ԱԱԾ պետը  կարո՞ղ է ՀՖՖ արդիականացման խորհրդանիշ դառնալ

- in Հասարակություն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է գլխավորել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս լակոնիկ նախադասությունն ընկալվեց որպես կայացված որոշում։

Արդեն մի քանի ժամ հետո «Շիրակ» ակումբը հայտարարեց, որ վերադառնում է առաջնություն։ Վանեցյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարություններով հանդես եկան Փյունիկ, Արարատ, Գանփասար-Կապան և Ալաշկերտ ակումբները։

Անգամ շատ մեծ ժողովրդականություն վայելող ԱԱԾ պետը  կարո՞ղ է ՀՖՖ արդիականացման խորհրդանիշ դառնալ, եթե նույնիսկ համարենք, որ Վանեցյանը ֆեդերացիան «գրավում» է դրա ապաօլիգարխացման համատեքստում։

ՀՖՖ-ն պետք է ազատագրվի օլիգարխիկ կառավարումից, սակայն հնարավորինս հեռու պահվի պետական վերահսկողությունից, քաղաքական կոնյունկտուրայից։ Վարկանիշները, ժողովրդականությունը հարաբերական կատեգորիաներ են ու հատկապես այնպիսի երկրներում, որտեղ հասարակության գրեթե կեսը աղքատ է, ու շուտով ժողովուրդը հոգնելու է տեսարաններից՝ պահանջելով հաց։ Այսինքն՝ Հայաստանի նման երկրներում նույնիսկ ամենաիդեալական իշխանությունը շատ կարճ ժամկետում ունենում է վարկանիշային կորուստ, ընդ որում՝ նաև որակական հարթության վրա, ու այդ դեպքում դարձյալ տուժելու է ֆուտբոլը, որովհետև իշխանությանը զուգահեռ քննադատվելու է նաև ՀՖՖ-ն՝ նրա նախագահով հանդերձ։

ԱԱԾ-ն օբյեկտիվորեն ռեպրեսիվ մարմին է՝ իր ֆունկցիոնալ նշանակությամբ և նաև մեր մենթալիտետով, որը հաստատ արմատապես չփոխվեց նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո։ Սա ինքնին ենթադրում է, որ Հայաստանի ֆուտբոլային աշխարհ Վանեցյանը բերելու է ոչ թե կրեատիվ մոտեցումներ, ազատություն, այլ լավագույն դեպքում՝ կարգապահություն, որի և դեսպոտիզմի սահմանը Հայաստանի տիպի երկրներում դարձյալ խիստ հարաբերական է։

Սակայն խնդիրն ունի շատ ավելի սկզբունքային ենթաշերտ։ Հայաստանն ըստ էության պատերազմող երկիր է, ու ԱԱԾ ղեկավարի գերծանրաբեռնվածության մասին սրանով ամեն բան ասված է։ Եթե սրան հավելենք այն կարևոր հանգամանքը, որ ԱԱԾ-ն այսօր իր բուն գործառույթներից՝ հետախուզությունից և հակահետախուզությունից բացի, ըստ էության կոորդինացնում է նաև հակակոռուպցիոն պայքարը, ապա ԱԱԾ տնօրենն անգամ ժամանակ չի ունենում ընտանիքին հատկացնելու, հանգստանալու համար։ Այս պարագայում պարզապես զավեշտ է ֆուտբոլով Արթուր Վանեցյանին «ծանրաբեռնելը», մանավանդ՝ ԱԱԾ այսօրվա տնօրենին ու սիրված մարզաձևին չի կապում նրա կենսագրության որևէ դրվագ։

Այնուհանդերձ՝ Արթուր Վանեցյանի անձնական որակների դեմ ոչինչ չունենք, չենք կասկածում նաև նրա աշխատասիրությանը և հետևողականությանը։

Spread the love