Առաջիկա ընտրությունների համար կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով

- in Ընտրություններ
Daniel Ionisyan

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ` առաջիկա ընտրություններին կուսակցություններին և դաշինքների անցողիկ շեմը կիջեցվի 1-ական տոկոսով:

Արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Հանգել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրակարգփակ ցուցակներով: Սակայն փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի ցուցակ: Հանձնաժողովը որոշել է 1-ական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը, հատկապես ԱԺ ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվել է 4, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոսը»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց այս առումով ուսումնասիրել են ժողովրդավարական երկրների փորձը:

Անդրառնալով ցուցակներում, ապա խորհրդարանում կանանց ներկայացվածությանը՝ նա ասաց` կարգերը, որ կային նախկինում, գործում էին թերի: Սահմանել են, որ համամասնական ցուցակում կանանց ներկայացվածությունը պետք է լինի այնքան, որքան գործող ընտրական օրենսգրքում նախատեսված է, որ պետք է լիներ հաջորդ հերթական ընտրությունների համար: «Մենք որոշեցինք, որ կանանց թիվը պետք է լինի ոչ ավելի, քան յոթանասուն տոկոսը: 2017-ին դա նախատեսված էր հաջորդ ընտրությունների համար»,-եզրափակեց Իոաննիսյանը:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը առաջիկա ընտրություններին քաղաքական ուժերի համար նախատեսել է հեռուստաբանավեճերի կազմակերպում Հանրային հեռուստաընկերությամբ: Հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանն այս մասին ասաց արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Նախընտրական քարոզչությունը նպատակ ունենք դարձնել ավելի քաղաքական մրցապայքար: Մեխանիզմներ ենք նախատեսել, որ պետությունը խթանի գաղափարների պայքարը: Հավասարություն ապահովելու համար Հանրային հեռուստաընկերությամբ նախատեսել ենք հեռուստաբանավեճերի կազմակերպում»,-ասաց Իոաննիսյանը:

Նպատակ ունեն նաև նվազեցնել հանցագործության ազդեցությունը ընտրության վրա: Ընտրողն ընտրական տեղամասում իր քվեն տալու է քաղաքական ուժին: «Սա մեր համոզմամբ` հնարավորություն կտա լուծել ժողովրդավարության ապահովման հետ կապված խնդիրներ: Փակ համամասնական ընտրակարգը հնարավորություն կտա հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը տեղամասում: Հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկել»,-վստահեցրեց Իոաննիսյանը:

Այս ընտրակարգը հնարավորություն կտա նաև քվեախցիկներում ձերբազատվել գրիչներից: Կնվազեցվեն ընտրողների վրա ազդեցության մեխանիզմները: