Վանաձորցի կինը հանուն ժառանգության՝ $10 հազարով պատվիրել է հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը

Dolar

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Սուսաննա Պապոյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

53-ամյա Սուսաննային մեղադրանք է առաջադրված շահադիտական դրդումներով իր հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր սպանությունը պատվիրելու, սպանության դրդելու, սպանության նախապատրաստական գործողություններ կատարելու՝ հանցակիցներ հավաքագրելու, նրանց նյութապես շահագրգռելու, ենթադրվող հանցագործության կատարման վայրը, տուժողների բնակության վայրը մատնացույց անելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Պապոյանն իր հանգուցյալ եղբոր կնոջ՝ Լուսինեի ու վերջինիս հոր՝ Հրանտի կողմից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես պատճառված վնասի հատուցում 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված 27 միլիոն 937 հազար դրամի հայցը բավարարելու դեպքում նշված գումարի չափով գույքային պարտականությունները չկատարելու, նյութական ծախսերից խուսափելու շարժառիթով որոշել է սպանել 39-ամյա Լուսինեին ու 76-ամյա Հրանտին:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար հանցակիցներ հավաքագրելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Փարաքարում գտնվող «Նիկո» ռեստորանային համալիրում  իր նախաձեռնությամբ կազմակերպել է հանդիպում իր ազգական Արմենի ու վերջինիս ընկեր Ավետիսի հետ:

Սուսաննան նրանց պատվիրել է կազմակերպել ու իրականացնել Լուսինեի ու Հրանտի սպանությունը՝ խոստանալով յուրաքանչյուր սպանվածի համար վճարել 5 հազար դոլար:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննան առաջարկել է սպանությունը կատարել տուժողներին խեղդամահ անելու կամ բարձրությունից ցած գցելու եղանակով՝ խնդրելով դա իրագործել այն ժամանակ, երբ ինքը Հայաստանից կմեկնի Հունաստան:

Սպանությունների կազմակերպման կապակցությամբ 2015 թվականի հունվարին Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում Սուսաննան, ըստ մեղադրանքի, մեկ անգամ էլ է հանդիպել Արմենի ու Ավետիսի հետ, ստացել է պատվերը կատարելու համաձայնություն: Սուսաննան ասել է, թե ցույց կտա Լուսինեի ու Հրանտի բնակության վայրը, նրանց լուսանկարները:

Հաջորդ օրը Սուսաննան Արմենի ու Ավետիսի հետ, Արմենի վարած «Օպել» մեքենայով մեկնել է Վանաձոր: Ցույց է տվել, թե որտեղ են ապրում Լուսինեն ու նրա հայր Հրանտը:

Սուսաննա Պապոյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնել չի կարողացել, որովհետև, ըստ մեղադրանքի,  Արմենն ու Ավետիսը կամովին հրաժարվել են նրա պատվերը կատարելուց:

2015 թվականի հունվարի 22-ին Արմենը նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել՝ դրանով դադարեցնելով հանցանք կատարելուն ուղղված նախապատրաստական գործողությունները:

Ամբաստանյալ Սուսաննա Պապոյանը նախաքննության ընթացքում և դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը թշնամություն չունի հանգուցյալ եղբոր կնոջ ու նրա հոր նկատմամբ, որևէ նախապատրաստական գործողություն չի կատարել՝ նրանց սպանությունը կազմակերպելու ուղղությամբ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, վերաքննիչ դատարանում քաղաքացիական գործ է քննվել շուրջ երեք-չորս տարի՝ կապված իր հայրական տան հետ, բայց դա պատճառ չէր, որ ինքը մարդկանց սպանելու պատվեր տար:

Ինքը Արմենին ճանաչել է որպես տաքսու վարորդի, ով նաև իրենց հեռավոր բարեկամն էր: Նրա տաքսիով մի քանի անգամ գնացել է Վանաձորի դատարան, Երևանում՝ վերաքննիչ դատարան: Դա եղել է 2014 թվականի աշնանից մինչև 2015 թվականի գարուն: Դրանից հետո Արմենի հետ չի շփվել:

Մի անգամ Արմենը իր տուն է բերել իր հարազատ քրոջը, փորձել է հաշտեցնել իրենց՝ իրենք անհաշտ էին ֆինանսական խնդիրների պատճառով:

