Վարչապետն ու ԱԱԾ-ն պարզապես չեն հավատում օլիգարխիայի արցունքներին

- in Կարծիք
Oligarxner Serj Lfik Samvel

Այս շաբաթը շրջադարձային է թավշյա հեղափոխության արդյունքները կապիտալացնելու տեսանկյունից:

Հունիսի 7-ին մեկնարկում է խորհրդարանի արտահերթ նիստը, որի օրակարգում կառավարության ծրագրին հավանություն տալու հարցն է: Կասկած չկա, որ գործող խորհրդարանը հավանություն է տալու Նիկոլ Փաշինյանի կաբինետի ծրագրին: Այս իրադարձությունն ինքնին կանխատեսելի է, սակայն խիստ ուշագրավ է այլ գործոնների համատեքստում:

Խորհրդարանը, կողմ քվեարկելով կառավարության ծրագրին, ըստ էության ճանապարհ է բացում իր արձակման համար, որը տեղի է ունենալու ամենաուշը մեկ տարի հետո: Հետաքրքիր է, որ խորհրդարանում ներկայացված ոչ մի քաղաքական ուժ՝ թերևս բացառությամբ Նիկոլ Փաշինյանի փոքր թիմի, սկզբունքորեն կողմ չի արտահերթ ընտրություններին, սակայն այս շաբաթ, ըստ էության, կապիտուլացվել են՝ ընդունելով հեղափոխության օրակարգը:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ մինչև խորհրդարանի արտահերթ նիստը ՀՀԿ-ն կարող է զրկվել խորհրդարանում ունեցած ֆորմալ մեծամասնությունից, և Փաշինյանն անգամ ձևականորեն գուցե առիթ չունենա բանակցել ՀՀԿ խմբակցության հետ: Այս պահին ՀՀԿ ֆրակցիան փաստացի ունի 54 պատգամավոր և դեռ մեծամասնություն է խորհրդարանում, սակայն երեկ երեկոյան խիստ ուշագրավ լուր է տարածել aravot.am կայքը, որի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թևի մի քանի օլիգարխ պատգամավորներ: Շրջանառվում են Սամվել Ալեքսանյանի և Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները: Կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ գործարար թևի ներկայացուցիչներն օրերս Արայիկ Գրիգորյանի առանձնատանը հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը կայացել է գործարարների նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը դեմ չի եղել գործարարների՝ ՀՀԿ-ից հեռանալուն, եթե դա կնպաստի նրանց գործունեությանը:

Ըստ այլ հավաստի աղբյուրների՝ առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը լքելու են մոտ տասը պատգամավոր՝ հիմնականում օլիգարխիան ներկայացնող օդիոզ դեմքեր: Սա ներքաղաքական շրջադարձային իրադարձություն է, որովհետև ՀՀԿ-ն կորցնում է մեծամասնությունը խորհրդարանում, ինչը Փաշինյանի թիմին հնարավորություն է տալիս կադրային հարցեր լուծել արդեն խորհրդարանում, նաև որոշ պետական անկախ մարմիններում, որոնց ղեկավարներն ընտրվում են խորհրդարանի կողմից:

Գուցե պարադոքսալ է, սակայն օլիգարխիայի հեռացումով ավելի շատ շահում է ՀՀԿ-ն, որը քաղաքական նախագիծ դառնալու շանս է ստանում, քան հեռացողները, որոնք, ըստ էության, քաղաքական բոմժի կարգավիճակում են հայտնվում՝ անգամ իսկ չարժանանալով Նիկոլ Փաշինյանի կառավարության «համաներմանը», որովհետև վարչապետն ու ԱԱԾ-ն պարզապես չեն հավատում օլիգարխիայի արցունքներին:

Spread the love