Արագածոտնում Կնյազը փախցրել է իր հավանած 17-ամյա աղջկան, բայց հայտնվել է գաղութում

axjik paxcnel

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Կնյազ Ու.-ի, Ջամալ Գ.-ի ու Ռոմիկ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

1992 թվականի ապրիլին ծնված Կնյազը իր համագյուղացի ընկերներ Ռոմիկի ու Ջամալի հետ մեղադրվում է խմբի կազմում անչափահաս՝ 1999 թվականի մարտին ծնված աղջկա՝ Աննա Ռ.-ին (անունը փոխված է) առևանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կնյազ Ու.-ն նախապես համաձայնության է եկել ընկերների՝ Ռոմիկի ու Ջամալի հետ և 2017 թվականի հունվարի 12-ին, ժամը 14-ն անց 45-ի սահմաններում գործով չպարզված անձի «Օպել» մեքենայով գնացել է Աննայենց գյուղ:
Օգտվելով Աննայի հոր՝ տանից բացակայելու հանգամանքից՝ Կնյազը ««ֆիզիկական բռնություն գործադրելով՝ գրկելով, այնուհետև քաշքշելով ու հրելով» անչափահաս Աննային, վերջինիս կամքին հակառակ, դուրս է հանել թոնրատնից, նստեցրել է «Օպել» մեքենան:

Այդ ընթացքում Ջամալն ու Ռոմիկը հրել-հեռացրել են Աննայի մորն ու քրոջը, որպեսզի նրանք չխանգարեն Կնյազին:
Վերջինս ընկերների հետ բացահայտ առևանգելով Աննա Ռ.-ին՝ տարել է իր բարեկամի տուն, այնտեղից տարել է Աբովյան, որից հետո, իմանալով, որ աղջկա ծնողները դիմել են ոստիկանություն, հորեղբոր հետ աղջկան տարել է ոստիկանություն:
Կնյազն իրեն մեղավոր է ճանաչել: Հայտնել է, թե Աննային տեսել է բարեկամի նշանադրության ժամանակ ու հավանել է: Իմացել է, որ նա չափահաս է դառնում, ու՝ որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա հետ ամուսնանալ:

Որոշել է, որ ինքն է ամուսնանալու այդ աղջկա հետ: Այդ մասին հայտնել է իր հորեղբորը, վերջինս խոսել է աղջկա հոր հետ, բայց նա իր համաձայնությունը չի տվել:

Ըստ Կնյազի՝ ինքն այլևս չի փորձել այդ հարցով խոսել աղջկա հոր հետ, որոշել է աղջկան «փախցնել» և հետն ամուսնանալ: Իր ընկերներ Ջամալին ու Ռոմիկին ասել է այդ մասին, բայց նրանց ներկայացրել է, թե աղջիկը համաձայն է իր հետ «փախչել», իրենց ամուսնությանը դեմ է աղջկա հայրը: Ընկերներին ասել է՝ որպեսզի աղջկա ծնողների «պատիվը չարատավորվի», աղջկա հետ պայմանավորվել են, որ այնպես անեն, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում: Ինքն իրականում տղաներին ճիշտը չի ասել…

Արմավիր քաղաքի շուկայի մոտից «Օպել» մակնիշի տաքսի են կանգնեցրել: Ինքը վարորդին ասել է, որ գնում են «աղջիկ փախցնելու»: Վարորդը հարցրել է՝ աղջիկը համաձա՞յն է: Ինքն ասել է՝ համաձայն է, բայց տղաների հետ է գնում, որ ցույց տան, իբր՝ աղջկա կամքին հակառակ են փախցնում՝ վարորդին էլ ճիշտը չի ասել… Վարորդը համաձայնել է, ինքը վճարել է պայմանավորված գումարը:

Գնացել են Աննայենց գյուղ: Նախքան գյուղ մտնելը որոշ ժամանակ կանգնել ու նկատել են, որ Աննայի հայրը մեքենայով գյուղից դուրս եկավ:

Դրանից հետո գնացել են Աննայենց տուն: Աննան մենակ բակում էր: Իրենք երեքով մտել են բակ: Ինքն ընկերներին նախապես խնդրել է՝ եթե Աննայի հարազատները խանգարեն, այդ ժամանակ նրանք թող միջամտեն:

Դուրս է եկել Աննայի մայրը, բարևել է, նորից մտել է ներս: Ռոմիկն ու Ջամալը գնացել են նրա հետևից: Ինքը մոտեցել է Աննային, գրկել, տարել ու նստեցրել է իրենց սպասող «Օպել» մեքենայի հետևի նստատեղին: Աննան սկզբում օգնություն է կանչել, դիմադրել է: Հետո հանգստացել է: Մեքենա են նստել նաև տղաները՝ Ռոմիկը՝ իր կողքին, Ջամալը՝ առջևի նստատեղին: Հեռացել են: Գնացել են Արմավիր քաղաք: Աննան մի քիչ լաց է եղել, ինքը նրան հանգստացրել է: Ձեռքն էլ դրել է մեքենայի դռան բռնակին, որ Աննան չկարողանա դուռը բացել:

