Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով

- in Իրավունք
Robert Qocharyan

Armtimes.com-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով:

Այս տարվա մարտի 1-ին ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումների հաջորդ օրն այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի գործին կցվի «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին» Փաստահավաք խմբի զեկույցը, ինչպես նաև քրեական գործի շրջանակներում հարցաքննվի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազությունը, սակայն, Փաշինյանի դիմումի միայն մի կետին էր ընթացք տվել, իսկ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասով նշել էր, թե դրա համար հիմքեր չկան:

Դատախազության պատասխանը, բնականաբար, ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում էր: Իրավական նպատակահարմարությունից ելնելով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է հարցաքննվեր նույնիսկ առանց Նիկոլ Փաշինյանի դիմումի. դրա համար առկա էին բազմաթիվ իրավական հիմքեր:

Իհարկե, Մարտի 1-ը գործիք էր, որը Սերժ Սարգսյանը պարբերաբար օգտագործում էր Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ներհամակարգային պայքարում, սակայն ակնհայտ էր, որ երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում ոճրագործության համապարփակ և լիարժեք բացահայտում լինել չի կարող. այն բումերանգի էֆեկտով հարվածելու էր հենց Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ Մարտի 1-ը համակարգաստեղծ գործոն է, որը ճակատագրորեն միմյանց շաղկապում է քրեաօլիգարխիայի բոլոր սեգմենտներին:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում արմատապես վիճակ է փոխել, ինչը ճանապարհ է բացում Մարտի 1-ի լիարժեք և համապարփակ բացահայտման համար: Մյուս կողմից՝ գործի բացահայտումը կենսական քաղաքական նշանակություն ունի, որովհետև այդ հանգամանքը կարևոր է քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժման հետ:

Մարտի 1-ի բացահայտումը յուրահատուկ քաղաքական լյուստրացիա է, որը թույլ կտա քաղաքական համակարգը մաքրել այն ուժերից, գործիչներից, որոնք այս կամ այն կարգավիճակով մասնակից են եղել արյունոտ ոճիրին:

Մարտի 1-ի բացահայտումն այն գիծն է, որը նոր Հայաստանը սահմանազատում է արյունոտ քսանամյակից, որի հիմքը դրվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանի ոճրագործությամբ, և շարունակությունը ստացել է 2008-ի մարտի 1-ին, երբ Երևանի փողոցներում գնդակահարվեց տասը քաղաքացի:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի բացահայտման կարևոր բանալին է, որը լույս է սփռելու այդ հանցագործության ներքին և արտաքին շերտերի վրա, պարզելու է քրեաօլիգարխիկ բուրգի դերակատարներից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության չափը:

Թավշյա հեղափոխությունը Ռոբերտ Քոչարյանին զրկել է մանևրելու և ցինիզմի հնարավորությունից: Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը լինելու է այն խորհրդանշական ակտը, որը ազդարարելու է քրեաօլիգարխիայի հատուցման ժամը:

Spread the love