Վիլիամ Թեն. «Կատակասերը»

grqer

Կիրակնօրյա ընթերցումներ.

Կա մի այսպիսի ասացվածք, որ պստլիկ կաղիններից աճում են վիթխարի կաղնիներ, բայց չգիտես ինչու չեն խոսում պստլիկ կաղնիների մասին, որոնք ծնվում են վիթխարի կաղիններից։ Իսկ չէ որ այդպես էլ է պատահում։ Կարելի է վթարի չենթարկվել, բայց՝ խրվել։ Եվ դեռ հայտնի չէ, թե որն է վատ։ Մի գեղեցիկ առավոտ, մոտավորապես 2208 թվականին, ոմն ոչ հիմար, կենսուրախ, բայց չափազանց ճարպիկ երիտասարդ մարդ արթնացավ եւ հայտնաբերեց, որ գործը տանուլ է տվել իր իսկ սեփական հանճարեղ գաղափարի պատճառով։

Շա՜տ ափսոս։

Վաղուց, շատ վաղուց, իննը հարյուրական թվականների սկզբում մարդիկ հանկարծ հայտնաբերեցին, որ աշնանային ցուրտ երեկոյան ավելի հաճելի է տանը գրամոֆոն լսել, քան անձրեւին ու ճլոփին օպերետա գնալ։ Մոտավորապես այդ ժամանակ էլ, տանտերերը, մտահոգվելով հյուրերի բռունցքների համար, սկսեցին գնել էլեկտրոնային զանգեր, իսկ որոշ ժամանակ անց հնարավորություն ստեղծվեց պարզապես կոճակը սեղմելով դուռը բացել եւ ներս թողնել փողոցում կանգնած մարդուն։ Լաբորատորիաներում գիտնականներն արդեն աշխատում էին առաջին ֆոտոտարրերի վրա։

Ռադիոն ու կինեմատոգրաֆը իրար մեջ բաժանել էին զվարճությունների շուկան։ Այդ ընթացքում բոսսերը գլխի ընկան, որ դիկտոֆոնը, ի տարբերություն սղագրուհու՝ սխալներ չի անում, իսկ նամակների մեխանիկական տեսակավորողը կարող է փոխարինել կլերկների մի ամբողջ բանակի։ Հեռուստացուցային խելացնորության թեժ օրերին ո՞ր հարսնացուն չի երազել ավտոմատ խոհանոցի մասին, որն անմռունչ ենթարկվում է անփութորեն նետված հրամանին՝ բիֆշտեքս տապակել այսինք ժամին, այսքան րոպե հետո վրան լցնել այսինչ սոուսը։ Առավել շքեղ մոդելները նույնիսկ ունեին բուրմունքների կարգավորիչներ եւ նշանավոր խոհարարի ռեցեպտով սալաթը ավելի լավ էին պատրաստում, քան ինքը՝ խոհարարը։ Այնուհետեւ հայտնվեց Ռադիոյով էներգիայի ունիվերսալ հաղորդման սիստեմը (ՌԷՈՒՀՍ), հեռուստացույցը յուրացրեց երրորդ չափումը, իրեն վերանվանեց հեռադար եւ այնպես էժանացավ, որ նույնիսկ ամենաաղքատ էսկիմոսն էլ կարող էր գնել, իսկ հեռադարությունն էլ (սա արդեն հենց այնպես, որ խոսք եղավ) դարձավ արդյունաբերության միակ բնագավառը, որտեղ դերասանները դեռ հաջողացնում էին հացի փող վաստակել։

Եվ այսպես, հեռադարը զվարճացնում էր, ՈՒԷՈՒՀՍ֊ի սնուցումով ռոբոտները վարում էին տնտեսությունը, ավտոմատ մարդատար հրթիռները թռչում էին արեգակնային համակարգության բոլոր անկյունները ճիշտ ըստ չվացուցակի… Մի խոսքով, էլ ի՜նչ պիտի ուզենար մարդը։

Եվ ահա մի գեղեցիկ առավոտ… այո, 2208 թվականին…

Կոմիկ Լեսթիի («Ծիծաղեք Լեսթիի հետ» ծրագրից) հյուրասենյակում մի ակնթարթ բռնկվեց մուտքի դռան էկրանը, որը կախված էր ջեռուցման հինավուրց, անգին մարտկոցի վերեւում։ Հաջորդ վայրկյանին էկրանի վրա հայտնվեց մի թիկնեղ կերպարանք՝ «Տնային ծառայություն» մակագրությամբ սաղավարտով։ Նրա ոտքերի մոտ դրված դեղին մեծ արկղը գրեթե գրավել էր ամբողջ էկրանը։

— Կոմիկ Լեսթի՞։ Ես «Ռոլգ֊Ռոբոտների նորոգում եւ վերափոխում» ֆիրմայից եմ։ Ստացեք ձեր ունիվերսալ սպասավորին։ Ձեր պահանջով մենք նրան լցոնել ենք հազար ու մի կցորդներով։ Միայն թե նախ ստորագրություն տվեք, որ հրաժարվում եք պահանջներից եւ հնարավոր վնասների բոլոր ծախսերը վերցնում եք փեր վրա։

— Բըռ՜֊ըռ՜,— շիկահեր երիտասարդը թափ տվեց գլուխը, ցրելով քնի մնացորդները, եւ նրա դեմքն ստացավ մտահոգ արտահայտություն։— Ես իմ մահվան դատավճիռն էլ կստորագրեմ, միայն թե այդ ռոբոտը կարողանա ուզածս անել։ Հե՛յ, դուռը,— գոռաց նա,— քսաներե՛ք, լսո՞ւ ես, քսաներե՛ք։

Դուռն արագ վեր սահեց։ Մեխանիկը չրխկացրեց տիեզերական ձգողականության ճառագայթիչի տումբլերը, արկղը սահուն մտավ սենյակ եւ կամացուկ դիպավ դիմացի պատին։

Լեսթին ներվային շարժումով շփեց ձեռքերը։

— Հույս ունեմ…

— Այ երբեք մտքովս չէր անցնի, միսթր Լեսթի, որ ինձ նման հասարակ մարդուն կվիճակվի տեսնել ձեզ։ Դե մեր աշխատանքի շնորհիվ շատ նշանավոր մարդկանց ենք տեսնում։ Այ, օրինակ երեկ երկու ռոբոտ տարա հենց ոստիկանության կոմիսարին։ Մենք դրանց սարքավորել ենք ստի դետեկտորներով ու նույնիսկ պղնձյա ճակատներ ենք սարքել, որ նրանք իսկ ու իսկը փարավոնների նման լինեն։ Տիրուհիս նախանձից կպայթի, որ իմանա, թե խոսել եմ հեռադարի ամենանշանավոր կոմիկի հետ… Գիտեք, միսթր Լեսթի, նա միշտ ասում է…

— Ոչ մի միսթր։ Ուղղակի Լեսթի… Կոմիկ Լեսթի— ինձ հետ ծիծաղի։

Մեխանիկը փայլում էր ժպիտից։

— Դե իսկը ոնց որ էկրանից…

Նա ճառագայթիչն ուղղեց արկղի վրա եւ տումբլերը դրեց «քայքայում» դիրքով։

— Գիտեք, մեր տղերքից մեկը դուրս էր տալիս, թե դուք ուզում եք, որ ռոբոտը ձեր փոխարեն ամեն տեսակ կատակներ հնարի։ Դե, ես էլ նրան ասացի․ «Իսկ չե՞ս ուզում մռութիդ հասցնեմ»։ Ես հո գիտեմ, որ դուք ձեր կատակները տեղնուտեղն եք հնարում։

— Բա իհարկե՜։— Զարմանք։ Բարձր ծիծաղ։— Հապա՜ մի մտածիր, «Կոմիկ Լեսթի»$ ինձ հետ ծիծաղի»֊ն կատակներ է պատվիրում։ Ի՜նչ ասես, որ չեն հնարի չար լեզուները։ Իսկ դուք գիտե՞ք, թե երկրպագուներս ինձ ինչ են ասում․ «Կատակի արքա, զվարճախոսության արքայազն, բերանը բացի՝ ծիծաղից կլացացնի»։ Ու հանկարծ եւ ուրիշի հուշելով աշխատե՞մ։ Այ քեզ անհեթեթություն։ Պարզապես ես մտքիս դրել եմ մի չտեսնված բան․ Արեւմտյան կիսագնդի մեծագույն կոմիկին սպասարկում է սրախոս֊ռոբոտը։ Հա՛։ Ապա մի նայեցեք նրան։

