Վրաստանում Նիկոլ Փաշինյանի առջև բարձրացվել է Բագրատաշեն-Դիլիջան ճանապարհի խնդիրը

- in Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վրաստան կատարած  պաշտոնական այցի ընթացքում ունեցել է հաջող և արդյունավետ բանակցություններ:

Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ հայ-վրացական  հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: «Կան հրատապ խնդիրներ: Թբիլիսիում ինձ ասացին, որ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետով մուտք գործելով Հայաստան՝ վարորդը որոշել է հետ վերադառնալ՝ պատճառաբանելով, որ ճանապարհների վատ վիճակը»,- ասաց վարչապետը՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում է Բագրատաշեն-Դիլիջան ավտոճանապարհի վերակառուցման ծրագիրը:

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ հատկապես անմխիթար վիճակ է Իջևան-Նոյեմբերյան հատվածում: «Ճանապարհի վերակառուցման նախագիծը կա, այսօր տեխնիկան տեղափոխվել է, և 18,7 կմ հատվածի շինաշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին: Ծրագիրն ընդլայնելու համար կան որոշակի տնտեսումներ, կզեկուցենք Ձեզ և, միգուցե, շինարարական աշխատանքներն ընդլայնենք»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է երաշխավորել ճանապարհի որակը, ինչի համար պետք է պատասխանատվություն կրեն նաև տեխնիկական հսկողություն իրականացնողները. «Պետք է այնպես անենք, որ մեկ ձմեռվա արդյունքում մենք քանդված ճանապարհ չունենանք»:

Spread the love