Շուշան Պետրոսյանը պետք է հասկանա, որ լիարժեք կիսում է այս ամենի պատասխանատվությունը

Shushan Petrosyan

Երեկ Ազգային ժողովն 81 կողմ ձայներով անձեռնմխելիությունից զրկեց ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանին: Նա կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

«Ցնցված ենք», «ինչպե՞ս կարելի է», «Նա իմ հերոսը չէ այլեւս» եւ նման հոգեցունց խոսքերի ներքո ՀՀԿ-ն հանձնեց օդիոզ գեներալին, հայտարարելով, թե որեւէ պատասխանատվություն չի կրում նրա արարքների համար:

«Ոնց կարելի է հերոսից իջնել տուշոնկա գողացողի», վրդովված ասել էր Մանվելի ընկեր մեկ այլ գեներալ՝ Սեյրան Սարոյանը:

«Մանվել Գրիգորյանը հարված հասցրեց ամբողջ հայ ժողովրդին, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ասել է Գալուստ Սահակյանը:

«Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ: Երեւանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։ Էրեխեքի նամակները… Էն շտապօգնության մեքենան, որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք… մթերք, հագուստ… Աստված, ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու», ասել է Շուշան Պետրոսյանը:

Եվ այսպես շարունակ:

Սա արդեն երեսպաշտություն էլ չէ, այլ իսկական դիակապտություն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, երբ բոլորը հայտարարում են, թե չէին կարող իմանալ այն ամենի մասին, ինչ բացահայտել է ԱԱԾ-ն: Գուցե իսկապես որոշ դետալների կարող էին տեղյակ չլինել, եւ դա բնական է, սակայն տարիներ շարունակ, եւ հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանում մամուլի բազմաթիվ հրապարակումները բավական էին, որ ՀՀԿ-ն գոնե ներքին կարգով զբաղվեր, ուսումնասիրեր այդ հրապարակումները, հարցեր տար իր պատգամավորին:

Դա ոչ միայն չի արվել, այլեւ արվել է հակառակը՝ նրան պաշտպանել են քննադատություններից, այդպիսով դառնալով Մանվելի լիարժեք հանցակիցն ու նաեւ նրա արարքների պատասխանատուն, որքան էլ հիմա ուրանան նրան:

ՀՀԿ-ի պարագայում սակայն այլ բան պետք չէ սպասել՝ դա մանրումեծ սագագողերի ու կոռուպցիոներների ակումբ է, որը ներկայում սրտատրոփ սպասում է, թե ով է լինելու հաջորդը:

Կոռուպցիան նշանակում է նաեւ գողություն զինվորից, երեխաներից, ծերերից, եւ երբ օրինակ Շուշան Պետրոսյանը պատգամավոր է դառնում կեղծված ընտրությամբ, նա սրտաճմլիկ գրառումներով իրականությունից փախչելու փոխարեն պետք է հասկանա, որ լիարժեք կիսում է այս ամենի պատասխանատվությունը:

Դե, իսկ Մանվելն էլ իր կուսակիցներից ստացավ ընդամենն այն, ինչով ինքն էր զբաղված պատերազմի ժամանակ եւ դրանից հետո:

Spread the love