Լսվեց թույլ ճայթյուն․ դա դեզինտեգրացնող ճառագայթը դեղին արկղը մոխրի վերածեց։ Երբ փոշու ամպը նստեց, նրանց առջեւ կանգնեց հինգ ֆուտ հասակով, մուգ կարմիր մետաղից ռոբոտը։

— Դուք այլանդակե՜լ եք նրան,— զայրացած բացականչեց Լեսթին։— Ես վերափոխման ուղարկեցի 2207 վերջին մոդելը, շրջահոսուն ձեւով, գլանաձեւ իրանով։ Իսկ դուք ինձ վերադարձնում եք մետաղչա տանձի պես մի բան… Գրողը տանի… սա ոչ թե ռոբոտ է, այլ ցմփոր… Ոտքերն էլ ծուռ։

— Լսեք, սըր։ Ձեր անեկդոտների ցուցակը նրա մեջ չէր մտնում նույնիսկ միկրոլարի վրա ձայնագրելուց հետո էլ։ Եվ մեր տեխնիկները ստիպված եղան լայնացնել նրա մարմնի ստորին մասը։ Իսկ դուք հալա խնդրել էիք, որ ռոբոտը կարողանա դիմափոխել սրամտությունները։ Տղերքը շատ չարչարվեցին, մինչեւ որ սարքեցին հատուկ կցորդ֊վարիացիոն փոխակերպիչ․ անունն իրենք են դրել։ Այստեղից էլ՝ լրացուցիչ քաշը՝ լրացուցիչ ծավալը։ Թույլ տվեք միացնեմ նրան։

Մեխանիկը ռոբոտի ծոծրակի անցքի մեջ մտցրեց իրիդիումից սարքած կոր ձողիկը՝ ռոբոտեխնիկական ունիվերսալ բանալին։ Երկու լրիվ պտույտ, չրխկոց, եւ ռոբոտի ներսից լսվեց աշխատող մեխանիզմների թույլ գվվոցը։ Մետաղյա ձեռքերը հնազանդություն արտահայտող սիմվոլիկ ձեւով հպվեցին մետաղյա կրծքին։ Կոր հոնքերը վեր բարձրացան։ Բերանը հարցականորեն բացվեց։

— Պահո՜,— զարմացավ մեխանիկը։— Համա՜ մռութ է։ Ու ինչ էլ վերեւից է նայում։

— Սա հարսնացուիս հորինածն է,— հպարտությամբ ասաց Լեսթին։— Ջոզեֆինա Լիսսին, կիմանաք, որ երգում է իմ ծրագրերում։ Նա պնդում է, որ հնում ճիշտ այսպիսի տեսք են ունեցել ծառայապետները… ոնց որ հնադարյան Անգլիայում։ Նա նույնիսկ հարմար անուն է դրել նրան։ Հապա, Ռուպերտ, մի անեկդոտ ասա։

— Ո՞րը, սըր,— ճռնչաց Ռուպերտը։

Նրա ձայնը սինուսոիդի պես մեկ բարձրանում էր, մեկ իջնում։

— Որը կուզես։ Հասարակ ու ծիծաղելի, ճանապարհային սերիայից։

— Գինսբերգն առաջին անգամ էր թռչում Մարս,— սկսեց Ռուպերտը,— նրան նստեցրին ռեստորանի մի սեղանի մոտ եւ ասացին, որ հարեւանը լինի ֆրանսիացի։ Այդ…

Մեխանիկը ձեռքով խփեց մետաղյա կրծքին։

— Այ մի հատ էլ կցորդ֊մեզոնային ֆիլտր։ Դուք ուզում էիք, որ նա տարբերեր իր կատակների մեջ ծիծաղի լիցքը եւ դրանք հարմարեցներ լսարանին, որքան էլ որ դա թանկ արժենար։ Իսկ մեր ինժեներներին էլ միայն դժվար գործ տուր՝ կաշվից դուրս կգան, բայց գլուխ կբերեն։

— Եթե այդպես է, ասա իմ ընկեր֊երգիծաբանները իրենց հացը կերան,— չարախնդորեն փնթփնթաց Լեսթին։— Տեսնենք, ով կծիծաղի վերջինը, կոմիկ Լեսթին, թե այդ ժլատ Գրինն ու Անդերսենը։ Գոնե գրել իմանային։

—… Ֆրանսիացին, տեսնելով, որ Գինսբերգն արդեն նստած է սեղանի մոտ, կանգ է առնում, չրխկացնում կրունկները եւ ցածր խոնահրվում։ «Բոն ապետիտ»,— ասում է ֆրանսիացին։ Գինսբերգը, աշխատելով ետ չմնալ նրանից, վեր է կենում տեղից եւ…

— Ասո՞ւմ եք, մեզոնային ֆի՞լտր։ Էհ ին,֊ ճիշտ է, դուք ինձանից գալակտիկական գումար պոկեցիք, բայց եթե Ռուպերտը սարքված է մեր ուզածի պես, ապա իր գինը կհանի։ Միայն ափսոս, որ մարմինը տգեղացրել եք։

—… կրկնվում էր այդ կարճ երկխոսությունը։ Վերջապես, ճանապարհորդության վերջին օրը Գինսբերգը գտավ ստյուարդին եւ խնդրեց բացատրել իրեն…

— Մենք ավելի լավ ամեն ինչ կտեղավորեինք, եթե դուք այդքան չշխապեիք։ Բայց դուք անպայման ուզում էիք չորեքշաբթի օրը ետ ստանալ նրան, եւ ոչ մի օր ուշ։

— Այո, ես այսօր հաղորդում ունեմ։ Ինձ պետք է… ոգեշնչում, որն ինձ կտա Ռուպերտը։— Լեսթին հուզված խառնշտորեց մազերը։— Երեւում է, նա լավ վիճակում է։

—… մոտեցավ ֆրանսիացուն, որն արդեն նստած էր սեղանի մոտ։ Գինսբերգը չրխկացրեց կրունկները, խոնարհվեց եւ ասաց․ «Բոն ապետիտ»։ Ֆրանսիացին հիացմունքից վեր թռավ տեղից…

— Դե բարի եղեք ստորագրելու այս թուղթը։ Սովորական ստացական՝ ընդունված կարգով։ Դուք ձեր վրա եք վերցնում ռոբոտի բոլոր գործողությունների ողջ պատասխանատվությունը։ Առանց դրան ես իրավունք չունեմ նրան թողնել ձեզ մոտ։

— Ինչի մասին է խոսքը,— բացականչեց Լեսթին։— Ինչ որ ուզում եք՝ կստորագրեմ։

—… «Գինսբերգը»,— բացականչեց ֆրանսիացին։

Ռուպերտը լռեց։

— Վատ չի։ Չնայած ավելի լավը կարելի էր սպասել։ Ես կուզեի… Ատոմն ինձ շանթի, սա ի՞նչ բան է։— Լեսթին նույնիսկ տեղիր վեր թռավ անսպասելիությունից։

Տեղում անշարժացած ռոբոտը ճռճռում էր, խզխզում եւ դռդռում ատամնաանվակներով, ասես քանդվում էր մաս֊մաս։

— Ախ, սա՞,— ձեռքը թափ տվեց մեխանիկը։— Աննշան անփութություն։ Չկարողացանք վերացնել շտապելու պատճառով։ Որքանով կարողացանք պարզել, սա մեզոնային ֆիլտրի կողմնակի էֆեկտն է։ Ռոբոտը պարզապես զվարճալի կատակները տարբերում է շատ ծիծաղելիներից։ Ինչպես ասված է բնութագրի մեջ՝ «գրոտեսկի էլեկտրոնային տարբերակում»։ Մարդու մոտ դա կոչվում է հումորի զգացում։

— Հըմ, աստված չանի, որ մարդ այդ ճռճռոցը լսի հաղորդման ժամանակ։ Ռոբոտ, որ ծիծաղում է սեփական կատակների վրա։ Բըռ՜֊ռ, ինչ ձայներ են։— Լեսթին սարսռաց։— Հեյ, Ռուպերտ, ինձ համար ապա մի սարքիր Երաստիճան Լուսնային։

