Ալիևը դիվանագիտական ցանցում է, որտեղ ավելի է խճճվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից

Ilham Aliev

Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հանրությանը փորձում է հավաստիացնել, թե Հայաստանում Սերժ Սարգսյանի հեռացմանն իր «մատն էլ է խառը»: Սա իհարկե շատերը կբնորոշեն իբրև պաթոլոգիա, ու թերևս շատ չեն սխալվի, սակայն, ըստ երևույթին, գործ ունենք ոչ միայն պաթոլոգիայի հետ:

Թեև դա էլ բավարար է զգոնությունը բազմապատկելու համար, որովհետև պաթոլոգիկ անձից հնարավոր է սպասել ամեն ինչ: Մյուս կողմից, սակայն, Ալիևն անշուշտ խելագար չէ, այլապես նրա հարցերը լուծված կլինեին վաղուց, քանի որ Ադրբեջանը չափազանց կարևոր տարածաշրջանում է և, ըստ այդմ, կարևոր է առնվազն այնքան, որ նրան թույլ չտրվի ունենալ պաթոլոգիայի ցանցն ընկած նախագահ:

Պարզապես Ալիևը դիվանագիտական ցանցում է, որտեղ ավելի է խճճվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և փաստացի շարունակվող գործընթացից: Այդ ամենը իհարկե դեռ սկզբնական փուլում է և քիչ թե շատ ամփոփիչ արդյունքի մասին եզրակացության համար պետք է ժամանակ, սակայն հստակ է, որ ընթացքը կայուն է, բավարար արդյունավետությամբ և հետևողականությամբ, ինչը քայլ առ քայլ տանում է Հայաստանի կառավարման էֆեկտիվության բարձրացման, միաժամանակ բարձրացնելով նաև միջազգային հեղինակությունը, վարկը: Իսկ վերջին տարիներին, թեև ըստ էության գործնականում միշտ, Ալիևի կամ Ալիևների «դաշնակիցը» Հայաստանում եղել է անարդյունավետ կառավարումը, գանձագողությունը, դրա հետևանքով հանրության մեջ ապագայի հանդեպ վստահության նվազումը, դրա հետևանքով անարդարության, աղքատության պատճառով Հայաստանից հեռանալու տոտալ ցանկությունը, ահռելի արտագաղթը: Այդ ամենը գրեթե երկու տասնամյակից ավելի տարբեր դրսևորումներով ու մետամորֆոզներով եղել է Հայաստանում Ադրբեջանի «դաշնակից», ինչը, սակայն, թավշյա հեղափոխությամբ ստացել է ահռելի հարված:

Այդ հանգամանքն էլ իր հերթին անդրադառնալու է արտաքին քաղաքական կենսունակության վրա, ըստ այդմ արցախյան խնդրում Հայաստանի քաղաքական ամրության: Ավելին, Հայաստանը ոչ թե ստացել է այսպես ասած հին բովանդակությունն ավելի ամուր պաշտպանելու հնարավորություն՝ Ալիևի խնդիրը ամենևին դա չէ, այլ ստացել է հին բովանդակությունից պարզապես հրաժարվելու և նորը բերելու հնարավորություն: Հայաստանի փոփոխություններին Ալիևը փորձեց հակադրել «մկանախաղը», որով, ի դեպ, Հայաստանի նախորդ իշխանությանն էր հնարավորություն տալիս իր հերթին խաղարկել «լարվածության» խաղաքարտը, հանրությանը հորդորելով չապակայունացնել իրավիճակը, որպեսզի հակառակորդը չօգտվի:

Ի դեպ, թավշյա հեղափոխության մեկնարկին իշխանությունն այդ խաղաքարտը փորձեց կիրառել մի քանի անգամ, սակայն դա չտվեց ոչ մի էֆեկտ, առաջին հերթին թերևս այն պատճառով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը բացեց հանրության աչքերը, ինչից հետո բոլորը հասկացան, որ «կայունության» ապահովումը իրականում ավելի է վտանգում Հայաստանը, քանի որ դա ընդամենը համակարգի համար հանրային ու պետական ռեսուրսները մսխելու ավելի կայուն ու կանխատեսելի միջավայր է, ինչը ոչ միայն կապ չունի անվտանգության հետ, այլ ուղիղ սպառնալիք է դրան: Ալիևը «մկանախաղը» փորձեց շարունակել արդեն Հայաստանի նոր իշխանությունից հետո, սակայն այդ խաղը դարձյալ արդյունք չտվեց:

Հայաստանի պաշտպանության նախարարը հրապարակել է բանակի առաջնահերթությունների իր տեսլականը, որում առաջինը հակառակորդին ուժի դիրքերից խոսել թույլ չտալն է: Այսինքն՝ Երևանն ըստ էության չտրվեց նաև Ադրբեջանի «մկանախաղին», ինչը միանգամայն ռացիոնալ պահվածք է, կամ պարզապես այլընտրանք չունեցող պահվածք: Այսինքն՝ դա մի իրավիճակ է, երբ Հայաստանի որևէ իշխանություն ուղղակի չունի դրան չտրվելու այլընտրանք, որովհետև «տրվելու» դեպքում Ադրբեջանը ոչ թե ավարտելու է խաղը և անցնելու է այսպես ասած բանակցության, այլ խաղն էլ ավելի է ուժգնացնելու: Հիմա զարմանալի չէ, որ Բաքուն անցել է հայտարարելու, թե Հայաստանի իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը նաև իր «ձեռքի գործն է»: Որովհետև Ադրբեջանը նոր իրավիճակում չունի որևէ այլ առավելություն, քան սպառազինության քանակը, բայց դրանով էլ չի լուծվում որևէ հարց: Այդ իսկ պատճառով Ալիևը ստեղծված իրավիճակը փորձում է որպես իր առավելություն ներկայացնել վերջին հնարավորությամբ, թե իբր ինքն էլ է մասնակից եղել Սերժ Սարգսյանի հեռացմանը:

Ադրբեջանի նախագահը այլ ելք չունի հատկապես այն բանից հետո, երբ Բաքվի հզոր բեմադրված ռազմական շքերթից օրեր անց ընդամենը մի հէկի վթարի հետևանքով այդ երկիրը մնաց խավարի մեջ, խափանվեց մասշտաբային զորավարժությունը: Եվ շատերն Ադրբեջանում սկսեցին մտածել, որ դա էլ գուցե «հայերի զորավարժությունն» էր: Ալիևը հիմա փորձում է ցույց տալ իր հանրությանը, որ եթե հայերը կարող են Ադրբեջանը խավարի մեջ թողնել, ինքն էլ կարող է իշխանություն փոխել Հայաստանում: Դա հուշում է, որ Ալիևը ուրիշ ոչինչ անել չի կարող և նա իր հայտարարությամբ փաստացի խոստովանում է դա։ Բայց քանի դեռ չի կարողացել նոր իշխանությանը տանել հնի բանակցային սեղանի մոտ: Բավական է, որ Հայաստանի նոր իշխանությունը հին օրակարգով մոտենա այդ սեղանին, սկսելու է աստիճանաբար կորցնել Ադրբեջանի իշխանության նկատմամբ ունեցած առավելությունը:

Ներկայումս Հայաստանի համար պատեհ պահն է, դրա հնարավորությունը տվել են նաև Մինսկի խմբի համանախագահները, որոնց համար Հայաստանի թավշյա հեղափոխությունը ևս կարևոր փաստարկ է այսպես ասած լուռ դիվանագիտության շրջանակում: Երևանը պետք է զարգացնի այդ փաստարկը, որը առնչվում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը կամ Արցախի խնդրին: Այն առնչվում է նաև թավշյա հեղափոխության ներքին ամրությանը և անշրջելիության հարցին, քանի որ Հայաստանի ներքին կյանքը, խոշոր հաշվով, արցախյան խնդրի ողնաշարով ձևավորված կյանք է, օբյեկտիվորեն, պարզապես ծռված ողնաշարով և հարկավոր է ուղղել ողնաշարը:

Spread the love