Սերժ Սարգսյանը հրահանգել է լռե՞լ հանուն օլիգարխների ու քրեականների

- in Կեղտոտ լվացք
serzh-sargsyan

Հայաստանն այսօր ապրում է փաստացի առանց ընդդիմության։ Նոմինալ առումով, իհարկե, ընդդիմություն է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը, որը իրեն նաև հռչակել է որպես ընդդիմություն հեղափոխության հաղթանակից հետո։

Բայց ՀՀԿ-ն, կրկնում ենք, ընդդիմություն է միայն անվանապես, ձևականորեն և ոչ երբեք՝ բովանդակային առումով։ Որովհետև հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ ՀՀԿ-ն չի կարող հանդես գալ որպես գործառութային ընդդիմություն՝ այդ հասկացության ամբողջական իմաստով։

Նախ՝ ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, չնայած հռչակագրային մակարդակում հայտարարվել է որպես պահպանողական, նժդեհականություն կրող ուժ, սակայն իրականում՝ գործնական քաղաքականության մեջ, չի ունեցել գաղափարախոսություն. ՀՀԿ-ականներին միավորող միակ գաղափարախոսությունը, եթե այդպես կարելի է անվանել, եղել է իշխանական կերակրատաշտից օգտվելու, դրան հնարավորինս մոտ գտնվելու մերկանտիլ, ապագաղափարական մղումը։

Եվ ահա այս ուժը՝ իր գործունեությունը միջոցների մեջ խտրություն չդնելու սկզբունքով կառուցած ու իրականացրած ուժը, հանգամանքների բերումով հայտնվել է ընդդիմության կարգավիճակում միայն այնքանով, որքանով զրկվել է իշխանությունից։ Բայց իշխանություն չունեցողը դեռ մեխանիկորեն չի նշանակում ընդդիմություն։ Ի դեպ, գրեթե նույնը տեղի ունեցավ նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ, որը ստեղծված լինելով որպես իշխանական ուժ և սկզբում մաս կազմելով իշխանությանը՝ դրանից զրկվելուց հետո հայտնվեց նոմինալ ընդդիմության կարգավիճակում, որը, սակայն, այդպես էլ չդարձավ ֆունկցիոնալ ընդդիմություն։ Գրեթե նույն պատճառով, ինչի պատճառով ընդդիմության ֆունկցիա չի կարող իրականացնել ՀՀԿ-ն։

Ինչպես ժամանակին ԲՀԿ-ի դեպքում, այնպես էլ այսօր՝ ՀՀԿ-ի պարագայում, իշխանությունն ունի քրեական կոմպրոմատներ այս կուսակցության մեծ թվով անդամների վրա։ Կոմպրոմատներ ուներ նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը ԲՀԿ անդամների մասին։ Բայց Սերժ Սարգսյանի ու այսօրվա իշխանության տարբերությունն այն է, որ առաջինը կոմպրոմատներն օգտագործում էր ստվերային, կուլիսային կառավարման նպատակով, իսկ այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է հրապարակավ։

Մյուս սկզբունքային տարբերությունն այն էր, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ականների տնտեսաքրեական թղթապանակներն օգտագործում էր ոչ թե օրինականության վերականգնման, այլ այդ ուժի անդամներին կառավարելի պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գոնե մինչև այսօր, ցույց է տվել, որ քրեական գործերը իր համար ոչ թե ստվերային կառավարման միջոց են, այլ օրենքի գերիշխանությունն ապահովելու նպատակ են հետապնդում։

Եվ ահա այս պայմաններում, տասնյակ «պապկաների» առկայության պայմաններում, ՀՀԿ-ն հանդես է գալիս ընդդիմության կարգավիճակում։ Չի կարող։ Որովհետև ՀՀԿ-ականների մեծամասնությանն այլևս առաջնորդում է սեփական «կաշին փրկելու» մղումը, ազատությունից ու ապօրինաբար կուտակած հարստությունից չզրկվելու կամ գոնե դրա մի մասը պահպանելու մղումը։ Իսկ նման մղման պարագայում խոսել ընդդիմադիր լինելու, իշխանության դեմ գաղափարական կամ ծրագրային պայքար մղելու մասին՝ ծիծաղելի է, եթե ոչ՝ անհամարժեք։