Մետաղյա հսկան շրջվեց եւ, օրորվելով ծուռտիկ ոտքերի վրա, գնաց դեպի խոհանոց։ Նայելով ռոբոտի երերուն քայլվածքին, երկու հանդիսատեսներն էլ չկարողացան ծիծաղները զսպել։

— Ահա ձեր չարչարանքի համար։ Ափսոս, որ էլ մանր չունեմ։ Ուզո՞ւմ եք մի տուփ «Աստղաչափ»։ Իմ ռեկլամողը գլխիս ինչքան ասես սիգարեթ է լցրել։ Ինչ տեսակ բուրմունքով կուզեիք՝ մատուտակի՞, թե՞ թխկիի։

— Ես սովորաբար վերցնում եմ անտառի խնձորի հոտով։ Տիրուհիս էլ… Անչափ շնորհակալ եմ։ Հուսով եմ, որ դուք գոհ կլինեք։

Մեխանիկը ճառագայթիչը դրեց գրպանը եւ դուրս եկավ։

— Երեք քսան,— նրա հետեւից գոռաց Լեսթին։ Դուռը անաղմուկ ցած սահեց։

Ռուպերտը կաղեկաղ մտավ հյուրասենյակ, ձեռքին բռնած հնարամտորեն ոլորված պարուրաձեւ խողովակ, որը լցված էր սպիտակ, կանաչ եւ դեղին հեղուկներով։ Կոմիկը միանգամից դատարկեց այն, աղմուկով արտաշնչեց եւ ձեռքով հարթեց մազերը։

— Այ սա լավ էր։ Իսկը թույն։ Քո կոկտեյլային բլոկը սարքող տղան, երեւում է, էլեկտրոնիկայից լավ է գլուխ հանում։ Իսկ հիմա լսիր։ Ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, թե քեզ ոնց պիտի գործի դնեմ… Այսինքն դու հո կարդալ գիտե՞ս։ Ահա այսօրվա հաղորդման սցենարը, այստեղ իմ իմպրովիզացիաները, իհարկե, դեռ չկան։ Մեքենագրի ինձ համար սցենարը եւ յուրաքանչյուր ընդգծված ռեպլիկայի համար մի կատակ հնարի։ Ես դրանք կսովոեմ ու հաղորդման ընթացքում կմատուցեմ որպես իմ էքսպերիմենտները։ Այսինքն, չարժի, որ դու իմանաս այդ մասին։ Գնա աշխատիր։

Ռոբոտը անմռունչ թերթեց սցենարը եւ յուրաքանչյուր բառը մի ակնթարթում տպվաորվեց նրա էլեկտրոնային հիշողության մեջ։ Հետո սցենարը շպրտեց հատակին եւ ուղղվեց էլեկտրական գրամեքենայի կողմը։ Մոտենալով, մի կողմ շպրտեց աթոռը։ Նրա մետաղե ոտքերը ներս մտան իրանի մեջ այն չափով, որ ձեռքերը լինեն ստեղների մակարդակին։ Մատները թմբկահարեցին ստեղները։ Մեքենայի միջից իրար հետեւից դուրս էին թռչում մեքենագրված թերթերը։

Լեսթին հիացած նայում էր ռոբոտին։

— Եթե նա գոնե կիսով չափ նույնքան ծիծաղելի է գրում, որքան որ արագ՝ էլ ինձ բան պետք չէ։— Կոմիկը կռացավ եւ հատակից հավաքեց Ռուպերտի թափած էջերը։— Առաջ նա այսպիսի բան չէր անում։ Քանի դեռ նրան վերանորոգման չէի տվել, նրանից մաքրասեր եւ կանոնավոր մեքենա չկար աշխարհիս երեսին, անընդհատ հավաքում էր հետեվիցս։ Ինչ արած, հանճարներն էլ ունեն իրենց տարօրինակությունները։

Որպես պատասխան այս խոսքերի՝ զնգաց հեռախսկը։ Լեսթին ժպտաց եւ բռնեց լսափողը, որը առաստաղից թռավ ուղիղ իր ձեռքի մեջ։

— Ռադիոկենտրոն,— ասաց լսափողը։— Ձեզ կանչում է միսս Ջոզեֆինա Լիսսին։ Ո՞ւմ կոդով կօգտվեք, ձե՞ր, թե նրա։

— Իմ։ Կա— հարյուր երեսունչորս — Էլ։

— Միացնում եմ։ Խոսեք։

Ռադիոֆոնը մի քանի անգամ չրխկաց, հավաքելով Լեսթիի անձնական կոդը, այդ նույն ալիքով կարող էին օգտվել միլիոնավոր մարդիկ, սակայն կոդավորող հարմարանքը թույլ էր տալիս խոսել՝ ուրիշների կողմից լսվելու վտանգին չենթարկվելով։

Ռադիոֆոնի մեջ դրված պստլիկ էկրանի վրա հայտնվեց Լեսթիի մազերի պես գազարագույն մազերի խրձով մի աղջիկ։

— Բարեւ, Շեկլիկ,— ժպտաց նա։— Հապա մի գտիր, թե ինչ պիտի քեզ ասեմ։ Ջոզին սիրում է Լեսթիին։

— Խելոքս։ Սպասիր, ես փոխեմ արտացոլումը։ Այս էկրանից աղքերս ցավում են։ Այնքան փոքր է, որ դու մեջը չես տեղավորվում։

Լեսթին ռադիոֆոնի թասակը պտտեցրեց եւ միացրեց դռան էկրանը։ Ապարատը թռավ առաստաղի վրայի իր բույնը։ Կոմիկը սեղմեց դռան մոտի պուլտի կոճակը եւ գոհունակությունից տնքալով պառկեց բազմոցին։ Ջեռուցման մարտկոցի վերեւի մեծ էկրանի վրա հայտնվեց կենսախինդ Ջոզեֆինա Լիսսին։

— Լսիր, հնարամիտս, սիրային քնքշությունների ժամանակը չի հիմա։ Ես միայն գործից կխոսեմ։ Գրինն ու Անդերսենը ամեն ինչ ասել են Գասկելին։

— Ի՞նչ։— Լեսթին վեր թռավ տեղից։— Ինչպե՞ս են համարձակվել։ Ես նրանց դատի կտամ։ Մեր պայմանագրում հատուկ կետ կա՝ հասարակությունը չպետք է իմանա, որ նրանք ինձ համար են աշխատում։

— Ի՜նչ օգուտ,— ուսերը թոթվեց Ջոզին։— Բացի այդ, նրանք հո հասարակությանը չեն ասել, այլ Գասկելին։ Բայց դե դու նույնիսկ դա էլ չես ապացուցի։ Ինձ գաղտնի ասացին, որ Գասկելը կատաղությունից իրեն կորցրել է եւ ամեն տեղ քեզ է փնտրում։ Գրինն ու Անդերսենը նրան հավատացրել են, որ առանց իրենց հուշաթերթիկի դու երկու խոսք էլ չես կարող ասել։ Գասկելի համար միեւնույն է՝ դրանք էքսպրոմտներ են, թե անգիր արած տեքստ, բայց նա վախենում է, որ կձախողվի իր առաջին ռեկլամային հաղորդումը։

— Մի հուզվիր, Ջոզի,— ժպտաց Լեսթին,— դեռ բախտը կժմտա մեզ…

— Սա ի՞նչ բան է,— ճչաց Ջոաին։— Երդվում եմ հանգուցյալ տատիկիս սիրած տիեզերական օպերայով, որ կյանքումս այդպիբի բան չեմ լսել։

Այն, ինչ կյանքում չէր լսել Ջոզին, ահասարսուռ կակաֆոնիա էր՝ մետաղի ճռնչոցից, զնգոցից, շրխկոցից եւ ականջ ծակող չշոցներից բաղկացած։ Լեսթին արագ շրջվեց։

Ռուպերտը մեքենագրելը վերջացրել էր։ Մուգ կարմիր մատներով նա բռնել էր սցենարի երկար էջերը եւ դողում էր ամբողջ իրանով։

— Դըմփ, շրը՜խկ֊շրը՜խկ,— լսվում էր նրա ներսից։— Բը՜խչ։ Բա՜նգ։ Բո՜նգ։ Կռ֊ըռ֊ռո՜ւմ։

Թվում էր, թե քարջարդիչ մեքենան բետոն է մանրացնում։

— Ա֊ա՜, դա Ռուպերտն է։ Նրա արտանետումն է։ Ոնց որ մարդկանց մոտ հումորի զգացումը։ Ճիշտ է, նա մարդ չի, բայց երեւում է, նրան շատ են դուր գալիս սեփական կատակները։ Էհ, Ռուպերտ, այստեղ արի։

