Էջմիածնում «Օպելը» վրաերթի է ենթարկել երկու կանանց. մեկը տեղում մահացել է

- in Իրավունք
vtar

Վերաքննիչ քրեական դատարանում ընթացավ Նվեր Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

40-ամյա Նվեր Խ.-ին մեղադրանք էր առաջադրված երկու անձի վրաերթի համար, որոնցից մեկին անզգուշությամբ մահ է պատճառել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նվեր Խ.-ն մշտական աշխատանք չունենալով՝ զբաղվել է մասնավոր շինարարական աշխատանքներով: 2017 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ի սահմաններում նա անչափահաս որդու հետ իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մեքենայով աշխատանքի վայրից վերադարձել է տուն: Ճանապարհին, դուրս գալով Երևան-Էջմիածին մայրուղի՝ նա մեքենան մայթեզրով վարել է Էջմիածնի ուղղությամբ՝ մոտ 10 մետր, այնուհետև կանգնել ու 10-20 մետր հետընթաց է երթևեկել՝ ցանկանալով կրճատել ճանապարհը: Հետընթաց երթևեկելու ժամանակ Նվերը, ըստ մեղադրանքի, չի համոզվել երթևեկության անվտանգության հարցում, չի դիմել այլ անձանց օգնությանը՝ հետընթացի անվտանգության մասին իրազեկելու հարցով, տեխնիկակական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ և անզգուշությամբ վրաերթի է ենթարկել մայթեզրին կանգնած երկու կանանց՝ Պտղունք գյուղի բնակիչներ Արմենուհի Գ.-ին ու Հռիփսիմե Գ.-ին:

Նվեր Խ.-ն անմիջապես կանգնել է, իջել է մեքենայից, փորձել է օգնություն ցույց տալ տուժած կանանց: Նվերի ձայնը և օգնության կանչերը լսելով՝ համագյուղացին մոտեցել, օգնել է, Հռիփսիմե Գ.-ին դրել են Նվերի մեքենան:

Տուժողին Նվերը տեղափոխել է Վաղարշապատի հիվանդանոց, այնտեղից Հռիփսիմե Գ.-ն շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, հոկտեմբերի 1-ին մահացել է:

Նվեր Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե 22 տարվա վարորդական ստաժ ունի: Նա ասել է, որ հետընթաց է երթևեկել, որ հետադարձ չանի: Հետընթաց երթևեկելու ժամանակ հանկարծ դմփոց է լսել ու կանգնել է:

Իջել է մեքենայից ու տեսել է, որ երկու կին են ընկած ասֆալտին: Ինքը հետընթաց երթևեկել է մայթից 20-30 սմ հեռավորության վրա:

Ինքը տեսել է, որ ընկած կանանցից մեկը՝ Հռիփսիմեն վնասվածք է ստացել գլխի հատվածում, իսկ մյուս կնոջ վիճակը լավ է եղել: Ինքը շտապ օգնություն է ցույց տվել՝ Հռիփսիմեին գրկել ու դրել է իր մեքենայի հետևի նստատեղին և տարել է Էջմիածնի հիվանդանոց: Ընթացել է նվազագույն արագությամբ՝ մոտ 5կմ/ժ:

Նվերը հայտնել է, որ հետընթացի ժամանակ ճանապարհին հետևել է հայելիներով, բայց հայելու մեջ այդ պահին հեռահար լույս է եղել, ինքը չի նկատել կանանց: Ինքը ճանապարհին հետևել է նաև մեքենայի մեջ տեղադրված մոնիտորով, բայց մայթեզրին կանգնած կանանց չի տեսել…

Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Հռիփսիմեի որդին հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 22.30-ի սահմաններում գտնվել է տանը ու գյուղում տարածված խոսակցությունից է իմացել, որ մայրը տեղափոխվել է հիվանդանոց: Միանգամից գնացել է հիվանդանոց, մայրը եղել է անգիտակից վիճակում: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ գիշերվա ժամը 3-ին մայրը մահացել է: Ինքն իմացել է, որ դեպքի պահին մոր հետ է եղել նաև քեռու կինը՝ Արմենուհին:

Տուժողի իրավահաջորդը Նվեր Խ.-ի նկատմամբ բողոք, պահանջ չի ներկայացրել, խնդրել է, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի:

