ՊԵԿ-ը առևտրային խոշոր ցանցերին հորդորել է սեղմ ժամկետներում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ

- in Պաշտոնական
PEK

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները:

«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն», – տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով, հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

«Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն», – ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20