Ռոբոտը դադարեց շրխկալ եւ, ամբողջ հասակով մեկ կանգնելով, քայլեց դեպի էկրանը։

Ե՞րբ են նրան բերել, — հարցրեց Ջոզին։— Նրան լցրել են… Օյ, այս ոնց են այլանդակել նրան։ Կարծես ջրգողությամբ հիվանդ լինի, փորն ի՜նչ ուռած է։ Իսկ ո՞ւր է չքվել նրա դեմքի գոռոզամիտ արտահայտությունը։ Նա հիմա շատ տխուր է։ Խղճուկ Ռուպերտ։

— Երեկակայության սին խաղ,— պատասխանեց Լեսթին։— Ռուպերտը անկարող է փոխել իր դեմքի արտահայտությունը, եթե նույնիսկ ուզենա էլ։ Սենեկապետի պարտականունները կատարելու համար նրան այնքան է պետք երեւակայություն, որքան ժամացույցին՝ ժամանակը ցույց տալու համար։ Իսկ հիմա նա միաժամանակ նաեւ սրամտությունների քայլող կատալոգ է, նրա ներսում դրված է… ը… ը… ո՞նց էր կոչվում… վարիացիոն փոխակերպիչ… Շատ էլ որ նա անուն ունի, եւ ոչ թե սոսկ սերիական համար, ինչպես մյուս տնային մեքենաները, դա դեռ չի նշանակում, որ նա կարող է ինչ֊որ բան զգալ։

— Իսկ ինչո՞ւ չի կարող։ Ռուպերտն ամեն ինչ զգում է։ Չէ՞, Ռուպերտ,— գեղգեղաց աղջիկը։— Դու ինձ հիշո՞ւմ ես, Ռուպերտ։ Իմ անունը Ջոզի է։ Ո՞նց ես ապրում։

Ռոբոտը լուռ նայում էր էկրանին։

— Քո բոլոր կանացի անհեթեթ քմահաճույքներից…

Ինչ֊որ բան չրխկաց։ Ռուպերտը կրունկներն իրար զարկեց։ Նրա իրանը կռացավ ողջույնի համար խոնարհվելուց։

— Գինս…— սկսեց նա։

Նրա գլուխը շարունակում էր վեհապանձորեն կռանալ եւ վերջապես բարձր դրխկոցով զարնվեց հատակին։

Ջոզին քիչ մնաց հիստերիկայի մեջ ընկներ ծիծաղելուց։ Լեսթին ֆեռքերով խփում էր ազդրերին։ Ռուպերտն անշարժացավ, գոյացնելով ուղղանկյուն եռանկյունի, որի գագաթն էր նրա իրանի լայն մասը։

—… Բերգ,— վերջացրեց Ռուպերտը՝ գլուխը հատակին հենած։ Նա չէր փորձում վեր կենալ։ Նրա ներսում ինչ֊որ բան բզզում էր մտախոհ։

— Դե լավ, փնթփնթաց Լեսթին,— հո ամբողջ օրը խեղկատակություն չպիտի անես։ Վեր կաց։

— Նա չ֊չի կկարո֊ղղանում,— ծիծաղելով ասում էր Ջոզին,— նրանք տեղից շարժել են Ռուսպերի ծանրության կենտրոնը, եւ հիմա նա չի կարողանում ուղղվել։ Եթե դու երբեւիցե կարողանաս հեռադարով այսպիսի բան անել, ապա երկու հարյուր անմեղ հեռուստադիտողներ ծիծաղից կմեռնեն։

Կոմիկ Լեսթին դեմքը ծամածռեց եւ կռացավ ռոբոտի վրա։

Բռնեց նրա ուսերից եւ վեր քաշեց։ Շատ դանդաղ եւ դժկամորեն Ռուպերտն ուղղվեց։ Նա մատը տարավ դեպի էրանը։

— Այս աղջկա հետ անհոգ կապրես,— սկսեց նա մետաղե ռեչիտատիվով,— մահից հետո դժոխք կընկնես, կկարծես, թե դրախտում ես։

— Սսկվի՛ր,— գոռաց Լեսթին։— Լսո՞ւմ ես, ինչ եմ քեզ ասում։ Սսկվիր։

Ռոբոտը բռնվեց ատամնաատվակային կռնչոցի ու ճռնչոցի նոր պորթկումով։ Լեսթին նեղացավ։

— Իմ սքանչելի հինավուրց սալիկներ։ XX դարի երկրորդ կեսի այսպիսի սալիկներ ոչ ոք չունի մեր աշխարակում։ Մի տեսեք, թե նա ինչ արեց։ Անցքը կլինի…

— Հարյուր անգամ քեզ բացատրել եմ,— վրա տվեց Ջոզին,— որ XX դարում սալիկապատ հատակ անում էին միայն լողարաններում։ Երբեմն՝ խոհանոցում, բայց առավել հաճախ՝ լողարանում։ Իսկ քո կեղծ ջեռուցման մարտկոցը եւ բացովի կափարիչով պահարանը— ընդհանրապես ուրիշ դարաշրջանից են։ Դու հնի ոչ մի զգացողություն չունես։ Այ սպասիր, սիրելիս, երբ ես ու դու կփոխանակենք մատանիներս ու մի֊մի բուռ բրինձ կթափենք իրար վրա, դու կիմանաս, թե ինչ տեսք ուներ պրեզիդենտ Ռուզվելտի ժամանակների բնակելի տունը։

Ի դեպ, քեզ դո՞ւր են գալիս Ռուպերտի կատակները, թղթի վրա գրածները։

— Դեռ չգիտեմ։ Նա հենց նոր վերջացրեց մեքենագրելը։ Լավ, անջատվիր, Ջոզի։ Ինչ֊որ մեկը եկավ։ Ներկայացումից առաջ արի իմ հետեւից։ Առայժմ։

Տանտիրոջ ազդանշանով ռոբոտը օրորվելով գնաց դեպի դուռը եւ ասաց․ «Քսաներեք»։ Եվ այստեղ գրեթե միաժամանակ տեղի ունեցան երկու իրադարձություն․ սենյակ մտավ «Ռոլգ» ֆիրմայի ներկայացուցիչը, եւ Ռուպերտի գլուխը զարկնվեց հատակին։

Լեսթին հոգոց արձակեց եւ նորից գետնից վեր բարձրացրեց Ռուպերտին։

— Հույս ունեմ, որ նա ամեն ներս մտնողի առաջ գլուխը չպիտի խոնարհվելով զարի հատակին։ Թե չէ ամբողջ հատակս կփչացնի։

— Իսկ նա արդեն դա արե՞լ է։ Վատ բան ստացվեց։ Չէ որ բոլոր հիմնական վերահսկիչ բլոկները նրա գլխի մեջ են եո դեռ կարգին չեն հարմարվել իրար։ Այդպես որ շարունակի, մի պտուտակը տեղից կթռչի— ու պը՜րծ։ Ուզո՞ւմ եք տանեմ արհեստանոց եւ դա սարքեմ։

— Ժամանակ չկա։ Երկու ժամ հետո հաղորդում ունեմ, ի դեպ, դուք նրա ճակատի մեջ դրե՞լ եք գրավոր լայնիչի բլոկ։

— Բա ոնց,— գլխով արեց մեխանիկը։— Տեսնում ե՞ք, նրա հոնքերի վերեւի կանաչ թիթեղիկը։ Երբ կուզենաք, որ նա ոչ թե խոսի, այլ գրի, դա մի կողմ կշարժեք, կամ էլ կկարգադրեք, որ ինքը շարժի։ Բառերը կսահեն էկրանի վրայով, ինչպես որ լուսային ռեկլամի վահանակների վրա է լինում։ Ախ, հա, ախր ես եկել եմ բանալին տանելու։ Այսպիսի բան չէր եէել, ունիվերսալ բանալին մոռացել—թողել եմ նրա ծոծրակի մեջ, ոնց պիտի ֆաբրիկա գնայի։

— Վերցրեք ձեր բանալին։ Ես այցելուի եմ սպասում։

Լեսթին շրջվեց եւ տեսավ, ինչպես բաց դռնից ներս ընկած շերտավոր պարեգոտոգ մի թիկնեղ մարդ։

