Սփյուռքի ներուժը ամբողջությամբ չի օգտագործվել, եղել է միայն դրամահավաք

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամում էր՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի օգնությամբ իրականացված եւ նախատեսվելիք աշխատանքներին ծանոթանալու:

Վարդանյանի հետ առանձնազրույցից հետո նա լրագրողներին տեղեկացրեց՝ իրեն հետաքրքիր էր, թե մինչեւ իր պաշտոնավարումը Սփյուռքի նախարարությունն ինչպես է աշխատել հիմնադրամի հետ. «Չէի ցանկանա անդրադառնալ նախկին գործակցությանը, բայց կարծում եմ՝ առաջիկայում ավելի ակտիվ կաշխատենք միասին: Պետություն-հիմնադրամներ գործակցությունը պետք է ավելի սերտ լինի»:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այս պահին ծրագրեր չեն քննարկել, իսկ հետագա քննարկումների արդյունքում դրանք բացառված չեն. «Սփյուռքի ներուժի օգտագործումը և հայրենադարձությունը մեր առաջնահերթություններից են, և այս ոլորտում հիմնադրամի հետ համատեղ աշխատանքներ կարող ենք կատարել»:

«Սփյուռքի նախարարությունը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման և բարելավման գործում: Նորանշանակ նախարարի հետ այսօր քննարկեցինք, որ էլ ավելի մեծ ջանք ու եռանդ պետք է դնենք, որպեսզի Հայաստան-Սփյուռք կապերը լինեն ամենաբարձր մակարդակի վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կա ստեղծված կարծրատիպ, որ Հայաստանը Սփյուռքին օգտագործում է ավելի շատ որպես դրամական միջոցների աղբյուր: «Բայց դա սխալ կարծրատիպ է, այն ստեղծվել է այն պարզ պատճառով, որ համագործակցության մյուս ոլորտներն այդքան էլ զարգացած չեն, այսինքն՝ չի օգտագործվել Սփյուռքի գիտական ներուժը, բիզնեսմենների փորձը, այլ ոլորտների փորձը, ավելի շատ եղել է դրամահավաք»,- նշեց Արա Վարդանյանն՝ ընդգծելով, որ հենց մյուս ոլորտներում իրականացված թույլ աշխաանքների պատճառով է աչքի ընկնել դրամահավաքի ոլորտը, որը բավականին կայացած է:

Spread the love