Արարատի մարզում «Միցուբիշին» վրաերթի է ենթարկել 1,5 տարեկան երեխային

- in Իրավունք
erexa

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Հ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Գևորգին մեղադրանք էր առաջադրվել մանկահասակ երեխայի վրաերթի, ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 11-ի սահմաններում Գևորգ Հ.-ն իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մեքենայով Արարատի մարզի Մրգավետ գյուղի տներից մեկի դիմաց թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ երթևեկությունը սկսելիս ի վիճակի լինելով հայտնաբերել երթևեկության համար խոչընդոտ հանդիսացող, իր մեքենայի առջևի մասում գտնվող մանկահասակ Գառնիկ Ն.-ին, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու ուղղությամբ, այլ դանդաղ ընթացքով մեքենան վարելով՝ առաջ է ընթացել ու վրաերթի է ենթարկել նույն հասցեի բնակիչ, 2016 թվականի մայիսին ծնված՝ 1 ու կես տարեկան Գառնիկ Ն.-ին՝ նրա առողջությանը անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս՝ գանգի թաղի և հիմի ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, պնևմոցեֆալյա, էպիդուրալ արյունահավաք, կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ:

Գևորգ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, ըստ տուժող երեխայի ծնողի՝ նա  հատուցել է պատճառած վնասը՝ երեխայի բուժման ծախսերը:

Դատարանը հաշվի է առել, որ Գևորգ Հ.-ի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 6 և 2 տարեկան: Նա նույն գյուղի բնակիչ է, զբաղվում է հողագործությամբ:

Գևորգ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է տուգանքի՝  100 հազար դրամի չափով՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Spread the love