Բրյուսելյան առաջին օրվա հանդիպումների արդյունքները

dzerq

Հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը: Փաշինյան-Մակրոն հանդիպումը տևել է մոտ կես ժամ, և երկու գործիչները քննարկել են երկկողմ ու միջազգային նշանակության հարցեր:

Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու, անարյուն գործընթացների համար և վերահաստատել, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի զարգացմանը: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում փոփոխությունները ստեղծում են հայ-ֆրանսիական հարաբերության խորացման նախադրյալներ:

Փաշինյան-Մակրոն հանդիպումն, անկասկած, Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցի առաջին օրվա ամենանշանակալից իրադարձությունն է: Մյուս կողմից՝ առաջին օրը եղել է հագեցած, տեղի է ունեցել հանդիպում ԵՄ հանձնակատար Մոգերինիի հետ, նաև ելույթ Քարնեգի հիմնադրամի փորձագետների առաջ, մասնակցություն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակից երկրների ղեկավարների հավաքին:

Այդպիսով, առաջին օրվա արդյունքը թերևս բավական է արձանագրելու համար, որ Հայաստանի նոր վարչապետի այցը Բրյուսել բավականին արդյունավետ ու ներկայանալի է, այցը, ըստ էության, հաջողված է առնվազն այդ իմաստով, և Նիկոլ Փաշինյանը կարողացել է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակում հավաստիացնել, որ ի դեմս Հայաստանի նոր իշխանության՝ ունեն հուսալի և վտահելի գործընկեր:

Ինչ խոսք, հիմնարար նշանակություն ունի Մակրոնի հետ հանդիպումը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ֆրանսիայի նախագահն, ըստ էության, միակն էր, որ առ այսօր շնորհավորական ուղերձ չէր հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Դա արել էր Ֆրանսիայի վարչապետը: Եվ այս տեսանկյունից Ֆրանսիայի նախագահի հետ Բրյուսելում առաջին հանդիպումն, անշուշտ, վկայեց, նաև իր բովանդակությամբ ու ջերմությամբ, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունը չունի մտահոգության առիթ: Իսկ դա շատ կարևոր է, և բանն այստեղ միայն Մինսկի խմբի համանախագահ պետություն լինելը չէ:

Ֆրանսիան Հայաստանի համար, ըստ էության, «փրովայդեր» երկիր է՝ եվրատլանտյան բևեռի հետ հարաբերությունների մասով, և հայ-ֆրանսիական հարաբերությունից շատ բան է կախված ոչ միայն երկկողմ, այլ նաև հենց բազմակողմ զարգացումների տեսանկյունից:

Ի վերջո, Բրյուսելում հնչել է թերևս առանցքային միտք: Նիկոլ Փաշինյանը թե՛ Մակրոնի հետ հանդիպմանը, թե՛ Քարնեգի հիմնադրամում արցախյան խնդրի մասին խոսելով և խաղաղ կարգավորման կարևորությունն արձանագրելով՝ ասել է, որ ռազմական լուծման որևէ փորձ նշանակելու է հարձակում ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա:

Բանն այն է, որ Հայաստանում ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքով իշխանության եկած գործիչը այդպիսով առնվազն ներկայացնում է ղարաբաղյան խնդրում այդ գործոնը կապիտալիզացնելու կարևոր հայտը, Հայաստանի ձեռք բերած այդ կարևոր առավելությունն արձանագրելու հայտը, դնելով խնդրի քաղաքակրթական շեշտադրումն ու համատեքստը, ինչի ծանրակշիռ հնարավորությունը Հայաստանը ստացել է թավշյա հեղափոխությամբ:

Spread the love
  • 16
    Shares