Մի անգամ էլ ինքը Արմենին տեսել է մի տղամարդու հետ: Հերթական դատական նիստից հետո գնացել են երեքով խաշ ուտելու:

Դատարանում Սուսաննան ասել է, թե Արմենի հետ խոսել է Լուսինեին ու Հրանտին վնասելու, նույնիսկ սպանելու  մասին, բայց իրականում նման մտադրություն չի ունեցել: Պատահել է՝ պահի տակ չարացած է եղել նրանց հանդեպ, քանի որ իրեն ժառանգությունից մեկուսացնելու նպատակով իր դեմ սուտ ցուցմունքներ էին տվել, ինքը մի քանի ամիս նախնական կալանքի տակ է գտնվել: Հետո արդարացվել է:

Այնուհետև Լուսինեն ու նրա հայրը անհիմն հայց են ներկայացրել իր դեմ: Միջնորդել են կալանք դնել իր գույքի վրա: Դա խանգարել է իրեն՝ ինքը ցանկանում էր Երևանի իր բնակարանը վաճառել ու իր անչափահաս երեխայի հետ մշտական բնակության մեկնել Հունաստան…

Արմենն  է իրեն առաջարկել հաշվեհարդար տեսնել Լուսինեի ու Հրանտի հետ: Նա իրեն համոզել է, որ փողի դիմաց ամեն ինչ կանի: Արմենը միշտ բողոքում էր իր նյութական վիճակից: Նրա պատկերացմամբ ինքը շատ ապահովված էր: Ինքը միշտ փոխել է խոսակցության թեման, երբ Արմենն առաջարկում էր փողի դիմաց սպանել Լուսինեին ու Հրանտին:

Պատահել է՝ ինքը Արմենին «հակընդդեմ պարզաբանող» հարցեր է տվել՝ ինչպե՞ս սպանել, ո՞ւմ միջոցով, ի՞նչ կարժենա: Բայց հետո ասել է, որ ինքը գումար չունի, տվել է անորորշ պատասխաններ: Ինքը պարզապես «հարցրել է՝ հարցնելու համար», միշտ «ցրել է» այդ թեմայով խոսակցությունները:

2014 թվականի դեկտեմբերին կամ 2015 թվականի հունվարին Արմենն Ավետիսի հետ եկել է իր երևանյան բնակարան, խնդրել է, որ ինքն իջնի՝ մեքենայի մեջ խոսեն: Ավոն գումար է պահանջել՝ 10  հազար դրամ՝ Լուսինեին ու Հրանտին վնասելու համար: Ինքը մերժել է, ասել է՝ պետք չի նման բան անել:

Այդ ժամանակ Արմենն ու Ավետիսն իրենից 5 հազար դոլար են պահանջել: Ինքը դա էլ է մերժել: Նրանք ասել են, թե խոսակցությունը ձայնագրել են, եթե ինքը փող չտա, վատ կլինի: Ասել են, թե մյուս կողմից փող կվերցնեն այդ ձայնագրության համար: Ինքն ասել է, որ անիմաստ խաղ է, ու գնացել է տուն:

Դրանից հետո Ավետիսին չի հանդիպել, Արմենի հետ երկու անգամ գնացել է Վանաձոր՝ դատական նիստերի հետ կապված: Ինքը Լուսինեի ու Հրանտի բնակարանները ցույց չի տվել: Արմենը ոստիկանների հանձնարարությամբ իր «գլխին սարքել է»:

Սուսաննան պնդել է, թե սպանության առաջարկ անողը եղել է Արմենը, «նա վիժվածք է», ասել է՝ գումար է պետք, լաց է եղել… Ինքը մերժել է, ինքը մեղավոր չէ, հանցանք չի գործել, դատարանից ակնկալում է, որ իրեն մեղավոր չճանաչի…

Տուժող Հրանտը հայտնել է, որ դուստրը՝ Լուսինեն, 2000 թվականին ամուսնացել է, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում դուստր է ունեցել:

2001 թվականին Լուսինեի ամուսնուն, որ տարադրամի փոխանակությամբ էր զբաղվում, սպանել են: Լուսինեն շարունակել է ամուսնու ծնողների հետ ապրել նրանց բնակարանում:

Վերջիններիս մահից հետո դստեր ամուսնու քույր Սուսաննան վեճի մեջ է մտել իրենց հետ՝ այդ բնակարանի ժառանգության վերաբերյալ: Մինչև օրս քաղաքացիական գործեր են քննվում, ինքը Լուսինեի ներկայացուցիչն է հանդիսանում:

Սուսաննա Պապոյանը բազմիցս է սպառնացել, որ սպանելու է իր դստերը, թոռնուհուն, քանի որ իրենք 27միլիոն դրամի հայց են ներկայացրել նրան՝ բնակարանի գույքն օտարելու պատճառով:

Հրանտը հայտնել է, թե դեպքի հետ կապված՝ ձեռք է բերել հիվանդություններ, ինսուլտ է տարել: Պահանջում է, որ Սուսաննան խստագույնս պատժվի: «Նրա տեղը կալանավայրում է… Նա չի ուղղվել ու չի ուղղվելու… Նա դաժան է, նախանձ… Մարդ չէ, չարիք է հասարակության համար…»:

Տուժող Լուսինեն հայտնել է, որ ինքը տեղյակ է՝ Սուսաննան ծանոթին բերել է Վանաձոր, ցույց է տվել իրենց տան տեղը: Սուսաննան միշտ լարված է եղել իրենց հետ, անվանել է «սոված շներ», նա սրբություն չի ճանաչել, ինքը ստիպված դուրս է եկել ամուսնու բնակարանից: Սկեսուրը կտակ է գրել հօգուտ թոռնուհու:

Դատական ակտերով երեխայի իրավունքը պահպանվել է: Ինքը մազապուրծ փախել է այդ բնակարանից, գույքը թողել է, Սուսաննան ամբողջ գույքը ծախել, ավերել է… Նրա թշնամանքն ակնհայտ էր, զանգել ու իրեն ասել է, թե սպանելու է, մորթելու է: Հիմա, որ Սուսաննան բռնված է, նոր ապահով է զգում երեխայի համար, երեխան էլ հարցնում է՝ բա որ դո՞ւրս գա…

Սուսաննան իրենից տունն էր ուզում, ամբողջն էր ուզում, նա բնակարան ունի Երևանում, Վանաձորում… Ինքը դատարանից ակնկալում է  ապահովություն իր երեխայի համար, խստություն՝ ամբաստանյալի համար…

Վկա Արմենը հայտնել է, թե Սուսաննա Պապոյանն իր ազգականն է: Նա դիմել էր իրեն՝ ասելով, որ հարթի քրոջ հետ ունեցած ֆինանսական տարաձայնությունները : Դրանից հետո նա իրեն զանգել է 2014 թվականի դեկտեմբերի վերջերին:

Ինքը հանդիպման է գնացել ընկերոջ՝ Ավետիսի հետ: Վերաքննիչ դատարանի մոտ Սուսաննան ցույց է տվել մոտ 70 տարեկան մի տղամարդու և ասել է. «Էս տականքն ա ինձ դատի տվել»: Նա ասել է, թե հանգուցյալ եղբոր կինն ու նրա հայրը իրեն դատի են տվել, որ տունը ձեռքից խլեն:

Ինքը, Ավետիսն ու Սուսաննան գնացել են խաշ ուտելու: Սուսաննան հարցրել է՝ մարդ կա՞, որ կարող է սպանել եղբոր կնոջն ու նրա հորը:

Նա Ավետիսին ասել է. «Կռված տղա ես, ծանոթներ կունենաս»: Ավետիսն ասել է, թե էդպիսի ծանոթներ չունի, բայց երբ Սուսաննան գնացել է զուգարան, Ավետիսն ասել է» «Թող սրան խոսցնեմ, տենամ ի՞նչ ա ուզում»:

Երբ Սուսաննան եկել է, Ավետիսն ասել է, թե հնարավոր է սպանություններ կատարող լինի՝ դրսից մարդ պիտի գա: Սուսաննան  ասել է, թե ամեն սպանվողի համար պատրաստ է վճարել 5 հազար դոլար: Բայց սպանությունը ոչ թե զենքով պիտի կատարվի, այլ կամ պիտի խեղդեն նրանց կամ բարձր տեղից ցած գցեն:

Եվ դա պետք է անել այն ժամանակ, երբ ինքը կմեկնի Հունաստան: Պայմանավորվել են, որ Ավետիսը մարդ գտնի…

2015 թվականի հունվարի սկզբին Սուսաննան զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել:  Գնացել են Ջրվեժի «Անուշիկ» ռեստորան: Ավետիսն ասել է, որ «դրսից» մարդ է եկել, պետք է, որ Սուսաննան ցույց տա տուժողների լուսանկարները, բնակության վայրերը:  Պայմանավորվել են հաջորդ օրը մեկնել Վանաձոր:

Մեկնել են: Սուսաննան ցույց է տվել կողք կողքի երկու շենք, ասել է, թե մի շենքում Հրանտն է ապրում, մյուսում՝ Լուսինեն: Երկու օր հետո Սուսաննան իրեն կանչել է «Վստրեչ» կամրջի մոտ, բայց  հանդիպման չի եկել: Իրենք բարձրացել են նրա տուն: Սուսաննան խառնված հարցրել է՝ սպանե՞լ են:

Հետո իջել, նստել են մեքենա: Ավետիսը հարցրել է՝ Սուսաննան պատրա՞ստ է գումարի մի մասը տալ սպանությունից առաջ՝ «գլխանց»: Սուսաննան ասել է. «Չէ, մինչև գերեզմանները չտենամ, փող չեմ տա»:

Հասկանալով, որ Սուսաննայի մտադրությունն իրական է, իրենք որոշել են դիմել ոստիկանություն… Դրանից հետո Սուսաննան էլի է զանգել, ցանկացել է հանդիպել, բայց ինքը խուսափել է… Ինքը արդարացի է եղել, թշնամություն չի արել: Եթե ոստիկանություն չհայտնեին, Սուսաննան կարող էր ուրիշի դիմել, մարդկանց կարող էին սպանել, ինքն իր պարտքն է կատարել՝ սպանության պատվերի մասին հայտնելով…

Ընդհանուր իրավասության դատարանը Սուսաննա Պապոյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Սուսաննա Պապոյանի շահերի պաշտպանը՝ փաստաբան Հրանտ Անանյանը:

Նա իր պաշտպանյալի համար արդարացում է պահանջում ոչ թե մեկ, այլ՝ երեք հիմքով՝ ապացույցների անբավարարություն, հանցակազմի բացակայություն և՝ հանցավոր մտադրությունից կամովին հրաժարում:

Պաշտպան Հ. Անանյանը նաև խնդրել է իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու դեպքում դատավճիռը պատժի մասով փոփոխել՝ մեղմացման առումով՝ պայմանական դատապարտություն կիրառել կամ ավելի մեղմ պատիժ նշանակել, քան նախատեսված է օրենքով:

Այս գործով վերաքննիչ բողոքի քննությունն արդեն տևական ժամանակ է՝ վերաքննիչ դատարանում է: Նիստերն անցկացվում են երկար ընդմիջումներով՝ վտանգի տակ դնելով քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու հնարավորությունը:

Դատական նախորդ նիստերում ամբաստանյալի շահերի պաշտպան Հ. Անանյանը հասցրել է ներկայացնել բողոքի հիմնավորումները: Բողոքի դեմ իր առարկությունները պիտի ներկայացներ գործով մեղադրողը՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արիս Բարսեղյանը:

Դատական այս նիստում նախագահող Մ. Արղամանյանը տեղեկացրեց, որ փոխվել է դատարանի կազմը՝ դատավոր Չիչոյանի լիազորությունները՝ որպես վերաքննիչ քրեական դատարանի դատավորի, դադարեցվել են, նա հիմա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Դատարանի այս կազմում, բացի նախագահողից, ընդգրկված են դատավոր Մխիթարյանն ու վերաքննիչ դատարանի նորանշանակ դատավոր Հարությունյանը:

Դատարանը վերսկսեց բողոքի քննությունը:

Հակիրճ ներկայացվեցին բողոքարկված դատական ակտի բովանդակությունը, վերաքննիչ բողոքի պահանջները:

Ամբաստանյալ Սուսաննա Պապոյանը որպես լրացում նախկինում ասածին՝ նշեց. «Խնդրում եմ բեկանել դատավճիռը: Իսկապես խիստ անարդար վճիռ է կայացվել, դատավորն առաջնորդվել է սուբյեկտիվ չգիտեմ՝ ինչով, ես ոչ մի բան չունեմ արած… Արմենը դատարանում ցուցմունք տալիս ինստրուկտաժ էր արված…

