Արդյո՞ք մեծ է տարբերությունը՝ օգոստո՞ս, թե՝ սեպտեմբեր

Elections 2017

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին. այդպես է որոշել Երևանի ավագանու ՀՀԿ մեծամասնությունը: «Ելք» խմբակցությունն առաջարկել էր օգոստոսի 8-ը:

Բանն այն է, որ եթե հուլիսի 16-ին ավագանին չընտրի նոր քաղաքապետ, ապա այն լուծարվում է, և օգոստոսին պետք է տեղի ունենա արդեն Երևանի ավագանու նոր ընտրություն: «Ելք» դաշինքը դեմ է դրան, համարում է, որ դա անհարմար ժամկետ է, և օգոստոսի 8-ը հարմար է նրանով, որ այդ օրը քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանու արտահերթ ընտրությունը կլինի արդեն սեպտեմբերին:

Արդյո՞ք մեծ է տարբերությունը՝ օգոստո՞ս, թե՞ սեպտեմբեր: Չէ՞ որ խնդիրն այն է, թե ինչպես կանցնի այդ ընտրությունն օրինականության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, արդյո՞ք կլինի արտահերթ ընտրություն, թե՞ ավագանու ՀՀԿ մեծամասնությունը կընտրի քաղաքապետ, և այդպիսով չի լինի արտահերթ ընտրություն:

Խոշոր հաշվով, զուտ ֆինանսական տեսանկյունից քաղաքապետի նոր ընտրությունը ցանկալի չէ: Դա կբերի ավելորդ ծախսի՝ այն դեպքում, երբ ներկայումս փող պետք է այլ՝ ավելի կարևոր խնդիրներ լուծելու համար: Միևնույն ժամանակ, դա նաև ավելորդ ուշադրություն ու ժամանակ է խլելու այլ կարևոր գործերից, այդ թվում՝ իրավապահների համար: Եվ ի վերջո՝ ներկայումս ընտրական խնդիրների առումով շատ ավելի կարևոր են խորհրդարանի արտահերթ ընտրության նախապատրաստումը և ջանքերն ու ռեսուրսները դրա վրա կենտրոնացնելը: Ըստ այդմ՝ առավել նախընտրելի է, որ հուլիսի 16-ին ընտրվի Երևանի քաղաքապետ՝ որոշակի փոխհամաձայնությամբ, թեկուզ ՀՀԿ ավագանու անդամներից:

Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում Երևանի ավագանիում ՀՀԿ-ն այլևս վաղուց պայմանական հասկացություն է, ինչպես ընդհանրապես՝ Հայաստանում: Այլապես Տարոն Մարգարյանը չէր ներկայացնի հրաժարական: Քաղաքապետի պաշտոնում նա ՀՀԿ-ին չէր պահում, և նրան պահողն էլ ՀՀԿ-ն չէր, Տարոն Մարգարյանը պարզապես անհատական պաշտպանության տրամաբանությամբ էր գործում, այլ ռեսուրս նա չուներ: Խոշոր հաշվով, քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ի, այսպես ասած, վերջին ռեսուրսը չէր, դա արդեն Տարոն Մարգարյանի ռեսուրսն էր, որով նա լուծում էր այլևս բացառապես անձնական հարցեր:

Ըստ այդմ՝ խնդիրը տվյալ պարագայում այն է, թե Երևանի քաղաքապետի հարցում ինչպիսի լուծումներ ու պատկերացումներ ունի նոր կառավարությունը կամ ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանը: Այդ իմաստով հետաքրքիր է այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս երկու ամիս առաջ, երբ եղավ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության պահանջով ապարդյուն մի ակցիա, հայտարարեց, որ այդ ակցիան որևէ առնչություն չունի իր հետ, և եթե ինքը հորդորի, ապա Տարոն Մարգարյանը չի կարող հրաժարական չտալ: Մարգարյանը հրաժարական տվեց, սակայն Փաշինյանի հորդոր չի եղել, գոնե հրապարակավ:

Ըստ այդմ հետաքրքիր է՝ Տարոն Մարգարյանը փաստի առա՞ջ դրեց նոր կառավարությանն ու նրա ղեկավարին՝ այսպես ասած, ժամանակից շուտ առաջացնելով քաղաքապետի ընտրության խնդիր, թե՞ այդուհանդերձ նոր կառավարությունը պատրաստ է այդ խնդրին: Մի բան նկատելի է, որ պատրաստ չէ «Ելք» դաշինքը՝ համենայնդեպս դատելով քաղաքապետի ընտրության օրվա հետ կապված դաշինքի վերաբերմունքից և պահվածքից: Բայց նաև հարց է, թե այլևս որքանով են նույնական «Ելք» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանը:

Spread the love