— Բարեւ ձեզ, միսթր Գասկել։ Նստեք, խնդրում եմ։ Ես մի վայրկյանից կազատվեմ։

— Բանալի տուր,— ռոբոտին դիմեց մեխանիկը։

Ռուպերտն իր ծոծրակից դուրս քաշեց ունիվերսալ ռոբոտեխնիկական բանալին եւ ձեռքը մեկնեց։ Մեխանիկն էլ ձեռքը մեկնեց… Ռուպերտը վայր գցեց բանալին։

— Գրողը տանի,— զարմացավ մեխանիկը։— Եթե ես չիմանայի, որ դա անհնարին բան է, կերդվեի, որ նա դիտավորյալ արեց։

Մեխանիկը կռացավ, որ բանալին վերցնի։ Ռոբոտն արագ մեկնեց ձեռքը։ Մեխանիկի վրա ասես եռացրած ջուր լցրին, եւ նա սարսափած դուրս թռավ։

— Չհամարձակվես,— գոռաց նա։— Դուք տեսա՞ք, թե նա ինչ էր ուզում անել։ Ինչ…

— Երեք քսան,— ասաց Ռուպերտը։

Դուռն ընկավ իր տեղը, եւ մեխանիկը չհասցրեց մերջացնել իր խոսքը։ Ռոբոտը վերադարձավ հյուրասենյակ, հազիվ լսելի բզզացնելով եւ չրխկացնելով։ Նրա դեմքի արտահայտությունը ավելի թախծոտ էր, քան քիչ առաջ։ Տխրությանը ավելացել էր նաեւ մի քիչ հիասթափություն։

— Երկու Եռաստիճան Լուսնային,— հրամայեց տանտերը։ Ռոբոտը քարշ տվեց ծուռ ոտքերը դեպի խոհանոց, որ կոկտեյլ պատրաստի։

— Ապա մի լսիր, Լեսթի,— բռթբռթաց Ջոն Գասկելը՝ անսպասելի բարձր ձայնով։— Ես չեմ սիրում դեսիր֊դենից սկսել։ Իմ մտքովս չէր անցնի, որ դուք երգիծաբաններ եք վարձում ձեզ համար, մինչեւ որ Գրինն ու Անդերսենը ինձ բողոքեցին, թե դուք նրանց գրոշներ եք վճարում, իսկ երբ նրանք հրաժարվել են ձրի բատրակություն անել՝ դուրս եք վռնդել։ Նրանք պնդում են, որ իրենք են ձեզ սարքել Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր վարձատրվող կոմիկը, եւ դրանում ես միանգամայն համաձայն եմ նրանց հետ։ Այսպես, ուրեմն, այսօրվա հաղորդումը՝ միայն փորձ…

— Լսեք ինձ, սըր։ Մինչեւ այդ կողոպտիչների հետ կապվելը, ես ինքս էի պատրաստում իմ խաղացանկը։ Եվ նրանք էլ աշխատում էին բացառապես իմ կատակների բազայի վրա։ Նրանք ուզում էին ինձնից ավելի շատ պոկել, քան ես ինքս էի վաստակում, դրա համար էլ վռնդեցի նրանց։ Ես առաջվա պես կարող եմ հանպատրաստից խոսել ուրիշներից ոչ վատ։

— Իսկ ես թքել եմ այն բանի վրա, թե դուք հանպատրաստից եք խոսում, թե ձեր տեսած երազներն եք պատմում։ Ինձ միայն մի բան է հարկավոր․ երբ հասարակությունը նայում է իմ ծրագիրը, նա պիտի ծիծաղի։ Ավելի շատ ծիծաղ— եւ նա ուզածդ ռեկլամը կուլ կտա առանց դեքմը ծամածռելու։ Այսինքն, ես դա չէի ուզում ասել…

Գասկելը Ռուպերտի ձեռքից խլեց պարուրաձեւ բաժակը եւ մի շնչով դատարկեց։ Նրա դեմքի ոչ մի մկանը չդողաց։

— Անհամ ջուր է։ Աստիճան չկա։ Չի վառում։

Ռոբոտը մի քանի վայրկյան մտախոհ նայեց բաժակին, հետո ծուոտիկ ոտքերով կաղեկաղ գնաց խոհանոց։

Լեսթին մտքում իրեն թույլ տվեց չհամաձայնվել «Աստղագուշակ» կորպորացիայի պրեզիդենտի հետ։ Կոկտեյլի ամեն մի կաթիլը ուղղակի սպանիչ էր։ Բայց դե «Մոլորակի տերերի ակումբը» (որտեղ ապրում էր Գասկելը) հայտնի էր իր թունդ խմիչքներով։

— Միակ բանը, որ հետաքրքրում է ինձ,— շարունակում էր Գասկելը,— այն է, թե դուք կկարողանա՞ք առանց Գրինի եւ Անդերսենի օգնության ծիծաղելի սարքել այսօրվա ծրագիրը։ Դուք գուցե եւ մեծ կոմիկ եք, բայց ինչպես ասում են ձեզ մոտ հեռադարում, բավական է մի անգամ սխալվես՝ ու փառքդ կցնդի անհետ։ Եթե այսօրվա փորձից հետո «Աստղագուշակը» չկնքի ձեզ հետ պայմանավորված տասներեք շաբաթվա պայմանագիրը, ապա դուք նորից կգլորվեք թմրադեղերի մասին առավոտյան ռեկլամների գիրկը։

— Հասկանալի է, միսթր Գասկել, դուք միանգամայն իրավացի եք։ Միայն թե խնդրում եմ ձեզ, նախ նայեք իմ սցենարը, հետո նոր դիտողություններ արեք։— Լեսթին էլեկտրական գրամեքենայից հանեց սցենարի երկար էջերը եւ տվեց Գասկելին։

Հանդուգն քայլ։ Ո՞վ գիտի, թե ինչ տխմարություն կարող էր հորինած լինել Ռուպերտը, բայց ինչ արած, տեքստը կարդալու ժամանակ չկար։ Գուցե Ռուպերտը կփրկի վիճակը։

Սցենարի որակի մասին կարելի էր դատել Գասկելի վերաբերմունքից։ «Աստղագուշակի» պրեզիդենտը անընդհատ վեր֊վեր էր թռչում իր աթոռից եւ գալարվում ծիծաղից։

— Հրաշալի՜ է։ Հոյակա՜պ է։— Գասկելի աչքերից արտասուք էր հոսում այտերի վրա։— Ուղղակի հոյակա՜պ է։ Պետք է ներողություն խնդրեմ ձեզնից, Լեսթի։ Իրոք որ ձեզ բնավ պետք չեն վարձու երգիծաբաններ։ Ինքներդ հրաշալի եք գրում։ Իսկ դուք կհասկնե՞ք մինչեւ հաղորդումը տեքստը սովորել։

— Դրա համար մի անհանգստացեք, սըր։ Շտապ աշխատանքից առաջ ես միշտ ինֆրասկոմլոլամինի հաբ եմ ընդունում։ Իսկ եթե հանկարծ էքսպրոմտի կարիք զգացվի՝ ես ռոբոտ ունեմ։

— Ռոբո՞տ։ Այս այլանդա՞կը։— Գասկելը մատով դիպավ Ռուպերտին, որը նրա հետեւում կանգնած նայում էր սցենարին եւ կամացուկ բզզում։ Ռուպերտից վերցնելով բաժակը, Գասկելը մի քանի կում արեց։

— Այո, սըր։ Նրա իրանի ներքեւի մասում անհաշիվ կատակներ են պահված։ Հաղորդման ժամանակ ռոբոտը քիչ հեռու կլինի կանգնած, եւ հենց որ էքսպրոմտի կարիք կլինի՝ կնայեմ, նրա ճակատին գրված կլինի։ Միսթր Գասկել։ Ձեզ ի՞նչ պատահեց։

Գասկելը հանկարծ վայր գցեց բաժակը։ Տարօրինակորեն ծռմռված պարույրը ընկած էր հատակին, եւ նրանից սեւ ծուխ էր դուրս գալիս։

— Խը֊մմ֊միչ֊քքըը,— խռպոտ փնթփնթաց Գասկելը։ Նրա դեմքը աստիճանաբար ընդունելով կարմիր, կանաչ եւ մանուշակագույն երանգներ, ծածկվեց գունավոր բծերով։