Նրա տված ցուցմունքները սուտ են… Նա սխալ հասցեներ ու տվյալներ է տվել: Ու էդ ամեն ինչի պատճառն այն էր, որ նա ինձնից պարտքով փող էր ուզել, ես մերժել էի… Նման կատերգորիայի մարդիկ կան, որ ամեն ինչի ընդունակ են… Երբ ինձ ձերբակալել էին, նա ասել էր՝ փողը տվեք, գնամ ցուցմունքս հետ վերցնեմ… Եթե հնարավոր է՝ դատավճիռը բեկանեք, գործն ուղարկեք  առաջին ատյանի դատարան, թող ուրիշ դատավոր քննի…»:

Տուժողներից ներկայացել էր միայն Հրանտ Բ.-ն: Քանի որ ինսուլտ է տարել, այնքան էլ հասկանալի չէր խոսում: Տուժողը պնդեց. «Ապացուցողական մոմենտը օրենքը կատարել է… Ամբաստանյալը ոչ մի մեղմացնող հանգամանք չունի… Նա մեր ամբողջ գույքը կլպել-տարել է, ուզում էր մեզ սպանի, որ մեր պահանջած 27 միլիոնը չվճարի: Իմ գլխին պիտի խփեին-սպանեին, իսկ աղջկաս՝ Լուսինեին 9-րդ հարկից պիտի ցած գցեին…

Մենք գործի քննության ընթացքում տրանսպորտային և այլ ծախսեր ենք կատարել և պահանջել ենք 5 միլիոն դրամ… Ես հիվանդացել եմ, երբ իմացել եմ, որ աղջկաս ու ինձ ուզում էին սպանել՝ ո՞ր մի ծնողը հուզմունք չէր ապրի… Պահանջում եմ, որ Սուսաննա Պապոյանի պատիժը 1 րոպեով կամ 1 ժամով չմեղմացվի: Ի՞նչ արդարացման մասին է խոսքը: Պաշտպանի բողոքն անհիմն է, պետք է մերժել…»:

Մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանը իր առարկությունները սկսեց այն մտքից, որ Սուսաննա Պապոյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես ծանր հանցագործության՝ ծանրացուցիչ հանգամանքներում երկու անձի սպանության նախապատրաստության համար: Նախապատրաստության՝ հանցագործության կատարման «այլ պայմանների ստեղծման» մեջ ընդգրկվում են հանցակիցների հավաքագրումը, նրանց հետ նախնական համաձայնության գալը, նյութապես շահագրգռելը, ենթադրվող հանցագործության կատարման վայրի առանձնահատկությունների, ենթադրյալ զոհերի բնակարանների ուսումնասիրությունը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքելը…

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Սուսաննա Պապոյանը այս բոլորը կատարել է՝ նա հանցակիցներ է հավաքագրել Փարաքարի «Նիկո» ռեստորանում, առաջարկել է ենթադրյալ զոհերին կյանքից զրկելու տարբերակներ, ենթադրյալ հանցակիցներին ցույց է տվել զոհերի բնակության վայր շենքերը, ենթադրյալ զոհերի լուսանկարները, խոսել է ենթադրյալ հանցագործության կատարման համար վճարվելիք գումարների մասին և այլն…

Մեղադրողի խոսքն ընդհատեց դատավոր Մխիթարյանը՝ հարցնելով, թե ո՞րն է ամբաստանյալին մեղսագրված հանցագործության կատարման վայրը:

Դատախազն անդրադարձավ սպանության նախապատրաստության առանձնահատկություններին՝ նախապատրաստական գործողությունները կատարվում են տարբեր վայրերում, մասնավորապես՝ ըստ քրեական գործի նյութերի՝ նման գործողություններ կատարվել են Փարաքարի «Նիկո» ռեստորանում, Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանում, «Վստրեչի» կամրջի մոտ, Վանաձորում…