Բայց ՀՀԿ-ի դեպքում, այդուհանդերձ, կա առանձնահատկություն։ Վերջին տարիներին, հատկապես վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում այդ կուսակցությունում ձևավորվել է, պայմանականորեն ասած, քաղաքական թև՝ հիմնականում երիտասարդներից բաղկացած կուսակցականների շերտ, որի ներկայացուցիչները անցած մեկ տարվա ընթացքում ավելի կամ պակաս չափով դրսևորել են քաղաքական վարքագիծ ու ներկայացրել են քաղաքական բովանդակություն։ Սա, այսպես կոչված, «խոսող ՀՀԿ-ականների» շերտն է, որոնք թեև մեծ մասամբ քաղաքական պայքարի ընթացքում մնացած ՀՀԿ-ականների նման միջոցների միջև խտրություն չեն դրել, սակայն ընդհանուր առմամբ մնացել են քաղաքականության ու քաղաքակրթության սահմաններում։

Ու հիմա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս շերտի ներկայացուցիչները, որոնք հիմնականում զերծ են ապօրինի պատմություններից, կոռուպցիոն սխեմաներից, ստիպված են հանուն ՀՀԿ-ի մյուս՝ օդիոզ, կոռումպացված ու քրեականացված հատվածի սահմանափակել իրենց գործունեությունը, իշխանությանն ընդդիմանալիս տուրք տալ քրեական-քաղաքական կոնյունկտուրային ու չլինել ֆունկցիոնալ ընդդիմություն։ Այսինքն՝ լռել հանուն կուսակցական բոսերի ու օլիգարխ, գողական կուսակիցների։

Դժվար է ասել՝ այս դերը ՀՀԿ քաղաքական հատվածն իրականացնում է սեփակա՞ն նախաձեռնությամբ՝ կուսակցական կորպորատիվ շահից ելնելո՞վ, թե՞ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։ Այսինքն՝ դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է լռե՞լ հանուն օլիգարխների ու քրեականների, իջեցրել է «միասին կործանվելու» հրահա՞նգ, թե՞ ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը դա անում են ինքնաբուխ։

Բայց դժվար չէ ենթադրել, որ եթե Սերժ Սարգսյանը իջեցնի հակառակ հրահանգ՝ կուսակիցների այդ շերտի շահերը հաշվի չառնելու ու մաքուր քաղաքականություն վարելու, իրական ընդդիմություն դառնալու հրահանգ, ՀՀԿ-ի այդ երիտասարդ, քաղաքական շերտը կամ թևը, ձերբազատված լինելով անգաղափար կուսակցականներին պաշտպանելու կամ հանուն նրանց լռելու արգելքից, կարող է նորմալ ընդդիմություն դառնալ, ինչը, ի դեպ, անհրաժեշտ է ինչպես պետությանը, այնպես էլ գործող նոր իշխանությանը։ Սա Սերժ Սարգսյանի գուցե միակ քայլն է ՀՀԿ-ն մարգինալացումից փրկելու ու առաջիկա ընտրություններին խորհրդարանում համեստ, բայց որոշակի ներկայություն ապահովելու համար, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի որոշել՝ «կործանվում ենք բոլորով»։

Կանի՞ Սերժ Սարգսյանն այդ քայլը, կտարանջատի՞ ՀՀԿ-ի քաղաքական թևը մականունավորներից ու առաջիններին կազատագրի՞ հանուն երկրորդների լռելու արգելքից, կստանա՞ քաղաքականապես ռեաբիլիտացվելու շանս։ Գոնե մասամբ ռեաբիլիտացվելու շանս։ Հակառակ դեպքում մականունավոր-օլիգարխիկ կուսակցականների հետ կկործանվի կուսակցությունն ամբողջությամբ՝ իր հետ եթե ոչ բանտեր, ապա քաղաքական լուսանցք տանելով նաև այն քաղաքական դեմքերին, որոնք կայացել են վերջին տարիների ընթացքում։

Spread the love
  • 20
    Shares