— Որտե՞ղ է… ձեր…

— Այստեղ։ Ձախից երկրորդ դուռը։

Պստլիկ մարդուկը, երեք տակ կռացած, դուրս թռավ սենյակից։ Նրա մարմինը թուլացել էր՝ ասես բամբակե տիկնիկ լիներ։

— Ի՞նչ եղավ նրան։— Լեսթին հոտ քաշեց գետնից վերցրած բաժակից։— Փռը՜շտ։

Հանկարծ նա զգաց, որ Ռուպերտը կամացուկ բզզում է եւ զնգզնգում։

— Ռուպերտ, ի՞նչ ես խառնել իրար։

— Նա ինքը խնդրեց ավելի թունդ եւ ուժեղ։

— Ի՞ՆՉ ԵՍ ԽԱՌՆԵԼ։

Ռոբոտը մի քիչ մտածեց։

— Հինգ մաս գերչակի ձեթ… զը՜նը֊զը՜նգ, երեք մաս… դընգ—դընգ, քացախի էսենցիա… բինգ֊բոնգ… կարմիր պղպեղ… չորս մաս, ճըռ֊կըռ֊գուոմ—… մի մաս… սրտաո…

Լեսթին սուլեց, եւ ռադիոֆոնի լսափողը առաստաղից ցած թռավ։

— Ռադիոկենտրո՞նն է։ Շտապ օգնություն, իսկույն։ Կոմիկ Լեսթի, «Դերասանների աշտարակ», բնակարան հազար վեց։

Լեսթին դուրս թռավ միջանցք եւ նետվեց իր հյուրին օգնելու։

Գասկելի դեմքի գունային գամման տեսնելուն պես բժիշկն օրորեց գլուխը։

— Օգնեք նրան պառկեցնենք պատգարակի վրա եւ անհապաղ՝ հոսպիտալ։

Բժիշկը տիեզերական ձգողականության ճառագայթով վեր բարձրացրեց պատգարակը եւ տարավ դեպի դուռը, Ռուպերտի մոտով, որը կանգնած էր անկյունում։

— Պետք է մտածել, որ ոչ թարմ բան է կերել,— ճռնչաց նա։

— Խեղկատա՜կ։— Բժիշկը մի խիստ հայացք նետեց Ռուպերտի վրա։ Լեսթին իրար հետեւից խմեց երեք Եռաստիճան Լուսնային։ Նա ինքը պատրաստեց դրանք։ Մինչեւ Ջոզիի գալը նա ինձրասկոպոլամինի կրկնակի դոզայի օգնությամբ հասցրեց անգիր անել իր էքսպրոմտները։ Ռուպերտը դուռը բացեց Ջոզիի առաջ։ Դի՜նգ։ Բա՜մ։

— Ամբողջ օրը նա միայն դրանով է զբաղված,— մռթմռթաց Լեսթին, դարձյալ գետնից վեր բարձրացնելով եւ ուղղելով ռոբոտին։— Եվ բանը նրանում չէ, որ փչացրեց իմ սալիկապատ հատակը։ Մեկ էլ տեսար նրա գլխում մի պտուտակ դուրս կթռչի տեղից։ Հասկանալի է, նա անխոս հնազանդվում է ինձ, նրա խաղերի զոհերը մինչեւ հիմա եղել են…

Ռուպերտն ինչ֊որ բան խաղացրեց բերանում։ Նրա շրթունքները խողովակաձեւ ձգվեցին, այտերը ծածկվեցին կնճիռների ծալքերով։ Նա թքեց։

Հատակին շրխկաց կլոր պղնձե պնդօղակը։ Երեքն էլ լուռ նայում էին դրան։ Վերջապես, Ջոզին գլուխը բարձրացրեց։

— Էլ ի՞նչ խաղ…

Լեսթին պատմեց տեղի ունեցածի մասին։

— Այ քեզ բան։ Բախտդ բերել է, որ ըստ պայմանագրի, դու պատասխանատու չես քո կատակների հետեւանքների համար։ Թե չէ Գասկելը քեզ դատարանի դուռը քարդ կտար։ Հույս ունենանք, որ նա կապրի։ Գնա, հագնվիր։

Լեսթին մտավ հարեւան սենյակը եւ սկսեց հագնել պսպղուն թելերով նախշված ծաղրածուական կոստյումը։

— Ի՞նչ կա այսօր քո ծրագրում,— հարցրեց նա։

— Կարող էիր մի կերպ գալ փորձին ու լսել։

— Ստիպված եմ պահպանել հանպատրաստից խաղացողի իմ համբավը։ Ուրեմն, ի՞նչ ես երգելու։

— «Դեգերում եմ տարածության մեջ» արիան՝ Գուգի Գարսիայի «Սերը աստերոիդների գոտուց այն կողմ» վերջին գործից։ Լսիր, երեւի քո ռոբոտն իսկապես հրաշալի երգիծաբան է, բայց որպես սպասավոր բանի պետք չի։ Ինչքան աղբ կա հատակին։ Թղթի կտորտանք, սիգարեթ, կոկտեյլի պարույրներ։ Այ դու սպասիր, երիտասարդ, երբ մենք կմիացնենք մեր ճակատագրերը…

Նա լռեց եւ, կռանալով, սկսեց հավաքել աղբը։ Մի կողմ կանգնած Ռուպերտը կենտրոնացած նայում էր նրա մեջքին։ Ռոբոտի ներսում ինչ֊որ գան գվվաց։ Բը՜ռ…

Արագ քայլերով Ռուպերտը կտրեց սենյակը։ Նրա աջ ձեռքը վեր բարձրացավ եւ շրմփաց Ջոզիի մեջքին։

— Վա՜յ,— ճչաց Ջոզին ու վեր թռավ մինչեւ առաստաղ։ Իջնելով հատակին, կտրուկ ես շրջվեց։ Նրա աչքերը շանթեր էին արձակում։

— Ո՞վ համարձ…— սպառնալից սկսեց նա եւ այստեղ նկատեց Ռուպերտին, որը դեռ շարունակում էր պարզած պահել ձեռքը, դնգդնգում էր եւ բզզում։

— Ախ դու ձե՞ռ ես առնում ինձ։ Ծիծաղդ գալիս է, հա՞։ Ախ ժանգոտ լկտի։— Նա կատաղած հարձակվեց ռոբոտի վրա, որ ապտակի։

Մյուս սենյակից դուրս թռած Լեսթին տեսավ նրա ձեռքը, որ բարձրացրել էր դեպի ռոբոտի գլուխը։

— Ջո՜զի,— գոռաց նա վախեցած,— միայն թե գլխին չխփես։

Բա՛մ֊մ֊մ։

— Կարծում եմ, միսս Լիսսի, ամեն ինչ լավ կլինի,— ասաց բժիշկը,— մի երկու շաբաթ ձեր ձեռքը կպահենք գիպսի մեջ, իսկ հետո նորից ռենտգեն։

— Ջոզի, մենք ուշացանք ստուդիայից,— նյարդայնանում էր Լեսթին։— Շատ եմ ցավում, որ այսպես եղավ։

— Ախ, դու ցավո՜ւմ ես։ Դե ուրեմն՝ ականջիդ օղ արա, ես տեղիցս չեմ շարժվի, մինչեւ դու չհրաժարվես Ռուպերտից։

— Ջոզի, անուշիկս, հոգյակս, դու դեռ չգիտես, թե նա ինչ հոյակապ է գրում։

— Թքել եմ դրա վրա։ Ես սարսափում եմ այն մտքից, որ նա իմ երեխաների հետ մի տան մեջ պիտի ապրի։ Ռոբոտների վերաբերյալ օրենքի հիման վրա դու պարտավոր ես նրան քո տանը պահել։ Իմ կարծիքով, նա ցնդել է իր հումորից։ Սա ինձ դուր չի գալիս։ Այնպես որ ընտրիր․ կամ ես, կամ այդ անպտուտակ, թերսարք, ինքնուս֊սրախոսը։

