Արձանագրվում է տնտեսական ակտիվության մեծացում

- in Տնտեսական
Hashvark

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018թ. հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ նախնական, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Համաձայն ազգային վիճակագիրների՝ 2018թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.6%: Մայիսի նկատմամբ աճը կազմել է 12.4%: Հունվար-հունիս ամիսներին՝ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 8.9%:

Նախորդ երկու ամիսների որոշակի անկումից հետո արձանագրվում է տնտեսական ակտիվության մեծացում: Տնտեսական աճն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 14%-անոց, ինչպես նաև ծառայությունների ոլորտում արձանագրված ավելի քան 21%-անոց աճերի շնորհիվ: Տնտեսության մյուս՝ գրեթե բոլոր ոլորտներում նույնպես զգալի աճ է արձանագրվել: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է գրեթե 11%-ով, արդյունաբերությունը՝ 5.6%-ով, շինարարությունը՝ ավելի քան 4%-ով, արտաքին առևտրաշրջանառության մեջ արտահանումը՝ ավելի քան 6.7%-ով, ներմուծումը՝ գրեթե 21%-ով: Անկում է գրանցվել միայն միջին ամսական անվանական աշխատավարձերի առումով թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածներում, սակայն դա պայմանավորված է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հաշվառման մեթոդաբանության փոփոխությամբ:

Նշենք, որ բոլոր ուղղություններում աճ է արձանագրվել նաև հունվար-հունիս կիսամյակի կտրվածքով: Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում աճը կազմել է մոտ 4%, գյուղատնտեսական համախառն արտադրանքի աճը՝ 5.5%, շինարարության ծավալների աճը՝ 13.5%, առևտուրն աճել է ավելի քան 9%-ով, ծառայությունները՝ գրեթե 20%-ով: Թերևս ամենափոքր աճն արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.1%: Արտաքին առևտրաշրջանառության աճը մոտեցել է 30%-ի: Ընդ որում, արտահանումն աճել է 20, իսկ ներմուծումը՝ շուրջ 34%-ով: 1.1%-ով բարձրացել է պետական հատվածում աշխատողների աշխատավարձը, 5.5%-ով՝ մասնավոր հատվածի: Այդ ֆոնի վիա սպառողական գների ինդեքսը կազմել է 2,4%, ինչը թույլատրելիի գրեթե միջնամասում է:

Տնտեսության վիճակը բնութագրող նման ցուցանիշների առկայությունը վկայում է այն մասին, որ ապրիլ-մայիս ամիսների հեղափոխական զարգացումները թերևս պայմանավորված հասարակության կողմից ձևավորված դրական սպասումներով. ոչ միայն անկումային միտումներ չեն զարգացել, այլև կայունության ու աճի իմպուլսներ են ձևավորվել:

Spread the love