Արմավիրում տղաներն իջել են մեքենայից, ինքը Աննային տարել է իր բարեկամի տուն: Ճանապարհին խոսել է Աննայի հետ, իր կարծիքով՝ Աննան համակերպվել է իր հետ ամուսնանալու մտքի հետ:

Բարեկամի տանը չի ասել, որ Աննային նրա կամքին հակառակ է փախցրել: Այնտեղ մնացել են մի քանի ժամ: Հետո գնացել են Աբովյան՝ այդ բարեկամի եղբոր տուն: Մնացել են երկու օր: Նրանց էլ է ասել, թե Աննան իր կամքով է «փախել»: Ընթացքում իմացել է, որ Աննայի ծնողները դիմել են ոստիկանություն: Եկել է իր հորեղբայրը, խոսել է Աննայի հետ: Վերջինս գրություն է տվել, որ իր կամքով է փախել: Հետո գնացել են Թալինի ոստիկանություն:

Հետագայում ինքն իմացել է, որ Աննան ոստիկանությունում հայտնել է, թե իրականում իր կամքին հակառակ են փախցրել: Իմանալով, որ ոստիկաններն իրեն են փնտրում, իր կամքով ներկայացել է: Հետագայում իր ազգականները գնացել են Աննայենց տուն, պայմանավորվել են, որ քրեական գործի քննության ավարտից հետո Աննային կամուսնացնեն իր հետ…

Կնյազը պնդել է, թե առևանգման պահին չի իմացել, որ Աննան անչափահաս է, քանի որ նա արտաքնապես տարիքով մեծ էր երևում: Կնյազը հայտնել է, թե զղջում է կատարածի համար:

Անչափահաս տուժող Աննա Ռ.-ն հայտնել է, թե ինքը Կնյազի հետ ծանոթացել է իր բարեկամի պսակադրության ժամանակ: Կնյազը մոտեցել, ներկայացել է, ասել է, թե նախկինում էլ է իրեն տեսել, հավանել է, ուզում է իրենց տուն գալ՝ ծնողներից իր ձեռքը խնդրելու: Ինքը ոչինչ չի պատասխանել, հեռացել է նրա կողքից:

Դեպքի օրը ինքն ու մայրը իրենց թոնրատանն էին: Եկել է Կնյազը՝ երկու ընկերների հետ: Մայրը տղաներին ուղեկցել է տուն: Ինքը քրոջ հետ մնացել է թոնրատանը: Կնյազը մտելէ թոնրատուն, բարևել է իրենց, հարցրել է՝ ո՞նց եք: Հանկարծ նա մոտեցել, գրկել է իրեն, բարձրացրել ու թոնրատնից հանել է: Դա իր համար անսպասելի էր: Ինքը չի կարողացել դիմադրել: Վախեցած բղավել, օգնություն է կանչել միայն: Հետո փորձել է ազատվել Կնյազից:

Կնյազն իրեն արագ դուրս է բերել թոնրատնից, քաշքշելով տարել է բակում կանգնած մեքենայի մոտ: Քույրը միջամտել է, փորձել է իրեն օգնել, բայց Կնյազի ընկերները թույլ չեն տվել: Կնյազն ուժ գործադրելով՝ իրեն նստեցրել է մեքենայի հետևի նստատեղին, նստել է իր կողքին: Ինքը պահանջել է, որ իրեն տուն տանեն: Բայց Կնյազն ու ընկերները չեն արձագանքել: Ընթացքում Կնյազի ընկերներն իջել են մեքենայից: Կնյազն իրեն ինչ-որ մեկի տուն է տարել…

Իրեն ներկայացրել է որպես «ապագա կնոջ», ասել է, որ փախցրել է: Ինքը չի պատմել, որ իրեն բռնությամբ են փախցրել: Չի փորձել այդ տանից հեռանալ, քանի որ տեղանքն իրեն անծանոթ էր: Հետո Կնյազը ինչ-որ պատահական մեքենայով իրեն տարել է Աբովյան, որտեղ նույնպես չի ասել, որ իրեն բռնությամբ են փախցրել, քանի որ Կնյազը խոստացել էր իրեն տուն տանել: Երկու օր մնացել են այնտեղ: Իրենց միջև ոչինչ չի եղել: Իմացել է, որ ծնողները դիմել են ոստիկանություն: Ինքը գրություն է գրել, իբր՝ իր կամքով է գնացել Կնյազի հետ: Բայց երբ իրեն տարել են Թալինի ոստիկանություն, ինքը հայտնել է իրականությունը…

Տուժողը պնդել է, որ իրեն իր կամքին հակառակ են փախցրել: Կնյազն իրեն որևէ վնաս չի պատճառել:
Տուժողը խնդրել է ամբաստանյալների նկատմամբ մեղմ վարվել, ասել է, թե իր ծնողներն ու Կնյազի հարազատները որոշել են գործի քննությունից հետո իրենց ամուսնացնել…