Ջոզին շոյում էր ձեռքի գիպսե փաթաթանը եւ սպասում պատսախանի։

Այսպես, ուրեմն, Ռուպերտը, չնայած իր բոլոր տարօրինակություններին, Լեսթիին երաշխավորում էր կոմիկական դերասանի փայլուն կարիերա։ Նա այլեւս խաղացանկի մասին անհանգստանալու հարկ չի ունենա։ Նրա ապագան ապահովված է։ Մյուս կողմից, Լեսթին համոզված չէր, որ աշխարհիս երեսին կա մի կին, որը կարող էր համեմատվել Ջոզիի հետ։ Ջոզին մարմնավորում էր իդեալական կնոջ մասին նրա երազանքը։ Միայն Ջոզիի հետ նա երջանիկ կլինի։

Դա պարզ եւ աներկիմաստ ընտրություն էր հարստության եւ սիրած կնոջ միջեւ։

— Լավ,— կամաց ասաց նա վերջապես,— հույս ունեմ, որ մենք կմնանք բարեկամներ։

Երբ Լեսթին մտավ ստուդիա, Ջոզին արդեն վերջացնում էր իր երգը։ Հեռանալով միկրոֆոնից, նա նույնիսկ զայրացկոտ հայացքի չարժանացրեց կոմիկին։ Սկսվեց ռեկլամային հաղորդումը։

Լեսթին Ռուպերտին կանգնեցրեց հեռու, պատի տակ, ռեժիսորական խցիկի մոտ, որտեղից ռոբոտի մուգ կարմիր կերպարանքը չէր կարող ընկնել հեռախցիկների տեսադաշտը։ Հետո նա միացավ դերասանների խմբին, որոնք անջատված խցիկի տակ սպասում էին ռեկլամի ավարտվելուն, որից հետո պիտի մի փոքրիկ վոդեւիլ խաղային։

Վերջապես հիացմունքից շնչահեղձ լինող հաղորդավարը հատու արտասանեց ռեկլամային տեքստի վերջին բառը։ Բեմահարթակ դուրս թռավ Գլոպպուս քույրերի վոկալ կվինտետը, եւ հնչեց ֆինալը․

— Սեր, հարստություն ու հագանք
Կապահովի «Աստղագուշակը»։
Ինչու ծխել բամբակ ու խոտ,
Ընտրեք հազար ու մի ուրիշ հոտ՝
Բալից մինչեւ շոկոլադ…
Ուռա։ Ուռա։ Ուռա։ Հրճվանք…

Լեսթիի գլխավերեւի հեռախցիկը առկայծեց գունավոր լամպերով, եւ ներկայացումը սկսվեց։ Սյուժեն շատ պարզ էր՝ սերը Ֆոբոսի վառելանյութի լցման կայանում։ Լեսթին չէր խաղում պիեսում, այլ գործողության ընթացքին զուգահեռ մեկնաբանում էր կատակներով։

Իսկ կատակներն այսօր չտսենված էին, ծիծաղում էր նույնիսկ հաղորդման ռեժիսորը։ Այսինքն, իհարկե, չէր ծիծաղում, այդ մասին խոսք անգամ չէր կարող լինել, բայց երբեմն ժպիտ էր հայտնվում նրա դեմքին։ Իսկ եթե ռեժիսորը ժպտում է, ուրեմն ամբողջ Արեւմտյան կիսագնդում հեռադիտողների փորերը պայթում են ծիծաղելուց։

Այս ճշմարտությունը նույնքան անվիճելի է, որքան եւ այն փաստը, որ հեռադարի երրորդ փոխպրեզիդենտը միշտ դառնում է ամենանողկալի օյինբազությունների զոհը, մի երեվույթ, որ լավ հայտնի է բոլոր սոցիոլոգներին որպես «Գցիր֊դրանի էֆեկտ»։

Լեսթին մերթ ընդ մերթ նայում է ռոբոտի վրա։ Նրան անհանգստացնում էր, որ Ռուպերտը օրորում է իր երկաթե գլուխը։ Մի պահ նույնիսկ նա մեջքով շրջվեց եւ թափանցիկ դռան արանքից սկսեց նայել ռեժիսորական խցիկի պուլտը։ Հաշվի առնելով, որ հանկարծ կարող է էքսպրոմտի կարիք լինել, Լեսթին նախօրոք մի կողմ էր քաշել կանաչ թիթեղիկը։

Էքսպրոմտի կարիքը եղավ բոլորովին անսպասելիորեն։ Երկրորդ դերասանուհին հանկարծ, մենախոսության ժամանակ, շփոթվեց, որը սկսվում էր հետեւյալ բառերով․ «Եվ ահա երբ Հարոլդն ինձ պատմեց, որ եկել է մոտս, որովհետեւ զզվել է միլիտարիստական եւ բյուրոկրատական պետական սիստեմից…», ու անցավ շուտասելուկի, մի քանի անգամ քրթմնջալով․ «Ու այդ ժամանակ ես նրան ասացի… այո, ես նրան ասացի… չէի կարող չասել…» Հետո նա սկսեց ջղաձգորեն կծել շրթունքները, աշխատելով հիշել մոռացած ռեպլիկը։

Հսկիչ խցիկում ռեժիսորի մատները անձայն սահեցին ստեղների վրայով, եւ տողը առկայծեց առաստաղի տակի էրկանի վրա։ Ստուդիայում մեռելային լռություն տիրեց։ Բոլորը սպասում էին, որ Լեսթին էքսպրոմտով կլցնի մահացու դադարը։

Լեսթին շրջվեց ռոբոտի կողմը։ Ի՜նչ երջանկություն։ Վերջինս դեմքով է կանգնած դեպի նա։ Հրաշալի է։ Այժմ հարցն այն է, թե արդյոք կաշխատի մեզոնային ֆիլտրը։

Ռուպերտի ճակատի վրա գրություն հայտնվեց։ Եվ էկրանի վրա հայտնվող բառերին զուգընթաց, Լեսթին դրանք արտասանում էր բարձրաձայն։

— Լսիր, Բարբարա, իսկ գիտես ինչ կլինի, եթե դու վատ կերակրես քո Հարոլդին։

— Ոչ, չգտիեմ,— պատասխանեց դերասանուհին, բարեխղճորեն խաղակցելով Լեսթիին եւ միաժամանակ ճգնելով հիշել մոռացված տողը։

— Ի՞նչ կպատահի։

Անկյունից լսվեց Ռուպերտի որոտընդոստ ձայնը։

— Նա կմտածի որ քո ծալը պակաս է։

Հռհռում է ստուդիան։ Հռհռում է Ռուպերտը։ Միայն թե դա նրա մոտ այնպես էր ստացվում, ասես նա մաս֊մաս քանդվում էր։ Ամբողջ Արեւմտյան կիսագնդում հեռադիտողները նետվեցին դռռացող, զնգացող, կրճտացող հեռադարների մոտ, որ սանձահարեն իրեն կորցրած էլեկտոնիկային։

Նույնիսկ Լեսթին ծիծաղեց։ Հոյակա՜պ է։ Որքան ավելի նուրբ է, քան այն հնոտին, որ իրեն հրամցնում էին Գրինն ու Անդերսենը, բայց եւ ունի հինավուրց ֆերմերական ստախոսության այն գռեհիկ երանգը, որ յուրահատուկ է իսկական կլոունադային։ Այս ռոբոտն ուղղակի գանձ է…

Սպասի՛ր։ Բայց չէ որ Ռուպերտը ռեպլիկը չհուշեց իրեն, նա ինքն այն արտասանեց։ Հանդիսատեսին ծիծաղեցրեց ոչ թե ծաղրածու Լեսթին, այլ Ռուպերտը, չնայած որ նրան չեն տեսնում էկրանի վրա։ Սա ի՞նչ է կատարվում։

Վերջապես վոդեւիլը վերջացավ, եւ խցիկները ուղղվեցին Ջոզեֆինա Լիսսիի ու նրա նվագախմբի վրա։

Լեսթին օգտվեց կարճ ընդմիջումից, որ հաշիվ մաքրի Ռուպերտի հետ։ Նա հրամայական ժեստով Ռուպերտին ցույց տվեց պուլտի կողմը։

— Կորիր այնտեղ, խրտվիլակ, ու չհամարփակվես քիթդ դուրս հանել մինչեւ հաղորդումը չվերջանա։ Կատակներդ քեզ համար ես պահում, հա՞, ժանգոտ երկաթ։ Կծում ես, հա՞, քեզ յուղող ձեռքը։ Լավ, դու դեռ կճանաչես ինձ։

