Ադրբեջանում առաջիկա շաբաթներին թեժ է լինելու՝ ոչ միայն շոգերի, այլ նաև՝ համակարգային ակնհայտ ճգնաժամի ֆոնին

Adrbejan

Հակառակորդը նախօրեին կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ։

«Հրազենային կրակոցները եղել են 2 օր առաջ, տուժողներ չկան, ամեն ինչ նորմալ է»,- վստահեցրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 13-ին էլ հակառակորդը կրակել էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։ Կրակոցներն արձակվել էին հրազենային զինատեսակներից, հետևանքներ չէին եղել։

Ադրբեջանը հրադադարի ռեժիմն ավելի ինտենսիվորեն խախտում է Հայաստանի սահմանին՝ որակապես փոխելով հակամարտության վերջին տարիների բնույթը։ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ՝ մի կողմից, Հայաստանի հասարակության աչքերում արժեզրկելով Մոսկվայի պարտավորությունները, մյուս կողմից՝ փորձելով հասկանալ Ռուսաստանի արձագանքը։

Բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում․երեկ ասուլիսում հայտատարել է Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանին հասկացնելով, որ հնարավոր պատերազմի քաղաքական պատասխանատվությունը ընկնելու է հենց նրա ուսերին։ Ադրբեջանական վերջին շրջանի կրակոցները հասցեագրված էին հենց Մոսկվային, որը կարծես խուլ ու համր ձևանալով դրանց հանդեպ՝ իր քարոզչամեքենայի թիրախ է դարձրել Հայաստանն ու նրա վարչապետին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվային հիշեցրեց իր պարտավորությունների մասին՝ վերջինիս զրկելով մանևրելու ու Հայաստանի թիկունքում Ադրբեջանի հետ ստվերային պայմանավորվածության գնալու հնարավորությունից։ Հայաստանի իշխանությունը նախկինում տեղի ունեցածին արձագանքել է պոստֆակտում, երեկ թերևս առաջին անգամ Փաշինյանը հուժկու կանխարգելիչ հարված հասցրեց Բաքվին ու Մոսկվային՝ միաժամանակ։

Սակայն այս համատեքստից դուրս խիստ հակասական ու ինչ-որ իմաստով պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանում։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը:

Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունն առաջին դեպքում պարզաբանել էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Այս վարկածը լուրջ չի ընդունվում անգամ Ադրբեջանի հասարակության կողմից, իսկ երեկվա հոսանքազրկումը փաստում է, որ Ադրբեջանում ճգնաժամը շատ հավելի խորքային և ինստիտուցիոնալ բնույթ ունի, մանավանդ՝ տարօրինակ զարգացումներ են կատարվում այդ երկրի մեծությամբ երկրորդ Գյանջա քաղաքում, որտեղ քաղաքապետի դեմ տեղի ունեցած մահափորձից հետո իրավիճակը դուրս է ելել պետական վերահսկողություից և բնականոն հուն չի վերադառնում օրեր շարունակ։

Այս ֆոնին Բաքվի ռազմատենչությունը և հրադադարի պարբերական խախտումները կարող են լինել Ադրբեջանի համակարգային ճգնաժամի դրսևորումներից մեկը։ Երբ համակարգը ճաքեր է տալիս ու չունի վերականգնվելու ռացիոնալ հիմքեր, նրա համար կենսական «անհրաժեշտություն» են դառնում արտաքին ու ներքին «թշնամիների» թիրախավորումը, ինչն էլ տեղի է ունենում Ալիևի ռեժիմի պարագայում։

Հայկական հեղափոխության ֆենոմենը՝ տարածաշրջանային հետևանքների հարթության վրա, դեռ լրիվ բացահայտված չէ։ Թյուր է այն կարծիքը, թե հեղափոխությունները կարող են այլ երկրների վրա ազդեցություն ունենալ միայն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունենալու պարագայում։

Անտեսվում է բեկումնային այդ իրադարձության քաղաքակրթական հետևանքը։ Հայկական հեղափոխությունը նման է երկրաշարժի, որի հարվածները էպիկենտրոնում սրբեցին Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ ցնցումները հարվածում են Ադրբեջանի կոռուպցիոն ավտորիտար ռեժիմի հիմքերին։ Հայաստանում տեղի ունեցած պատմական շրջադարձը փոխել է տարածաշրջանային համատեքստը, որին չի կարողանում ադապտացվել Ադրբեջանի համակարգը՝ կորցնելով կառավարելիությունն ու համարժեքությունը։ Այս իրավիճակը ստեղծում է հակասական պատկեր․ մի կողմից Ադրբեջանի իշխանության համարժեքության կորուստը մեծացնում է պատերազմի ռիսկերը, մյուս կողմից՝ Ալիևի համակարգը կանգնած է փլուզման եզրին՝ դրանից բխող ներքին անկայունության հետևանքներով։ Ադրբեջանում առաջիկա շաբաթներին թեժ է լինելու՝ ոչ միայն շոգերի, այլ նաև՝ համակարգային ակնհայտ ճգնաժամի ֆոնին, որը կարող է ունենալ անկանխատեսելի հանգուցալուծումներ։

Spread the love