Առաջին ատյանի դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել, դատապարտել է 4-ական տարի ազատազրկման: Սակայն իրական ազատազրկման դատապարտվել է միայն Կնյազ Ու.-ն: Մյուս երկու ամբաստանյալների՝ Ռոմիկի ու Ջամալի նկատմամբ դատարանը պայմանական դատապարտություն է կիրառել, Ջամալի համար սահմանել է 4 տարի, Ռոմիկի համար՝ 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը և Կնյազ Ու.-ի շահերի պաշտպանները:
Մեղադրողը պահանջել է մյուս երկու ամբաստանյալներին՝ Ռոմիկին ու Ջամալին էլ իրական ազատազրկման դատապարտել, պայմանական դատապարտության կիրառումը վերացնել: Իսկ Կնյազ Ու.-ի շահերի պաշտպանները խնդրել են Կնյազի նկատմամբ ևս պայմանական դատապարտություն կիրառել, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Վերաքննիչ քրեական դատարանում կողմերը հիմնավորեցին իրենց բերած բողոքները:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Շարոյանը նշեց, որ սոցիալական արդարությունը արդեն վերականգնված է՝ Կնյազ Ու.-ն մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ, ժամանակն է, որ նա էլ վերադառնա հասարակություն:

Պաշտպան Շարոյանն ընդգծեց. «Մեր վարչապետը ասեց՝ տրամադրված չենք բոլորին բերդերը լցնելու… Դատախազության օրվա կապակցությամբ հանրապետության գլխավոր դատախազն էլ նույնը ասեց… Իսկ եթե էս երեք ամբաստանյալների նկատմամբ չկիրառվի էդ միտքը, ո՞ւմ նկատմամբ պիտի կիրառվի՝ երեքն էլ վատառողջ են… Կնյազը՝ էս հիանալի երիտասարդը, որբ ա մեծացել՝ հինգ տարեկանից չգիտի՝ ընտանիքի գուրգուրանքն ինչ է… Հավանած աղջկան փախցրել է, որ ընտանիք կազմի…

Եկեք չխանգարենք, թողնենք, որ ընտանիք կազմի… Այս երեքին ազատազրկման վայրում պահելու փոխարեն կարող ենք երեք երեխայի մանկապարտեզում պահել կամ՝ երեք մեծահասակի՝ համապատասխան հաստատությունում… Էս երիտասարդ զինվորներին ինչո՞ւ պահենք անազատության մեջ էսօրվա դրության պայմաններում…»:

Կնյազը՝ երեք ամբաստանյալներից ամենաբարձրահասակը, ասաց, թե իր սխալը հասկացել է, նաև ավելացրեց, թե ինքն ու Աննան նշանվել են, բացի այդ՝ ինքը չգիտեր, որ աղջիկ փախցնելու համար դատում են…

Պաշտպան Շարոյանը նշեց, որ առևանգման պահին Աննան էնքան էլ անչափահաս չէր՝ 17 տարեկան 10 ամսական էր: Կնյազն էլ նրան հո զոռով չի՞ տարել՝ թևից բռնել, մի 40 մետր տարել-դրել է մեքենայի մեջ՝ ոչ քաշել է, ոչ մի ավելորդ բան է իրեն թույլ տվել…

Դատարանը պաշտպաններին հիշեցրեց Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ աղջիկ փախցնել «չի կարելի», ու դրա համար պետք է ազատազրկել:

Պաշտպանները համաձայն չէին այդ տեսակետին, իսկ մեղադրողը համաձայն էր, քանի որ իր բողոքում պահանջում էր մյուս երկու ամբաստանյալներին էլ իրական ազատազրկման դատապարտել:

Դատարանը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է տուժող աղջիկը, երկու անգամ ծանուցում է ուղարկվել, բայց նա չի ստացել: Ինչպե՞ս են Կնյազն ու այդ աղջիկը նշանված, եթե Կնյազը չգիտի՝ աղջիկը որտեղ է՝ Հայաստանում է, Հայասատանում չէ…

Պաշտպաններն ասացին, թե աղջիկն ամաչում է վերաքննիչ դատարան ներկայանալ: Առաջին ատյանի դատարանում էլ դիմում էր գրել, որ չներկայանա…

Վերաքննիչ դատարանը առանց տուժողին տեսնելու և նրա դիրքորոշումը իմանալու՝ չի կարող որոշում կայացնել՝ հայտարարեց դատարանը ու նիստը հետաձգեց, որ մյուս նիստին ապահովվի տուժողի կամ նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի ներկայությունը, որպեսզի ստույգ պարզվի՝ նշանվա՞ծ է Կնյազն այդ աղջկա հետ, պատրաստվո՞ւմ են ընտանիք կազմել, թե՞ առաջին ատյանի դատարանում աղջիկն այդպես է հայտարարել՝ Կնյազին օգնելու համար…

Պաշտպանները խոստացան նույնպես միջոցներ ձեռնարկել, որ աղջիկն ու նրա ծնողը դատարան ներկայանան…

Spread the love