Ռուպերտը այնպես ցնցվեց, որ քիչ մնաց վայր գցեր բուտաֆորը։

— Բինգ֊բո՞նց,— հարցական զրնգաց նա։— Բիմ֊բան֊բո՞մ։

— Ես քեզ կատակ ցույց կտամ,— գոռաց Լեսթին։— Հապա մարդ խցիկը, ու այլեւս աչքիս չերեւաս։

Ոտքերը քարշ տալով եւ խոր հետքեր թողնելով պլաստիկից հատակին, Ռուպերտը գնաց իր սուրբ Հեղինեի կղզին։

Հաղորդումը շարունակվում էր։ Հազվադեպ ազատ պահերին Լեսթին տեսնում էր, ինչպես ռոբոտը մռայլ, գլուխը ուսերի մեջ մտցրած եւ լրիվ կորցրած նմանությունը 2207 էլեգանտ, շրջահոսելի մոդելի հետ, կանգնած է պուլտերին հսկող տեխնիկների մոտ։ Ջղաձգորեն ցնցվելով, նա սկսեց քայլել պուլտիերի նեղլիկ սրահում։ Ժամանակ առ ժամանակ նա հաշտության փորձեր էր անում, իր էկրանի վրա գրելով այսպիսի մակագրություններ․ «Ի՞նչ տարբերություն հիպերտոնիկի եւ հիպերտարածության միջեւ», կամ՝ «Ինչ բան է ճաղատանալը։ Սանրվելու փոխարինումը լվացվելո՞վ»։ Բայց Լեսթին համառորեն արհամարհում էր այդ խղճուկ ջանքերը։

Սկսվեց երկրորդ ռեկլամային հաղորդումը։

— Արդյոք դուք մտածել եք այն մասին,— յուղոտ ձայնով հարցնում էր հաղորդավարը,— թե ինչու ամբողջ Տիեզերքում միայն «Աստղագուշակն» է առաջին մեծության աստղ։ Անշահախնդիր ուսումնասիրություններից պարզվել է, որ մեր փառապանծ հերոսները, թռչելով դեպի աստղերը, իրենց հետ վերցնում են… Օյ, սա ի՞նչ է։

Ռուպերտը իրար հետեւից դուրս գցեց խցիկից երեք զայրացած տեխնիկներին եւ դուռը փակեց նրանց հետեւից։ Հետո սկսեց սեղմել կոճակները եւ պտտեցնել բռնակները։

— Ռոբոտը կատաղել է։ Նա մեզ դուրս շպրտեց։

— Լսե՜ք, նա խելագար է։ Հանկարծ ու նա խցիկները միացնի պուլտերին։ Դա չէ որ շատ հեշտ է։ Աստված չանի, եթե նա խոսող ռոբոտ է։

— Նա դուրս է գալիս եթեր։ Նա գիտի՞ խոսել։

— Նա արդյո՜ք գիտի խոսել,— տնքաց Լեսթին։— Շուտ, դուրս գցեք նրան այնտեղից։

Դո՞ւրս գցենք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպես,— թունոտ ծիծաղեց ինժեները։— Նա փակել է դուռը։ Իսկ դուք գիտեք, թե ինչ նյութից են սարքված խցիկի պատերն ու դուռը։ Նա կարող է նստել այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ ՌԷՈՒՀԱ֊ը դադարեցնի էներգիայի մատակարարումը։ Իսկ դրա համար…

— Արդյոք մտածել եք այն մասին, թե այս սիգարեթներն ինչու են կոչվում «Աստղագուշակ»,— ստուդիայով մեկ հհնդաց Ռուպերտի որոտընդոստ ձայնը, եւ գրեթե միաժամանակ այն լսեցին միլիոնավոր հեռադիտողներ։— Մի անգամ ծուխը ներս եք քաշում՝ եւ աչքերիցդ աստղեր են թափվում։ Դի՜նգլ֊գո՜ւնգլ, դա՜նգլ֊դո՜ւնգլ։ Այո՜, սըր։ Ամեն գույնի եւ երանգի աստղեր, ու մի էլ փորձեք դրանք հաշվել։ Բի՛մ֊բա՜մ։ Երկրորդ անգամ ենք ծուխը ներս քաշում՝ դա Նորի բռնկում է։ Գռո՜ւմ֊գռ֊ռ՜ում՜մ։ Հարյուր բուրմունք, եւ բոլորն էլ՝ կեղծ Բի՜նգ։ Բա՜նգ…

Խցիկի պատերը դողում էին զորրեղ քրքիջից ու ճռնչոցից։ Բայց դողում էին ոչ միայն պատերը։

Ջոզին ամեն կերպ աշխատում էր մխիթարել կոմիկին։

— Սիրելիս, նա հո չի կարող անվերջ խոսել։ Շուտով նա կսպառվի։

— Չէ մի, դա անհնարին է նրա ունեցած կատակների պաշարի դեպքում։ Հետո այդ… վարիացիոն փոխակերպիչը, եւ դեռ մեզոնային ֆիլտրն էլ։ Չէ, Ջոզի, վերջս եկավ։ Կորա՜վ կարիերաս, հիմա ինձ իսկի մոտիկ էլ չեն թողնի խցիկներին։ Իսկ ես ուրիշ բան չգիտեմ։ Ինչպես պետք է ապրեմ, Ջոզի, Ջոզի, ես կորած մարդ եմ։

Վերջ ի վերջո, ինժեներներին հաջողվեց անջատել էներգոսնուցումն ամբողջ Հեռադար֊Սիթիում։ Դադարեցին հեռադարի բոլոր ծրագրերով հաղորդումները, կորավ տիեզերքի հետ կապը, լռեցին ռադիոֆոնները։ Արագընթաց վերելակները կախված մնացին հարկերի արանքում։ Կառավարական կաբինետներում լույսը հանգավ։ Միայն այն ժամանակ դիստանցիոն հսկիչ հարմարանքի օգնությամբ կարողացան բացել պուլտերի խցիկի դուռը եւ այնտեղից հանել անուժ, թուլացած ռոբոտին։

Երբ էներգիան սպառվեց, սպառվեց եւ նա։

Եվ այսպես, Լեսթին ամուսնացավ Ջոզիի հետ։ Բայց նա երջանիկ չեղավ։ Նրան արգելեցին երեւալ հեռադարում մինչեւ իր կյանքի վերջին օրերը։

Նա, իհարկե, քաղցից չմեռավ։ Երբեմն նա նույնիսկ ափսոսում էր դրա համար։ Նրա կործանած հաղորդումը հռչակավոր դարձրեց Ռուպերտին։ Հեռադիտողները իրենց հազարավոր նամակներում պահանջում էին մեկ անգամ էլ ցույց տալ անճոռնի ռոբոտին, որը հանդգնել էր ծաղրել ռեկլամը։ «Աստղագուշակը» երեք անգամ ավելացրեց առեւտուրը։ Իսկ վերջին հաշվով կարեւորը դա էր միայն… Զվարճասեր ռոբոտ Ռուպերտը (»ամենաջղային մեքենան այն բոլոր մեքենաներից, որոնց գլխում մի մեխ պակաս է») կանոնավոր կերպով հայտնվում է էկրանի վրա։ Լեսթին ստորագրում է պայմանագրերը։ Դժվար բան է ռոբոտի մենեջերը լինել։ Նրա հետ կողք֊կողքի ապրելն ավելի դժվար է, բայց դա է պահանջում ռոբոտների վերաբերյալ օրենքը։ Լեսթին անկարող է բաժանվել նրանից․ ո՜վ իրեն կզրկի մի կտոր հացից։ Նա նույնիսկ չի կարող որեւէ մեկին վարձել, որ նայի ռոբոտին, այսինքն՝ ոչ մի խելամիտ մարդ չի համաձայնվի դրան։ Լեսթիի կյանքը մի բան չէ։ Ռուպերտի հետ ապրելը կատակ բան չէ։

Շաբաթը մեկ անգամ նա այցի է գնում Ջոզիին ու երեխաներին։ Նա հյուծված ու նիհարած տեսք ունի։ Օրեցօր Ռուպերտի օյիններն ավելի անտանելի են դառնում։

Վերջին ժամանակներս Ռուպերտն այնպես է հմտացել, որ Լեսթիին նոր անուն են դրել հեռադարում․ «Լեսթին—սպասիր վատի»։ Կամ «Լեսթի—ինձ հետ լացի»։ Կամ էլ ուղղակի «Վա՜յ֊վա՜յ»։

Spread the love