Տարոն Մարգարյանը գիշերվանից փողոց է դուրս բերել ակտիվիստներին, նրանք փակել էին քաղաքապետարանի մուտքը

- in Հասարակություն
Taron Margaryan

Երևանի քաղաքապետարանի մուտքը գիշերվանից փակ էր։ Մի խումբ քաղաքացիներ գիշերը փակել էին քաղաքապետարանի կենտրոնական մուտքը և աշխատակիցներին արգելում էին մուտք գործել շենք և ներկայանալ աշխատանքի։ Ակցիայի կազմակերպիչներին քաղաքապետարանի մոտ էր բերել գիշերը հրապարակված տեսանյութը, որը պարունակում էր հետաքննական նյութ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի առնչությամբ:

Ակցիայի վայր ժամանեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հրաժարվեց իրավական գնահատական տալ հրապարակված տեսանյութի առնչությամբ, սակայն որպես քաղաքական գնահատական ճիշտ համարեց Տարոն Մարգարյանի հրաժարականը: «Նա այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որն այժմ իշխանության չէ, այդ պատճառով նա ևս պետք է հրաժարվի պաշտոնից»,-ասաց պատգամավորը:

Ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել իրենց բողոքի գործողությունները, երբ կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, որ FACT TV-ի կողմից Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հրապարակված հետաքննական ֆիլմի ամբողջ նյութերը փոխանցվել են ԱԱԾ-ին։ Դրանք կկցվեն «Երևան» հիմնադրամի (հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է) առնչությամբ հարուցված քրեական գործին։ «Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, «Երևան» հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Այն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քրգործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,-նշել է Մկրտչյանը:

Հետաքննությունը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի ջանքերով և իրականցվել FACT TV-ի (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) կողմից:

Երևանի քաղաքապետարանի դիմաց ակտիվիստ Արամ Մանուկյանը ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է․ «Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։ Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:

Spread the love