Պարոնայք, եթե ընդդիմություն եք, ապա չեք կարող լինել իշխանության մեջ

- in Պնակալեզներ
HYD

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարության արտահերթ նիստում վարչապետ Փաշինյանի ու նախարար Արծվիկ Մինասյանի բանավեճ-բախումը ՀՅԴ խորհրդարանի խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հիշեցրել է «հին ու բարի» ժամանակները, երբ ըստ նրա կայացվում էին պարտադրված որոշումներ: Ռուստամյանն ասում է, որ այդ մեթոդները իրենց համար բացարձակապես անընդունելի են:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի մոտ կա ակնառու երկվություն կամ հակասություն. մի կողմից նա հին ու բարի ժամանակներն է հիշում, մյուս կողմից կարծես թե չի հիշում, որ այդ ժամանակ Դաշնակցությունը գրեթե մշտապես եղել է իշխանության հետ, ունեցել իշխանության մաս, կազմել կոալիցիա եւ այլն:

Դա իհարկե ՀՅԴ իրավունքն է, պարզապես անհասկանալի է, թե ինչպես կարող է այդպիսի մեթոդը «բացարձակապես անընդունելի» լինել, բայց ընդունելի լինել այդ իշխանության հետ կոալիցիան:

Մյուս կողմից, երկվությունը կամ «դեմ ըլլալով կողմ ըլլալը» միանգամայն հայտնի մեթոդաբանություն է ՀՅԴ ներկայիս վերնախավի դեպքում: Այդ վերնախավն էր հայտարարում, թե իրենք ընդդիմություն են իշխանության մեջ:

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցը դրեց բավական հստակ՝ պարոնայք, եթե ընդդիմություն եք, ապա չեք կարող լինել իշխանության մեջ: Բանն այն է, որ այդպիսով ուղղակի ապականվում է քաղաքական համակարգի տրամաբանությունը՝ ընդդիմությունը պետք է լինի իշխանությունից դուրս:

Բայց Դաշնակցությունը չի կարող լինել իշխանությունից դուրս, որովհետեւ դա նշանակելու է լինել քաղաքականությունից դուրս, համենայն դեպս այն վերնախավի եւ մոտեցումների պարագայում, որ կուսակցությանը այդ վերնախավը պարտադրել է արդեն գրեթե երկու տասնամյակ: Փոխել մոտեցումները, նշանակում է փոխել կուսակցության վերնախավը:

Դաշնակցությունը թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական միջավայրում կենսունակության այլընտրանք չունի, անգամ գերվարչապետության ինստիտուտի չեզոքացման դեպքում, ինչպես պահանջում է Արմեն Ռուստամյանը: Դա իհարկե ահագին կթուլացնի թավշյա հեղափոխությունը, որովհետեւ ներկայում այդ հեղափոխության օրակարգի եւ կենսունակության եզակի գրավականը գերվարչապետության ինստիտուտն է:

Ըստ այդմ, ներկայում ակնկալելով քայլեր այդ ինստիտուտի դեմ, Արմեն Ռուստամյանը փաստորեն ակնկալում է քայլեր թավշյա հեղափոխության դեմ, որը դեռեւս չի ավարտվել եւ ամբողջականացել իբրեւ գործընթաց: Որովհետեւ գերվարչապետությունը բալանսավորում է իրավիճակը եւ թույլ տալիս ապահովել հենց թավշյա հեղափոխություն, արգելակելով կոպիտ ու անբռնազբոս հակահեղափոխության հնարավորությունը:

Գերվարչապետությունը պետք է չեզոքացվի, սակայն միայն այն օրենսդրական համակարգային քայլերից հետո, որոնք Հայաստանում անշրջելի կդարձնեն օրինականության եւ իրավահավասարության վրա հիմնված համակեցությունը եւ քաղաքական համակարգի արդիականացումը, փոխելով ընտրական խաղի կանոնները, փոխելով կապիտալի եւ քաղաքական իշխանության հարաբերության բնույթը եւ արգելակելով հնին վերադարձի հնարավորությունները:

Դրանից հետո գերվարչապետական ինստիտուտի չեզոքացումը պետք է դառնա նոր իրավիճակի անշրջելիության վերջին շտրիխը: Բայց առայժմ այն միակ գործիքն է, որով Նիկոլ Փաշինյանը կարող է թավշյա հեղափոխությունը զերծ պահել «ավազակային հարձակումից»: Ավազակային, որովհետեւ ավելի ու ավելի են ի հայտ գալիս իրավիճակներ ու իրողություններ, որոնք հաստատում են՝ թավշյա հեղափոխության ընթացքի բուն խնդիրը ամենեւին ՀՀԿ-ն չէ, քանի որ ՀՀԿ-ն ներկայում գործում է առանց դիմակի, ի տարբերություն դիմակավորված գրոհների:

Spread the love