Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ զուգահեռ հայտնությունը պայմանավորված չէ իր անվտանգության  խնդիրներով

serzh-sargsyan

Հանրապետական կուսակցությունը հուլիսի 12-ին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ, քննարկել հիմնադրամի հետ ՀՀԿ գործակցության հարցերը, նաև միջազգային կուսակցական հարթակներում, մասնավորապես ԵԺԿ-ում ՀՀԿ հեռանկարները:

Սերժ Սարգսյանն ասել է, ըստ հաղորդագրության, որ ՀՀԿ-ն շարունակելու է ակտիվ լինել միջազգային հարթակներում: Կողմերը քննարկել են նաև ՀՀԿ բարեփոխման համատեղ մշակվող ռազմավարությունը:

Այս տեղեկատվությունը հետաքրքիր է մի քանի առումներով: Նախ՝ այն, ըստ էության, առաջինն է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որ պատմում է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մասին, այն էլ՝ հրապարակված լուսանկարով: Հատկանշական է, որ առաջին այդ տեղեկատվությունը վերաբերում է գերմանական հեղինակավոր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպմանը, և այդ հանդիպումն էլ տեղի է ունենում այն ժամանակ, երբ զուգահեռ մի շարք ուշագրավ երկկողմ հանդիպումներ է ունենում Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, ԱՄՆ ու եվրոպական երկրների ղեկավարների հետ:

Եվ վերջապես՝ Սերժ Սարգսյանի այդ հանդիպումը կամ ըստ էության՝ առաջին քաղաքական հայտնությունը տեղի է ունենում այն շրջանում, երբ իրավապահների անմիջական թիրախում են նրա մերձավորագույն շրջապատը ներկայացնող անձինք, թիկնազորի պետը, եղբայրները, եղբոր որդիները: Սերժ Սարգսյանը գերմանացի հյուրի հետ քննարկած հարցերի շրջանակում այս հարցերը, անշուշտ, չի շոշափել, համենայնդեպս հաղորդագրության մակարդակում, սակայն ֆոնն իսկապես ուշագրավ է և այդ տեսանկյունից էլ խիստ հատկանշական:

Հատկանշական նաև հենց միջազգային ուղղվածության իմաստով ու այն ժամանակ, երբ արտերկրում հանդիպումների է նաև Նիկոլ Փաշինյանը, որն անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության թեման է շոշափում Եվրոպայի մայրաքաղաքում երկկողմ հանդիպումներում և ՆԱՏՕ-ի Վեհաժողովում:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ զուգահեռ հայտնությունը պայմանավորված չէ իր անվտանգության  խնդիրներով, ինչի հետ էլ կապված է հանգամանքը, որ նա խոսում է ՀՀԿ միջազգային ակտիվության մասին: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն այդ ֆոնին փորձում է միջազգային հանրությանը հիշեցնել իր անվտանգության մասին՝ ակնկալելով որոշակի աջակցություն կամ երաշխիքներ Հայաստանի ներսում տեղի ունեցող այն գործընթացներից, որոնք Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է որպես Հայաստանի վերափոխման պատմական ժամանակաշրջան:

Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, ցանկանում է հիշեցնել, որ ինքն, այդուհանդերձ, ունի իր որոշակի լուման այդ ամենում, թեկուզ հարաբերականորեն, և թերևս դա պետք է դիտարկել որպես «մեղմացուցիչ հանգամանք»:

Spread the love