ճառը:

Դատախազը հաստատված գնահատեց Էդգար Մանուկյանին առաջադրված մեղադրանքը, միջնորդեց նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Spread the love