Ազատ ու արդար ընտրությունների դեպքում այս կուսակցությունները դժվար թե անցնեն նվազագույն շեմը

- in Ընտրություններ
Yntrutyun

Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ բուռն բանավեճեր առաջացան խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների ու վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի միջեւ:

Կուսակցությունները բնականաբար ցանկանում են, որ անցնեն իրենց առաջարկները, միեւնույն ժամանակ նաեւ ակնարկելով, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող օրենսգիրք մշակել, երբեմն նաեւ ծաղրելով:

Օրինակ, Ծառուկյան դաշինքի կամ ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Իոաննիսյանին, ասել է. «Ես հասկանում եմ, որ դուք հարգում եք ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների առաջարկները, բայց ես կարծում եմ՝ Վենետիկը չի ասել, ասենք քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք է համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին:

Երկրորդ, դուք նշում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք: Ովքեր են ձեր հանձնաժողովում ընտրական իրավունքի շատ ավելի բարձր մասնագետ, քան այստեղ հավաքված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մշակել եւ ներկայացրել ենք առաջարկներ: Մենք առաջարկում ենք համադրել մեր առաջարկները, որ սիզիփոսյան աշխատանք չարվի»:

Իր հերթին, ՀՀԿ ներկայացուցիչ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. «Դուք առաջինը չեք քաղհասարակությունից, որ կարծում է, որ քաղհասարակությունը պետք է կառավարի պետությունը, բայց դա մոլորություն է»:

Նրանցից հետ չի մնացել նաեւ Դաշնակցության ներկայացուցիչը:

Տարիներ շարունակ ընտրական օրենսգրքերը ընտրությունները կեղծելուն հարմարեցրած, կեղծված ընտրություններով կոալիցիաներ կազմած, այսինքն՝ պետական իշխանության յուրացմանը մասնակցած, եւ այդ ամենը բարձր պրոֆեսիոնալիզմ համարող այս ուժերն ընդունակ չեն հասկանալ, որ եկել է հպարտ քաղաքացիներին, քաղաքացի Վարդուշին ծառայելու ժամանակը:

Եթե մի կողմ դնենք ՀՀԿ-ն, որի հանցագործությունների մասշտաբն այս օրերին չի իջնում մամուլի էջերից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երեւի շարունակում են մտածել, որ քաղաքացիները պարտական են իրենց հեղափոխությանը աջակցելու համար: Իրականում նրանք չեն աջակցել հեղափոխությանը եւ չէին էլ կարող, այլ փորձում են լուծել ջրի երեսին մնալու հարցը:

Այս երկու կուսակցությունները պետք է հիշեն, որ իրենք լիուլի կրում են այս օրերին բացահայտվող տարատեսակ հանցագործությունների՝ ողջ պատասխանատվությունը: Նրանք աջակցել ու քաղաքական ցուցանակի դեր են կատարել իշխանության յուրացման հարցում, ինչը գուցե ավելի ծանր հանցագործություն է, քանի որ այն հակառակ սայրով ուղղված էր քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը:

Ազատ ու արդար ընտրությունների դեպքում այս կուսակցությունները դժվար թե անցնեն նվազագույն շեմը, եւ դա իրենք էլ թերեւս հասկացել են: Եվ թերեւս դրանով է պայմանավորված ներկայիս պահվածքը, այդ թվում քաղաքացիներին նորից անտեսելու, նրանց ազատ ընտրության հնարավորությունը սահմանափակելու մասով:

Հպարտ քաղաքացիներին պետք չէ անտեսել, պետք է հանգիստ ընդունել նրանց առաջարկած խաղի կանոնները: Հակառակ դեպքում, քաղաքացիները կուղղեն սխալը, երբ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին «ընդունեցին» ոչ թե հրապարակում, իրենց առջեւ, այլ կաբինետներում:

Spread the love