Սերժ Սարգսյանի մեսիջը՝ ՀՀԿ-ն կորցրեց շանսը

serzh-sargsyan

Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացին զուգահեռ ավելի հաճախ են հնչում տեսակետներ այն մասին, որ ժամանակը աշխատում է ՀՀԿ օգտին, և նոր կառավարության վարկանիշի անկումը անխուսափելի է, ըստ այդմ՝ ընտրությունը շուտափույթ անցկացնելը բխում է նոր կառավարության կամ, ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանի թիմի շահից, որովհետև այդ կառավարության մեջ են նաև այլ քաղաքական ուժեր, իսկ հակառակը՝ ՀՀԿ շահից:

Առերևույթ կուռ այդ տրամաբանությունը քիչ կապ ունի այն իրականության հետ, որ ձևավորված է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում, ընդ որում՝ այդ հեղափոխության հենց այն ճանապարհային ընթացքի կամ, այսպես ասած, հանգրվանային կազմավորվածության պարագայում:

Բանն այն է, որ այդ կազմավորվածությունը այնպիսին էր, կամա թե ակամա, որ ուղղակի «քամեց» ՀՀԿ-ին՝ ըստ էության բերելով մի վիճակի, երբ Հանրապետական կուսակցությունը իշխանությունը զիջեց իր հեղինակության համար ամենաանհարմար դրության պայմաններում:

Գուցե տարօրինակ հնչի շատերի համար, սակայն ամենաբարվոք իրադրությունն այդ դեպքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանինն էր, այսինքն՝ հենց նա իշխանությունը թողեց, այսպես ասած, առավելագույնս հարմար վիճակում, պահին և բովանդակությամբ: Ավելին, Սարգսյանը նույնիսկ մեսիջ հղեց իր կուսակիցներին՝ հրաժարականի հայտնի տեքստի հայտնի նախադասությամբ՝ «Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվեց»:

Բայց այդ մեսիջը ՀՀԿ-ում չընկալվեց, ու եթե կուսակցությունն իսկապես ուներ շանս, որ ժամանակը ինչ-որ պահից կարող էր աշխատել իր օգտին, չընկալելով Սերժ Սարգսյանի մեսիջը՝ ՀՀԿ-ն ըստ էության կորցրեց այդ շանսը մայիսի 1-ի հայտնի դիրքորոշումով և քվեարկությամբ:

Այստեղ իհարկե հարց է ծագում, թե այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շատ պարզ ձևով չհրահանգավորեց քվեարկել մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի օգտին: Բանն այն է, որ 2018-ի ապրիլի 23-ից Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների համար ըստ էության շարքային կուսակցական էր, և նրա ազդեցությունը կարող էր պահպանված լինել այնքանով, որքանով բոլորը փորձելու էին հասկանալ, թե այդ ինչպես անփոխարինելին դարձավ փոխարինելի, ով, ում և որտեղ «գցեց», կամ ինչպե՞ս խաբվեց Սերժ Սարգսյանը, թե՞ նա իրենց խաբեց:

Ապրիլի 23-ից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին կարող էր հետաքրքրել միայն այդ հարցերի բերումով, քանի որ խոշոր հաշվով բոլորին այլևս հետաքրքրում էր մի բան՝  ինչպես է դասավորվելու հետագան, ինչ է լինելու իրենց հետ: Այդ պայմաններում Սերժ Սարգսյանի հրահանգը չէր ունենա գրոշի արժեք: Իհարկե, սա՝ իմիջիայլոց, քանի որ խոշոր հաշվով դա ՀՀԿ ներքին խնդիրն է, որը, սակայն, անկասկած ծավալվում է մինչ այժմ, և հարաբերությունները դեռ պարզաբանվելու են:

Տվյալ պարագայում հարցն այն է, որ ՀՀԿ-ն չունի որևէ ռեաբիլիտացիայի շանս, և ժամանակը որևէ կերպ չի կարող աշխատել ՀՀԿ օգտին: Ժամանակը կարող է աշխատել կամ չաշխատել Հայաստանի օգտին, և այդ առումով, իհարկե, շատ բան է կախված նոր կառավարության արդյունավետությունից, այդ թվում՝ առաջին հերթին ընտրական իրական սահմանադրական մեխանիզմի ձևավորման հարցում:

Բայց այստեղ նաև շատ կարևոր է հանրության և դրա վստահությունը վայելող կամ հավակնող այլ քաղաքական ու քաղաքացիական խմբերի դերը: Թվում է, որ ներկայումս այդպիսիք չկան կամ շատ քիչ են, և նոր իշխանությունը կամ Փաշինյանի թիմը վերցրել է ամբողջ վստահությունը: Նախ՝ իհարկե, ամբողջը չի լինում երբեք, բայց հասկանալի է, որ խոսքը պայմանական ամբողջի մասին է:

Սակայն, այսպես թե այնպես, հենց դրա համար էլ շատ կարևոր է ընտրությունը անհապաղ չանցկացնելը, որովհետև դա կբերի իհարկե այդ թիմի բացարձակ իշխանության, բայց այստեղ արժե հիշել հայտնի խոսքը, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ: Իհարկե ցանկացած խոսք վիճարկելի է, անգամ ամենաթևավոր, բայց այս ֆոնին ընդամենը արժե արձանագրել կարևորը, որ ընտրության ակտի հեռավորությունը հանրությանն է տալու ընտրության հնարավորություն՝ թույլ տալով ձևավորել այլընտրանքային բովանդակություններ:

Եվ այդ տեսանկյունից՝ անկախ նրանից, թե ինչ նկատառումով է արվել հայտարարությունը, սակայն բավականին համարժեք էր Նիկոլ Փաշինյանի օրերս ասած խոսքը, որ իրենք ցանկանում են ընտրությանը պատրաստվելու հնարավորություն տալ նաև այլ ուժերին:

Այսինքն՝ տվյալ պարագայում ժամանակը իսկապես աշխատում է հանրության օգտին, և հարցը հենց այդ ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործելն է: Առավել ևս, որ դա մրցակցային խթան է նաև ներկայիս իշխող թիմի համար, որը ունենալով բացարձակ կամ գերիշխող հանրային վստահություն՝ էապես ունի մրցակցային խթանների հարց, և այդ առումով ժամանակի մեջ որոշակի ձգված, սակայն իհարկե անխուսափելի արտահերթ ընտրության ողջախոհ հեռավորությունը այդ խթանն է այս թիմի համար:

Spread the love