Փաշինյանի կառավարությունը տնտեսության զարգացման 3 առաջնահերթություն է առանձնացնում

Հայաստանի կառավարությունը տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություն է առանձնացնում: Կառավարության ծրագրում ամրագրված են տնտեսությունը զարգացնելու երեք առաջնահերթությունները:

Առաջին առաջնահերթությունը տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրումն է: Ծրագրում նշվում է, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախապայմանները այսօր առկա են մեր երկրում։ Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներից մեկը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի կայացումը, որը ի վիճակի կլինի ապահովել բանակի մարտունակության և ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Ընդ որում, ռազմարդյունաբերական համալիր ասելով պետք է հասկանալ ոչ միայն այսօր գոյություն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլև նոր, հեղափոխական գաղափարների մշակումը։

ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև խրախուսել գիտության և իրական հատվածի միջև համագործակցությունը, գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացմանը` ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրերի խրախուսման և բիզնես ներդրողներ ներգրավելու միջոցով:

Հայաստանում հնարավոր է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղափոխական տեմպերով զարգացումը՝ հիմք ընդունելով ներկայումս առկա նախապայմանները: Տնտեսության միջնաժամկետ և երկարաժամկետ կայուն աճի շարժիչ ուժը պետք է հանդիսանա նորարարությունը և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը բոլոր ոլորտներում՝ ներառյալ պետական կառավարումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը և այլն: Միաժամանակ Հայաստանի նորարարական զարգացման հենասյունը կրթված և ազատ քաղաքացին է, ուստի նորարական զարգացումը պետք է սկիզբ առնի յուրաքանչյուր քաղաքացու վաղ տարիքից:

Նախատեսվում է խթանել հայկական ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակ բրենդի ձևավորմանը և ապահովել միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի պատշաճ ներկայացմանը, խթանել Հայաստանի մարզերում առկա ենթակառուցվածքների հիմքով ժամանակակից հագեցած տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությունը և ձեռնարկել միջոցներ այլ քաղաքներում նոր կենտրոնների ստեղծման ուղղությամբ, նպաստել վերազգային ՏՏ, ՏՀՏ, բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան՝ հիմնելու բարձր տեխնոլոգիական գիտահետազոտական-արտադրական և կրթական կենտրոններ:

Կառավարությունը տնտեսության զարգացման երկրորդ առաջնահերթություն է համարում գյուղատնտեսության ոլորտը:

Նշվում է, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը։ Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության գերխնդիրն է լինելու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտների` փոքր տնային տնտեսություններից ու գյուղացիական կոոպերատիվներից սկսած մինչև վերամշակողների ու արտահանողների, կենսամակարդակի և եկամտաբերության բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կայուն ապահովումը։

Կառավարությունը անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել են անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նորանոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։

Գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում․ այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պիտի լինի, ինչպես էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում։ Կաթիլային և անձրևացման համակարգերի համատարած ներդրումը հնարավորություն կտա էապես խնայել ջրային ռեսուրսները, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը՝ հողային ռեսուրսները։ Գյուղատնտեսության զարգացման համար լրջագույն խնդիր է հակակարկտային էֆեկտիվ համակարգի բացակայությունը։ Կառավարությունը հնարավոր միջոցները կձեռնարկի նոր տեխնոլոգիաների հիման վրա առավել արդյունավետ հակակարկտային համակարգի լայնամասշտաբ ներդրման համար։ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու հողի աշխատավորին՝ ձգտելով համապարփակ և արդյունավետ աջակցություն ցույց տալ նրան՝ ապահովելով գյուղատնտեսությամբ զբաղվելու և գյուղատնտեսությամբ բարեկեցիկ կյանք ապահովելու համար հնարավոր օժանդակությունը։ Այս համատեքստում կառավարությունը կօգնի գյուղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթևացնելու հարցում։ Կառավարությունը սկսել է աշխատանքը բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆիզիկական անձանց ունեցած գյուղացիական վարկային պարտավորությունների գծով տույժերի և տուգանքների համաներման, ինչպես նաև վարկային պատմությունների ճշգրտման ուղղությամբ։

Կառավարությունը նաև գործուն քայլեր կձեռնարկի մեքենատրակտորային համակազմի թարմացման և Հայաստանի գյուղատնտեսության կարիքներին առավելագույն կերպով բավարարելու ուղղությամբ։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում արտահանման մեծ պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ։ Այս իմաստով առաջիկայում բոլորի համար նոր հնարավորություններ կբացվեն դեպի նոր շուկաներ։

Տնտեսության զարգացման երրորդ առաջնահերթությունը կառավարությունը համարում է զբոսաշրջությունը: Կառավարության ծրագրում նշվում է, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ահռելի հեռանկարներ են բացվել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում մեր երկիրը համաշխարհային մամուլի համակ ուշադրության կենտրոնում է, Հայաստան անունը գրեթե մշտապես ներկա է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում։ Մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը լուսաբանվել է հիմնականում դրական լույսի ներքո՝ աննախադեպ բարձր մակարդակի հասցնելով մեր երկրի և ժողովրդի վարկանիշը։ Սա ստեղծում է բոլոր նախադրյալները, որ տարվա երկրորդ կեսին մենք զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք, որովհետև կանխատեսելիորեն մարդիկ պիտի ցանկանան գալ տեսնելու, թե այս ի՞նչ երկրիր է, որ կարողացել է սիրո և համերաշխության այնպիսի հեղափոխություն անել, որ հուզել և գրավել է համաշխարհային հանրությանը։

«Զբոսաշրջիկների թվի այս սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով մեր անելիքը շատ հստակ է․ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որը հարիր կլինի Հայաստանի այն իմիջին, որը վերջին մեկուկես ամսվա ընթացքում ձևավորվել է միջազգային հանրության մոտ։ Կարևոր է զբոսաշրջիկների համար տեղանքների և տրասնպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով առավել տարածված օտար լեզուներով հանրային տրանսպորտի ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը»,- ասված է կառավարության ծրագրում։

Զուգահեռաբար նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։ Կառավարությունը զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարևոր է համարում նաև օդային տրանսպորտի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը։ Այս առումով կկարևորվեն ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումները։ Նաև առանձնահատուկ կարևորվում է ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների աշխատանքը. այս մարմինները հանրության հետ համագործակցված պետք է ապահովեն, որպեսզի քրեածին ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում շատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի։ Հանրապետությունում այսօր հաստատված մթնոլորտը նման արդյունքի հասնելու բացառիկ հնարավորություն է տալիս:

Spread the love