Սիրային ծանրոց, շահում վիճակախաղով, հափշտակություն բանկային քարտից

- in Սոցիալական
mard

Հայաստանում կիբերհանցագործությունների թվում վերջին տարիներին 20-25 տոկոս աճի միտում է նկատվում: Դրանք այն բոլոր հանցագործություններն են, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների դեմ կամ կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահագն Հարությունյանը, 2017 թվականին գլխավոր վարչության կողմից հայտնաբերվել է 71 դեպք, որոնցով հարուցվել է 68 քրեական գործ: Նշված տարում ոստիկանության այլ վարչությունների կողմից կիբերանվտանգության ոլորտում հայտնաբերվել է 108 դեպք, որոնցով հարուցվել է 105 քրեական գործ: Վահագն Հարությունյանը նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում այն կիբերհանցագործությունները, որոնք կատարվում են Հայաստանում, հիմնականում բացահայտվում են:

«Փորձը ցույց է տալիս, որ կիբերհանցագործությունների կառուցվածքում ամենաշատ տարածվածներից է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը: Դրանք հիմնականում բանկային զեղծարարություններն են, բանկային քարտերից հափշտակություններն են: Օրինակ, քաղաքացուն սոցիալական ցանցով գրում է իր վաղեմի բարեկամներից մեկի նկարով որևէ անձ: Երկխոսություն է ծավալվում, հետո առաջարկվում է գումարի տեսքով նվեր ուղարկել, որի համար անհրաժեշտ են բանկային քարտի տվյալները: Քաղաքացին, առանց նայելու, թե դա ինչ էջ է, փոխանցում է իր տվյալները, որից հետո եղած գումարը հափշտակվում է»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Հաջորդ տարածված հանցագործություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը: Օրինակ, երբ ասենք «Ֆեյսբուք»-ում որևէ էջի տվյալներին տիրանալու համար անձին ուղարկվում է հղում: Նա հղումով գնում է և այդ ժամանակ հայտնվում է մի պատուհան ու իրեն թվում է` դուրս է եկել «Ֆեյսբուք»-ից: Նորից մուտք գործելու համար կրկին մուտքագրում է գաղտնաբառը, ինչի արդյունքում նենգորդը տիրանում է սոցիալական ցանցի անհատական տվյալներին:

Պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հետ կապված Վահանգն Հարությունյանը նշեց, որ, փառք աստծո, հասարակության շրջանում մարդկանց մտածելակերպն այնպիսին է, որ հասարակական պարսավանքի են ենթարկվում նման անձինք: Ըստ այդմ էլ, կարելի է ասել, որ նման դեպքերը քիչ են:

Հանցատեսակով պայմանավորված՝ թիրախային խմբերը տարբեր են լինում, սակայն Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «սիրիայի ծանրոց» հանցատեսակի դեպքում թիրախում 30-50 տարեկան կանայք են:

«Տղամարդը ներկայանում է որպես մեծահարուստ, ով գտնվում է նավի վրա, երկխոսություն է ծավալում քաղաքացուհու հետ, գործը հասնում է ամուսնության առաջարկ անելուն: Տղամարդը տեղեկացնում է, որ բավական թանկարժեք նվերներ է ուղարկում, սակայն օրեր անց ինչ-որ մի պետությունից զանգում են տիկնոջը՝ ներկայանալով մաքսային ծառայությունից, և ասում, որ ծանրոցի մեջ մաքսանենգ ապրանք կա, եթե չվճարի 1500 դոլար, ապա այն կպետականացվի: Տղամարդն ասում է, որ ինքը գտնվում է նավի վրա և այդ պահին բանկային հաշիվներին հասանելիություն չունի, խնդրում է, որ կինը փոխանցի: Փոխանցելուց հետո կապն այդ տղամարդու հետ կտրվում է, հետո պարզվում է, որ տիկնոջը գրում էին  ինտերնետում տարածված ոմն Ջոն Սմիթի լուսանկարով»,-ասաց նա:

Մեկ այլ դեպքով էլ, 65-ն անց տիկինը մոտ 300 հազար դոլար էր փոխանցել տարբեր տեսակի վիճակախաղերի, որոնք իրականում կեղծ են, իրենցից ներկայացնում են փող հափշտակելու մեխանիզմ:

«Նամակ է գալիս, որ Մոզամբիկում անցկացվող վիճակախաղով շահել եք 1.5 մլն դոլար: Այն ստանալու համար կամ սեղմում եք ուղարկված հղման վրա, կամ ինչ-որ բաժնում տվյալներ եք լրացնում, արդյունքում՝ անհայտ անձը տիրանում է անձնական, բանկային տվյալներին: Սա փաստում է, որ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից մեր հասարակության շրջանում իմացության, իրավագիտակցության մակարդակը ցածր է: Մեր քաղաքացիները սկզբում ոչ ոքի չեն ասում, մտածելով աչքով կտան, հետո երբ խաբվում են, նոր բարձրաձայնում են: Ինտերնետում հենց այնպես փող չկա: Հորդորում եմ լինել ուշադիր, համակարգչային գիտելիքները պարբերաբար ավելացնել, խնդիրների դեպքում էլ դիմել մասնագետի»,- հավելեց Վահագն Հարությունյանը:

Spread the love