Անդրադառնալով վերաքննիչ բողոքում պաշտպանի նշած հանգամանքին, որ Սուսաննա Պապոյանը չի իմացել ենթադրյալ հանցակիցների կողմից իրավապահներին դիմելու մասին, դատախազը նշեց, որ դա արգելք չի եղել, որ նա նույն ենթադրյալ հանցակիցներից պահանջի դադարեցնել սպանության նախապատրաստությունը, բայց ամբաստանյալը շարունակել է «պասիվ վարքագիծ» դրսևորել՝ փաստացի չդադարեցնելով  սպանության նախապատրաստությունը:

Դատախազը նշեց՝ օրենքով է սահմանված՝ ինչքան ծանր է հանցագործությունը, այնքան երկար ժամանակ  է տրամադրվում դրա նախապատրաստությանը:

Տվյալ դեպքում խոսքը գնում է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության մասին, հետևաբար՝ պաշտպանական կողմի պատճառաբանությունը, թե տևական ժամանակ Սուսաննա Պապոյանը որևէ կոնկրետ գործողություն չի կատարել, հիմնավոր չէ…

Մեղադրող Ա. Բարսեղյանը նշեց՝ դատաքննության ընթացքում Սուսաննա Պապոյանը «կատարածի համար անկեղծորեն զղջալու փոխարեն անհաջող փորձեր է կատարել իրականությունը խեղաթյուրելու համար» ու պնդել է, թե ինքը տուժողներին սպանելու պատվեր չի տվել:

Դատախազն անդրադարձավ ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի այն մտքերին, թե Արմեն Պ.-ն նախկինում դատապարտված էր եղել, «վիժվածք» էր, խարդախ, հենց նա է «պրովոկացիոն» խոսակցություններ վարել՝ Սուսաննա Պապոյանին դրդելով իր ախոյանների սպանության մասին խոսելու:

Դատախազը տարակուսեց՝ այո, Արմեն Պ.-ն նախկինում դատված է եղել, երկրորդ ենթադրյալ հանցակիցը՝ Ավետիսը, նույնպես դատված է եղել՝  ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար, բայց ո՞ւմ պիտի սպանության պատվեր տար ու հավաքագրեր Սուսաննա Պապոյանը՝ ազնիվ մարդկա՞նց… Նա հավաքագրել է հենց ծանր հանցագործություն կատարելու՝ ենթադրաբար ունակ մարդկանց:

Եթե անգամ Արմեն Պ.-ն «պրովոկացիոն» խոսակցություններ է վարել Սուսաննա Պապոյանի հետ, վերջինս, տուժողներին սպանելու մտադրություն չունենալու դեպքում, տոն չէր տա այդ խոսակցություններին, չէր շարունակի այդ խոսակցություններն ու հանդիպումները…

Դատավորները դատախազին հարցեր տվեցին այս գործի քննության ընդդատությունը որոշելու, քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության ուղարկելու վերաբերյալ:

Դատախազը, նշելով, որ սպանությունների նախապատրաստության մի շարք գործողություններ կատարվել են Արմավիրի մարզի տարածքում, միաժամանակ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում ընդդատության հարց բարձրացված չէ, իսկ վերաքննիչ դատարանը գործը կարող է քննել միայն վերաքննիչ բողոքի շրջանակներում:

Դատավորները դատախազին նույնիսկ հիշեցրին, որ  ընդդատության հարցը այն «կարևորագույն հարցերից մեկն է, որ դատարանը պարտավոր է պարզել, դա դատավճիռը բեկանելու հիմքերից է՝ անկախ վերաքննիչ բողոքում ընդգրկված լինելուց»:

Դատախազը պնդեց, որ այս գործի քննության ընդդատությունը խախտված չէ:

Որոշակի լարվածություն էր զգացվում դատարան-դատախազ երկխոսության մեջ՝ դատախազն իր խոսքի ընդհատումները համեմատեց պաշտպանի երկարաշունչ ելույթի չընդհատման հետ, իսկ դատարանը արդեն ակնարկում էր դատավճռի բեկանման հիմքերի մասին:

Ի վերջո՝ նախագահողն ընդունեց, որ դատարանի հարցերում միգուցե որոշ «շտապողականություն է զգացվում», բայց դա՝ միայն այն պատճառով, որ դատավորները պետք է հասցնեն Աջափնյակի դատարան գնալ՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու համար:

Դատախազը վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր առարկությունները կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստում՝ հունիսի 27-ին:

Spread the love