Ռուսաստանը շարունակում է մնալ իշխանության աղբյո՞ւր Հայաստանում

Մոսկվայում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այս պահին որոնումների մեջ է եւ ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը իշխանական համակարգում»,- գրում է Ժամանակ թերթը:

Ռուսաստանում իբր վրդովված են Հայաստանում նոր իշխանության նշանակումների կապակցությամբ, հատկապես անվտանգության բլոկի մարմիններում: Մոսկվայում փորձում է լոբբինգ իրականացնել նաեւ ՀՀԿ-ն, որոշակի աշխատանք տանելով իր ունեցած կապերով:

Փաստորեն, իրավիճակ ու քաղաքական գործընթացների տրամաբանություն է փոխվում, բայց քաղաքական շրջանակներում շարունակվում է «ավանդական» վարքն ու բառապաշարը:

Ի՞նչ է Ռուսաստանը եւ ի՞նչ քաղաքական տրամաբանության մեջ է ներկայում: Արդյոք շարունակվում է բլոկային դիմակայությունն աշխարհում, թե փոխվել է հարաբերությունների ու համագործակցության ձեւաչափը:

Ռուսաստանը շարունակում է մնալ իշխանության աղբյո՞ւր Հայաստանում, եւ ինչպես է դա հնարավոր դառնում՝ նրա քաղաքականությա՞ն, թե հայկական այսպես կոչված քաղաքական ուժերի պահվածքի արդյունքում:

Ռուսաստանում ներկայում Հայաստանի, ինչպես նաեւ այլ ուղղություններով նկատելի շփոթվածություն ու անորոշություն է, ինչն իր հերթին հնարավորություն է Հայաստանի համար՝ նոր որակ ու բովանդակություն հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ըստ էության գոյություն չունեին մինչ այժմ: Ավելի ճիշտ՝ առկա էր միակողմանի «հարաբերություն», երբ հայկական քաղաքական ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն, իրենց խնդիրները լուծելու համար հրաժարվել էին Հայաստանի ինքնիշխանությունից:

Իսկ դա պե՞տք էր Ռուսաստանին: Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ դրա արդյունքում տուժեց ոչ միայն Հայաստանը, այլեւ ինքը Ռուսաստանը, մասնավորապես հարավային ռազմավարական ուղղությամբ: Ռուսաստանի սուբյեկտության չեզոքացումը լուրջ խնդիրների առջեւ կանգնեցրեց Մոսկվային:

Զուր չէ, որ նույն Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը» ցրվեց Մոսկվայի հրահանգով, իսկ դերակատարները հռչակվեցին ծաղրածուներ: Արդյոք պատճառն այն չէր, որ այդ «հեղափոխությունն» առաջարկում էր նույնն ու ավելին, ինչ այդ ժամանակ գործող իշխանությունը:

Ի դեպ, շատերն են հարցնում, թե ինչու Ռուսաստանը չմիջամտեց թավշյա գործընթացներին, ինչու չաջակցեց մասնավորապես Կարեն Կարապետյանին ու Սամվել Կարապետյանին, ովքեր Մոսկվայի աջակցությունն էին խնդրում անթաքույց, ըստ տեղեկությունների՝ անգամ զինված:

Պետք է հասկանալ, որ Հայաստանն իր խնդիրներով բեռ է Ռուսաստանի համար, եւ Մոսկվայում չգիտեն ինչ անել՝ ոչ այդ բեռից կարող են ազատվել, ոչ էլ պահել: Անհրաժեշտ է համագործակցության ձեւաչափ, որը կհավասարակշռի իրավիճակը:

Արդյոք հենց դրա շանսը չէ Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու նախկին վարչակարգի հեռացումը: Եվ արդյոք Կրեմլի կամ այլ հաստատությունների «դռնապանների» վրդովմունքը պետք է վերագրել Մոսկվայի քաղաքականությանը:

Մոսկվային Հայաստանում արդեն պետք չեն ավանդական իմաստով «պրո-ռուսական» ուժեր ու ագենտուրա, դրանցից Մոսկվան հրաժարվեց թավշյա հեղափոխության ժամանակ, նրանց Կուրղինյանի միջոցով հռչակելով «կեղտ», որոնք ընդունակ չեն ձեւակերպել ու իրականացնել քաղաքականություն:

Մոսկվան առավելագույնը կարող է լսել ու օգտագործել իրեն «իշխանության աղբյուր» դիտարկողներին, բայց ոչ երբեք՝ լուրջ ընդունել: Ժամանակին lragir.am-ի հեղինակները բազմիցս գրել են այս մասին, եւ իրադարձությունների հետագա ընթացքն էլ ցույց է տվել նրանց ճշմարտացիությունը:

Նոր աշխարհը համագործակցության, նոր շահերի ու դերակատարումների միջավայր է, որից չի կարող զերծ լինել Հայաստանը: Հայաստանին պետք են նոր քաղաքական ուժեր, որոնք կլոունադային ու կոլաբորացիոնիզմին կգերադասեն անկախ պետությանը ծառայությունը:

Spread the love