«Սպանվել է ամենադաժան ձևով». Ուշագրավ զարգացումներ հայտնի հոգեբանի սպանության գործով

- in Իրավունք
Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Հրանտ Հ.-ի  գործի դատական քննությունը:

2017 թվականի հուլիսի 17-ին Հրանտ Հ.-ն Մաշտոցի 40 շենքում գործող «Այգ» հոգեբանական կենտրոն է այցելել, մտել է հոգեբան Ռուբեն Պողոսյանի աշխատասենյակ, ում պարբերաբար այցելում և ում մոտ բուժման կուրս էր անցնում: Իր դժգոհությունն ու զայրույթը հոգեբանի նկատմամբ Հրանտ Հ.-ն արտահայտել է ագրեսիվ կերպով՝ նա հարվածել է հոգեբանին, ապա «թուղթ կտրելու դանակով» դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքի, պարանոցի շրջաններում, պատճառել է բազմաթիվ ծակած-կտրած վերքեր:

Տուժող հոգեբանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր անց մահացել է:

Ի սկզբանե Հրանտ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածով, իսկ տուժողի մահից հետո մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 14-րդ կետերով:

Դեպքից մի քանի օր անց Հրանտ Հ.-ի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկ ամիս անց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Հրանտ Հ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նա տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա:

Ներկայումս Հրանտ Հ.-ն ոչ թե ամբաստանյալի, այլ քրեական օրենքով արգելված արարք կատարածի կարգավիճակ ունի: Դատարանը քննում է Հրանտ Հ.-ի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու գործը:

Հրանտ Հ.-ի օրինական ներկայացուցիչն է նրա եղբայրը:

Դատական այս նիստին տուժողի իրավահաջորդը՝ տուժողի կինը, դատարան չէր ներկայացել: Նրա ներկայացուցիչները դա պատճառաբանեցին աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ու հոգեբանական խնդիրներով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Մ. Նալբանդյանին:

Միհրան Պողոսյանը նշեց, որ այս գործի նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով: ԸստՄ. Պողոսյանի՝ «Օրենքի կոպտագույն խախտումները սկսվել են դեռ մինչև քրեական գործի հարուցումը»:

Փաստաբանն ընդգծեց, որ դեպքի վերաբերյալ հաղորդումն ընդունվել է հուլիսի 17-ին և մինչև հուլիսի 19-ը քրեական գործ չի հարուցվել: Հրանտ Հ.-ն եղել է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, բացատրություններ է տվել, և նրան թողել են, որ տուն գնա: Հրանտ Հ.-ն գնացել է տուն՝ հետը տանելով հանցագործության գործիքը, լվացել է այն… Հետագայում է ներկայացրել նախաքննական մարմնին:

Երբ հուլիսի 19-ին քրեական գործ է հարուցվել, Հրանտ Հ.-ն նույնիսկ հասցրել է կարճ ժամանակով թաքնվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հետո նոր նա հայտնաբերվել ու կալանավորվել է:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործ չհարուցելու, Հրանտ Հ.-ի նկատմամբ խափանման միջոց չընտրելու պատճառով վերջինս չորս օր գտնվել է ազատության մեջ ու «փորձել է անմեղսունակ լինելու հիմքեր ստեղծել»:

Միհրան Պողոսյանն ասաց. «Ինչ-որ գերբնական ուժով կարծես չեն ուզեցել քրեական հետապնդում իրականացնել Հրանտ Հ.-ի նկատմամբ»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Պողոսյանը նշեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզեր Հրանտ Հ.-ի վարքագիծը՝ արարքը կատարելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ պատճառած վնասի չափն ու բնույթը, սակայն այս հարցերը չեն պարզվել:

Գործի քննությունը հսկող դատախազը՝ ներկա գործով մեղադրող դատախազ Մ. Նալբանդյանը ուշադրություն չի դարձրել, որ Հրանտ Հ.-ի նկատմամբ նշանակվել է միայն դատահոգեբուժական փորձաքննություն, ոչ թե՝ դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Դատախազը ուշադրություն չի դարձրել, որ դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննությունն անցկացնողներից մեկը՝ փորձագետ Մովսիսյանը, հոգեբույժ չէ:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ «դատախազ Մ. Նալբանդյանը սույն գործով շահագրգռված է՝ նա ուզում է Հրանտ Հ.-ին ազատել քրեական հետապնդումից»՝ դրա համար օգտագործելով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը:

Միհրան Պողոսյանը «արդար դատաքննության շահերից ելնելով»՝  բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Մ. Նալբանդյանին:

Մեղադրող Մ. Նալբանդյանն առարկեց միջնորդության դեմ, այն համարեց անհիմն՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից չներկայացվեցին լիարժեք փաստարկներ, իսկ կատարված եզրահանգումներն էլ, ըստ դատախազի՝ «սին ու մերկապարանոց» էին: Դեպքից երկու օր անց քրեական գործ է հարուցվել, խափանման միջոց է ընտրվել՝ ամեն բան կատարվել է օրենքի շրջանակներում:

Հրանտ Հ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Բաղդասարյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ժամանակին չի բողոքարկել, այժմ դրանց վրա հիմնվելով բացարկի միջնորդություն անելը իրավաչափ չէ:

Միհրան Պողոսյանը հանդես եկավ ռեպլիկով՝ նշելով, որ նախաքննական խախտումներն իրենց համակցության մեջ ցույց են տալիս, որ «պրոֆեսիոնալ դատախազը որոշակի շահագրգռվածություն ունի և չի կարող շարունակել մասնակցությունը» այս գործի քննությանը:

Տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Ա. Քարամյանը, միացավ Միհրան Պողոսյանի միջնորդությանը: Նա նշեց, որ դատախազը շահագրգռված չի եղել ամբողջ իրականությունը բացահայտելու համար: Նախաքննության ընթացքում ինքը միջնորդել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակել, բայց քննիչը մերժել է միջնորդությունը, իսկ երբ ինքը բողոքել է դատախազին, վերջինս առանց լուրջ հիմնավորման մերժել է իր բողոքը՝ նշելով, թե բողոքի համար հիմքեր չկան. «Ինչո՞ւ հիմքեր չկան, մարդը սպանվել է ամենադաժան ձևով»,- հռետորական հարց  հնչեցրեց Ա. Քարամյանը:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ, տևական ժամանակ անց հրապարակվեց որոշումը՝ մեղադրող դատախազին հայտնված բացարկի միջնորդությունը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Spread the love