Սարուխան. Հազարամյակի պատմություն ունեցող բնակատեղի

- in Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղը հիմնադրվել Է ք. ա. առաջին հազարամյակում: Միջնադարում այն հանդիսացել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում Ծմակ գավառի գավառապետ-մելիքի նստավայրն է եղել: Գավառապետ մելիքներից հայտնի են՝ Մելիք Փարսադանը, Մալխասը, Մանուչարը: Մինչև 1928 թ. գյուղը կոչվել է Դալիղարդաշ, որը եղել է գյուղի հայ մելիքներից մեկի՝ Էհիի պապի մականունը:

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները եկել են 1830 թ. Հին Բայազետի Զանկիզոր և Սրբահան գյուղերից: 1850 թ. գյուղում գործել է դպրոց, իսկ 1897 թ. պետական երկդասյա դպրոց:

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ, որոնցից 409 զոհվել է: Այդ տարիներին սարուխանցիները տվել են՝ 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ բազմաթիվ սպաներ:

Սարուխան համայնքը մեր հանրապետության ամենամեծ համայնքներից մեկն է, այստեղ համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ տղամարդկանց հիսուն տոկոսը, աշխատատեղերի բացակայության պատճառով մեկնում է արտագնա աշխատանքի:

Սարուխան համայնքն այսօր ղեկավարում է Լյովա Աբրահամյանը: Ծնունդով Սարուխանցի է, ծնվել է 1960 թվականին, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետը:

Աշխատել է արտադրություններում, 1991-1996 թ.թ. նշանակվել է Սարուխանի գյուղական սովետի խորհրդի նախագահի տեղակալ: Մասնակցել է արցախյան ազատամարտին: Կազմավորել է սարուխանցի ազատամարտիկների ջոկատը և մասնակցել Քարվաճառում պատերազմական գործողություններին որպես ջոկատի հրամանատար: Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան» և մի շարք այլ մեդալների և պարգևների: 1996-2008 թթ. 4 անգամ ընտրվել է գյուղապետ, 2016-2017թթ. աշխատել է համայնքի ղեկավարի տեղակալ: 2017թ. սեպտեմբերին նշանակվել է Սարուխան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Մեր հանդիպումը համայնքի ղեկավարի հետ կայացավ համայնքապետարանում:

Պարոն Աբրահամյան, նախկինում Ձեր կողմից կատարված աշխատանքները, հիմք են հանդիսացել համայնքի բնակչության համար, որպեսզի վերընտրվեք, այս ամիսների ընթացքում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում:

Համայնքի ղեկավարը պետք է առաջնորդվի ոչ թե ապագայում ընտրվելու կամ չընտրվելու հարցը գերակա համարելով, այլ պետք է անմնացորդ նվիրվի և աշխատի իր համայնքը շենացնելու, բնակչության բարեկեցությունը լավացնելու անկեղծ մղումով:

Անցած տարի հոկտեմբեր ամսից սկսեցինք կենտրոնական՝ Մեսրոպ Մաշտոց փողոցի լուսավորության աշխատանքները: 6 մլն ՀՀ դրամի աշխատանքներ իրականացրեցինք և 1200 մ երկարությամբ փողոցը լուսավորվեց: Այս տարի մի ամբողջ թաղամասի ոռոգման ջրի հարց կարգավորվեց, շուրջ չորս մլն. դրամի ներդրում է կատարվել: Արվեստի գպրոցի տանիքի որոշ վերանորոգման աշխատանքներ ենք կատարել: Այս շաբաթ կկայանա մրցույթ, թիվ 2 գերեզմանատան ցանկապատի կառուցման համար: Կատարվել են բարեկարգման աշխատանքներ՝ ճանապարհների, հեղեղատար առուների մաքրման, հիմնականում ընթացիկ աշխատանքներ են կատարվել: Մոտակա օրերին կսկսենք մի քանի փողոցների լուսավորության աշխատանքներ իրականացնել, արդեն նախագծման աշխատանքներն ավարտվել են:

Համայնքում գոյություն ունեցող խնդիրները, ինչպե՞ս պետք է լուծվեն և ո՞ւմ կողմից:

Մեր համայնքի հիմնական խնդիրներից է՝ դպրոցներ, մանկապարտեզներ, գերեզմանոցներ տանող ճանապարհների վատ վիճակը, որոնք շտապ լուծում են պահանջում: Այդ, վերանորոգում պահանջող ճանապարհների երկարությունը հասնում է 4000 մ երկարության և 5-6 մ լայնության: Այս հարցը լուծելու համար սուբվենցիա ստանայու հայտ ենք ներկայացրել ՀՀ կառավարություն, որը հաստատվել է: Գումարի վաթսուն տոկոսը համայնքն է ներդնելու, քառասուն տոկոսը ՀՀ կառավարությունը՝ համայնքի հողմից իր մասնաբաժինը ամբողջությամբ կատարելուց հետո: Առուների՝ կիսախողովակները վատ վիճակում են, չունենք կոյուղագիծ: Մտածում ենք համայնքապետարանի և բնակիչների միջոցներով այդ հարցերը լուծել:

Համայնքի թիվ 1 մանկապարտեզը շուրջ հիսուն տարի գործում է, շենքային պայմանները վատ վիճակում է, կապիտալ վերանորոգում պետք է կատարվի, պետք է դիմենք կառավարությանը, որպեսզի որևէ ծրագրի միջոցով իրականացվի:

Ընթացիկ շատ խնդիրներ կան, գյուղը մեծ է և հիմնականում կարտոֆիլագործությամբ են զբաղվում: Կարտոֆիլի սպառման խնդիր կա, որոշել ենք դիմել մեր վերադասին, հարևան երկրներ արտահանելու նպատակով, որովհետև այդքան կարտոֆիլը մեր հանրապետությունում չի սպառվի: Ներկա պահին 200 տ կարտոֆիլ համայնքում մնացել է:

Երեխաների, պատանիների, երիտասարդների մարզամշակութային, կրթական ուսումնառության համար, ի՞նչ պայմաններ են ստեղծված:

Համայնքում գործում են՝ 3 միջնակարգ դպրոցներ, եթե նախկինում յուրաքանչյուր դպրոցում սովորում էին 1200 աշակերտներ, այսօր՝ ցավոք յոթանասուն տոկոսով պակասել է սովորողների թիվը: Ունենք երկու մանկապարտեզներ, որտեղ հաճախող երեխաների թիվը հասնում է 190-ի: Արվեստի դպրոցն ունի շուրջ 200 սաներ, այս կրթօջախը և մանկապարտեզները գործում են համայնքապետարանի ֆինանսավորմամբ: Ունենք շախմատի, ֆուտբոլի խմբեր: Ես խնդրանքով դիմել եմ մեր մարզպետին, որպեսզի թիվ 1 դպրոցում տարածք հատկացնի մարզադպրոց հիմնելու համար, դպրոցի 7 մասնաշենքերից երեքը չի գործում: Մեր գործարար համագյուղացիներից մեկը՝ Հայկ Սողոյանը ցանկություն է հայտնել մասնաշենքը վերանորոգել և դարձնել մարզադպրոց: Կարծում եմ, եկող տարի ամռանը համայնքում կգործի մարզադպրոց, որը կլուծի պատանիների, երիտասարդների զբաղվածության և առողջ ապրելակերպի խնդիրը: Մարզադպրոցը գործելու է համայնքապետարանի ենթակայությամբ և ֆինանսավորվելու է մեր կողմից:

Ունե՞ք մտահղացումներ, որոնք առաջիկայում կիրականացվեն:

Այո, ունեմ, որոշել եմ մեր համայնքի 40-50 գործարարների միջոցով, ովքեր պատրաստ են աջակցելու, ներդրումներ կատարելու, առաջարկել համայնքում մի արտադրություն բացել, որը կապ կունենա գյուղատնտեսության հետ: Մեր հողերի յոթանասուն տոկոսը չի մշակվում, մտածում եմ ճակնդեղի աճեցմամբ զբաղվի բնակչությունը և շաքարի արտադրություն
հիմնել:

Մեր ժողովուրդը աշխատասեր, հայրենասեր, աշխարհի լավագույն ազգերից մեկն է և կարծում եմ արժանի է արժանավայել ապրելու:

Զրուցեց՝ Մանվել Կիրակոսյանը

Spread the love