1919 թ. Ուզունթալա գյուղում 34-ամյա տղամարդը կրակոցներով սպանել էր իր կնոջը բռնաբարող հորը

Hracan

Ուզունթալեցի (Այգեհովիտ) Տիգրան Բադալովը 1916 թվականին 31 տարեկանում ամուսնացել էր 25-ամյա Աշխենի հետ: Քանի դեռ Տիգրանը ծառայության չէր անցել Բաքվում տեղակայված զորամասերից մեկում, կնոջ հետ ապրել էր հայրենի Ուզունթալայում՝ ծնողների մոտ: Հետո կնոջ հետ տեղափոխվել էր Բաքու:

Աշխենն ամեն ամառ այցելում էր Ուզունթալա, իսկ Տիգրանը գյուղ էր գնում, երբ ծառայությունն էր թույլ տալիս:

1918 թվականին մահացել էր Տիգրանի մայրը: Նույնիսկ հարևանները նկատել էին, որ կնոջ մահից հետո Տիգրանի հայրը այլ հայացքով էր սկսել նայել երիտասարդ հարսին՝ Աշխենին:

Աշխենը զգացել էր սկեսրայրի սիրահետումները, բայց հանուն ամուսնու՝ որոշել էր լուռ խուսափել, ամուսնուն չանհանգստացնել:

Սակայն ծերուկը գնալով ավելի անտանելի էր դարձել:

Աշխենը ստիպված դիմել էր սկեսրայրի փեսա Եսայի Ավագովին՝ խնդրելով խոսել ծերունու հետ: Վերջինս կտրականապես հերքել էր հարսի մեղադրանքները, նրան ստախոս էր անվանել ու նույնիսկ մեղադրել էր փեսային, որ իր նման անաղարտ ու բարոյական մարդուն կասկածում է:

Եսային ինքն էլ լուրջ կասկածներ ուներ, իր աչքով էր տեսնում ծերունու սիրահետումները, բայց որոշել էր լռել: Նա իր բոլոր կասկածների ու դիտարկումների մասին հայտնել էր արդեն դեպքից հետո՝ որպես վկա հարցաքննությունների ժամանակ…

1919 թվականի սկզբին Տիգրանը, կորցնելով ծառայությունը, ընտանիքով տեղափոխվել էր հայրենի գյուղ ու նորից բնակություն էր հաստատել հայրական տանը: Աշխենը ամուսնուն ոչինչ չէր ասել, բայց տանը անընդհատ լարված ու մտահոգ վիճակում էր: Գյուղ վերադառնալուց մի քանի օր հետո Աշխենը նորից խոսել էր Եսայի Ավագովի հետ, բողոքել էր սկեսրայրի վերաբերմունքից:

Մեծ Զատկի օրը՝ ապրիլի 20-ին, Բադալովների տանը հյուրեր կային: Ուշ երեկոյան էին հյուրերը հրաժեշտ տվել տանտերերին: Տիգրանը դուրս էր եկել հյուրերին ճանապարհելու:

Աշխենը տանը մնացել էր սկեսրայրի հետ մենակ: Նա արագ-արագ հավաքում էր սեղանը, իսկ սկեսրայրը հաճույքով հետևում էր նրան: Երբ հարսը թեքվել էր, որ սեղանից վերցնի հերթական ափսեն, սկեսրայրը անսպասելի վրա էր պրծել, գրկել էր հարսին ու սկսել էր համբուրել: Աշխենը ճչացել էր, փորձել էր դուրս պրծնել ամրակազմ սկեսրայրի ձեռքերից, բայց չէր կարողացել:

Իրեն կորցրած տղամարդը հարսին նետել էր թախտին ու կռացել էր վրան: Աշխենը գոռացել էր՝ ինչքան ուժ ուներ:

Հանկարծ Աշխենը լսել էր դռան ճռռոցը, ապա զգացել էր, որ իրեն աքցանած բազուկները թուլացան:

Կինը, առանց գլուխը բարձրացնելու, ամոթահար ու վախեցած, անմիջապես փախել է հարևան սենյակ: Տունը դղրդացել էր կրակոցներից…

Աշխենը հետո էր իմացել, որ տուն մտնողը եղել էր իր ամուսին Տիգրանը: Նա տեսել էր հորը՝ սրբապղծության պահին… Ճանկել էր պատից կախված հրացանը, կրակել ու սպանել էր հորը…

Ամբողջ գյուղը երկար ժամանակ այս ընտանիքի ողբերգությունից էր խոսել: Աշխենը երկար ժամանակ գյուղամեջ դուրս չէր եկել ամոթից… Նա իրեն լրիվ մենակ էր զգում՝ ամուսինը դեպքի հաջորդ օրն արգելափակվել էր Դիլիջանի բանտում:

Տիգրանը կամովին էր ներկայացել Քարվանսարայի (Իջևանի) կոմիսարին ու խոստովանել էր կատարածը: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Տիգրան Բադալովն ընդունել էր մեղքը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր 1919 թվականի օգոստոսի 19-ին: Գործն ուղարկվել էր Երևանի շրջանային դատարան:

Սեպտեմբերի առաջին տասնօրյակում Դիլիջանի բանտից Երևանի նահանգային բանտ պիտի տեղափոխվեր մեղադրյալ Բադալովը: Սակայն…

1919 թվականի սեպտեմբերի 15-ին բանտային տեսուչը Երևանի շրջանային դատարան էր ուղարկել գրություն. «Հայտնում եմ, որ Դիլիջանից Երևան տեղափոխելիս բանտարկյալներ Բադալովն ու Չոբանովը Ախտայի կալանատնից փախել են…»:

Ինչպե՞ս էին փախել երկու բանտարկյալները: Պարզվել էր՝ շատ հանգիստ. նրանք պարզապես «ետ էին տարել բաց դարպասները» ու հանգիստ դուրս էին եկել: Պարզվել էր, որ այդ օրվա վերակարգի միլիցիոներները կալանատան ողջ անձնակազմի հետ… գործադուլ էին արել ու չէին հսկել բանտարկյալներին: Բանտարկյալներն էլ օգտվել էին ընձեռված հնարավորությունից…

Հետախուզման մեջ գտնվող Տիգրան Բադալովը հայտնաբերվել էր 1920 թվականի հունվարի 2-ին: Նրան կրկին արգելափակել էին Դիլիջանի բանտում, իսկ հունվարի 16-ին որոշում էր կայացվել գործի կասեցված քննությունը վերսկսելու մասին:

Սակայն մինչև Հայաստանի խորհրդայնացումը այս գործով հասցրել էին միայն մեկ դատական նիստ անցկացնել, որի ժամանակ գործի լսումը սոսկ հետաձգել էին: Իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո Տիգրան Բադալովն ազատ էր արձակվել…

Spread the love