Արդյո՞ք որևէ քաղաքական միավորի հաջողվելու է լուրջ մրցակցություն առաջ բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հանդեպ

Yntrutyun

Օգոստոսին Երևանն ըստ երևույթին կունենա քաղաքային նոր իշխանություն, որը չի լինի ՀՀԿ-ական, քանի որ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է արտահերթ ընտրությանը չմասնակցելու մասին:

Երևանի ավագանու արտահերթ ընտրության ինտրիգը փաստացի այն է, թե արդյո՞ք որևէ քաղաքական միավորի հաջողվելու է թավշյա հեղափոխությունից երեք ամիս անց լուրջ մրցակցություն առաջ բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հանդեպ: Իհարկե, մինչ այդ էլ կա հենց այդ ուժի ինտրիգը: Այսինքն՝ Փաշինյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրության կգնա «Քաղաքացիական պայմանագի՞ր» կուսակցությամբ, թե՞ կպահպանվի «Ելք» դաշինքի ֆորմատը: Իսկ գուցե կարող է լինել երրորդ տարբերակ՝ «Ելք»-ի ավելի ընդլայնված ֆորմատ, սակայն ոչ թե քաղաքական միավորով՝ դրա կարիքը բացարձակ չկա, այլ քաղաքացիական միավորներով: Այդպես Նիկոլ Փաշինյանը կարող է նաև դաշինքում թուլացնել մյուս երկու ուժերի՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կշիռը:

Առայժմ մասնակցության ֆորմատի մասով որոշակիություն չկա, թեև որոշումը պետք է կայացվի արագ, քանի որ ժամանակը շատ չէ: Մի կողմից՝ նոր քաղաքական իրավիճակ է, և ըստ այդմ՝ թելադրողը Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից՝ չի բացառվում, որ Փաշինյանը Երևանի ընտրությանը չգնա դաշինքը առանձնացնելու տարբերակով՝ համարելով, որ այդ հարցը պետք է լուծվի համապետական ֆորմատի շրջանակում, իսկ քանի դեռ այդ շրջանակում «Ելք»-ը շարունակում է մնալ, ապա Երևանի քաղաքապետարանում էլ այն կարող է մնալ:

Իհարկե, հարց է ծագում, թե ինչ կարող է լինել, եթե, օրինակ, խորհրդարանի արտահերթ ընտրությանը «Ելք» դաշինքը չպահպանվի, այսինքն՝ ուժերը գնան առանձին: Այդ դեպքում ինչ պետք է լինի ավագանու հարցը, որտեղ փաստորեն հնարավոր իշխող մեծամասնությունը կկանգնի մասնատվելու վտանգի առաջ:

Այդպիսով ակնհայտ է, որ մասնակցության ձևաչափը խորհրդարանի ընտրության խնդրից լիովին առանձին դիտարկել հնարավոր չէ, և այսպես թե այնպես, անկախ ամեն ինչից, տրամաբանությունը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է մասնակցի առանձին, եթե չկա միարժեք որոշում խորհրդարանի ընտրությանը «Ելք»-ը պահպանելու մասով: Իսկ այդպիսի որոշում, իհարկե, լինել չի կարող: Բայց դա էլ նշանակում է, որ մի քանի ամիս անց «Ելք»-ը կարող է և չլինել, ու քաղաքական ուժերը հայտնվեն տարբեր դիրքերում:

Այդ դեպքում ի՞նչ է լինելու «Ելք»-ի հարցը ավագանիում և ընդհանրապես՝ ավագանիում մեծամասնության հարցը: Ծիծաղելի է մտածել, որ դրանից հետո կարելի է ևս մի արտահերթ ընտրություն անել:

Հետևաբար բոլոր դեպքերում տրամաբանությունը հուշում է, որ արտահերթ ընտրությանը «Ելք»-ը չպետք է մասնակցի, որովհետև միարժեք չէ դաշինքի հետագա ճակատագիրը համապետական ֆորմատում: Իսկ այդ դաշինքը հենց համապետական տրամաբանությամբ ստեղծված քաղաքական միավոր է:

Մյուս ինտրիգը ԲՀԿ մասնակցությունն է, որը կուսակցության համար իսկապես լինելու է փորձարկում, թե որքանով է այն կենսունակ Փաշինյանի թիմի դեմ պայքարում: Մյուս կողմից՝ Երևանի ընտրությունն այդ առումով կարող է ավելի «կազմակերպման» կամ «լոգիստիկ» փորձարկում լինել՝ այն իմաստով, որ ԲՀԿ-ն ընդհանրապես հայտնվել է իր համար նոր իրավիճակում:

Բանն այն է, որ ՀՀԿ-ի, այսպես ասած, հայելային «ուղիղ» արտացոլման հավակնող ուժը մասնակցելու է մի գործընթացի, որտեղ ՀՀԿ-ն չկա: Այդ դեպքում ինչի՞ և ո՞ւմ հետ պետք է համեմատվի ԲՀԿ-ն, որը իներցիայով դեռևս երկրորդ ուժն է, սակայն պարզ չէ, թե առաջինից ինչպիսի տարբերությամբ: Մյուս կողմից՝ հատկապես հիմա չափազանց բարդ է քննադատել առաջինին: Նախ՝ որովհետև սա ՏԻՄ ընտրություն է, և չես կարող այնտեղ շոշափել կառավարության գործունեություն, բացի այդ՝ դժվար է սուր և ուղիղ քննադատել մոտ երեք ամիսների աշխատանքը, առավել ևս, եթե խոսքը թավշյա հեղափոխությամբ ձևավորված կառավարության աշխատանքի մասին է: Ըստ այդմ՝ մնում են կա՛մ կոմպրոմատները, իսկ այդ դեպքում բումերանգի էֆեկտի հավանականությունը շատ մեծ է, եթե անգամ կա հարվածի առիթ կամ փաստ, կա՛մ ԲՀԿ-ն պետք է մրցակցի ուղղակի զուտ բովանդակային առաջարկների մասով, որոնք առնչվում են Երևանի կառավարմանը: Իսկ դա էլ բարդ է, որովհետև չկա վատ կառավարող քաղաքային իշխանությունը, այն գնացել է, և հետևաբար չկա մի բավականին ընդգծված և շահեկան վատ ֆոնը:

Եվ առայժմ թերևս նկատելի երրորդ ինտրիգն այն է, թե ով է լինելու Երևանի ավագանիում հայտնվելիք երրորդ ուժն այս անգամ, քանի որ, ըստ օրենքի, Երևանի ավագանին ձևավորված կարող է համարվել, եթե ընտրության անցողիկ շեմը հաղթահարել է առնվազն երեք կուսակցություն:

Spread the love