Գործով վկա Արմենուհի Գ.-ն հայտնել , որ Հռիփսիմեի հետ է եղել, իրենք մեքենայից իջել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Պտղունք գյուղի ճանապարհին: Ինքը պետք է անցներ հակառակ մայթը՝ իր տունն այնտեղ է, իսկ Հռիփսիմեն կանգնել է՝ համոզվելու համար, որ ինքը անվտանգ անցնում է ճանապարհը:

Փողոցն անցնելիս երկուսն էլ նայել են դեպի ձախ: Եվ հանկարծ ինքն ուշագնաց է եղել: Արթնացել է Էջմիածնի հիվանդանոցում…

Դատարանը հաշվի է առել, որ Նվեր Խ.-ն ընդունել է մեղքը, զղջացել է, վրաերթից անմիջապես հետո օգնել է տուժողին, տուժողի իրավահաջորդը նրա դեմ չի բողոքել, քաղաքացիական հայց չի ներկայացրել: Նվեր Խ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները, թոշակառու, վատառողջ մայրը, վատառողջ քույրն ու չաշխատող կինը:

Դատարանը Նվեր Խ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 1 տարի իրական ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալը՝ խնդրելով իրեն իրական ազատազրկման չդատապարտել, պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից իրեն զրկել ոչ թե 2, այլ՝ 1 տարով, բացի այդ՝ վերացնել իր գույքի վրա դրված կալանքը, քանի որ իր դեմ քաղաքացիական հայց ներկայացված չէ:

Վերաքննիչ քրեական դատարան Նվեր Խ.-ն պաշտպանի հետ էր եկել: Պաշտպանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Քանի որ բողոքը վերաբերում էր միայն պատժի մասին, պաշտպանը շեշտը դրեց Նվեր Խ.-ին բնութագրող հանգամանքների վրա: Ներկայացրեց նրա դրսևորած վարքագիծը՝ վրաերթից անմիջապես հետո՝ տուժողին անմիջապես օգնություն ցույց տալը, հիվանդանոց հասցնելը, տուժողի հարազատների կողմից ներվելը:

Պաշտպանը ներկայացրեց Նվեր Խ.-ի ընտանեկան ծանր վիճակը՝ երկու անչափահաս երեխաներից բացի՝ Նվերի խնամքին են տարեց մայրը, վատառողջ, պարբերաբար հիվանդանոցային բուժման կարիք ունեցող քույրը, չաշխատող կինը: Նվերն է ընտանքի միակ կերակրողը: Նրա՝ իրական ազատազրկման դատապարտվելը նրա ընտանիքը կարող է գցել շատ ծանր վիճակի մեջ:

Պաշտպանը նշեց, որ ընտանիքը շատ կտուժի նաև, եթե Նվերը ամբողջ երկու տարով զրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, այդ պատճառով՝ վերաքննիչ բողոքով ոչ միայն պայմանական դատապարտության կիրառում են խնդրում, այլ նաև լրացուցիչ պատժի մեղմացում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել միայն մեկ տարով: Պաշտպանական կողմը խնդրեց քննիչի կողմից Նվեր Խ.-ի գույքի վրա դրված կալանքը վերացնել՝ ընդգծելով, որ տուժող կողմը վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել, իսկ գործի քննության ընթացքում կատարված դատական ծախսը՝ փորձաքննության արժեքը, կազմել է 60 հազար 800 դրամ…

Նվեր Խ.-ն միացավ պաշտպանի հիմնավորումներին, նշեց, որ իր ընտանեկան վիճակը մշտապես էլ շատ ծանր է եղել, հիվանդ քրոջն առաջին օգնություն ցույց տվողը հիմնականում ինքն է, ինքն է ընտանիքի միակ կերակրողը: Նա նշված հանգամանքները հիմնավորող ու իր անձը բնութագրող փաստաթղթեր ներկայացրեց, որոնք կցվեցին քրեական գործին:

Մեղադրողն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ առաջին ատյանի դատարանը բոլոր հանգամանքները հաշվի է առել, բայց վրաերթի հետևանքով մարդ է մահացել, կատարված արարքին համաչափ պատիժ է արդեն իսկ նշանակել առաջին ատյանի դատարանը:

Վերաքննիչ դատարանը այս գործով վերաքննիչ բողոքի քննությունը կավարտի հաջորդ դատական նիստում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...