Բարձրաշենում 29-ամյա տղամարդը «BMW»-ով վթարի է ենթարկվել. մեքենայում գտնվող մանկահասակ երեխան մահացել է

- in Սոցիալական
erexa

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Ալբերտ Ա.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Ալբերտին մեղադրանք էր առաջադրվել մանկահասակ երեխայի մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Ալբերտ Ա.-ն, վարորդական իրավունքի վկայական չունենալով, 2017 թվականի մայիսի 24-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում իր կողմից վարած «BMW» մակնիշի մեքենայով երթևեկել է Արարատի մարզի Լանջազատ-Բարձրաշեն ավտոճանապարհով:

Հասնելով Բարձրաշեն տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածին, ըստ մեղադրանքի, Ալբերտ Ա.-ն իրականացրել է մեքենայի ոչ պատշաճ կառավարում, ուշադիր չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը և նախապես հաշվի չառնելով ճանապարհային պայմանները՝ մասնավորապես շրջադարձի առկայությունը, ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ ու պայմանավորել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Առանց վարորդական իրավունքի մեքենան վարելով՝ Ալբերտ Ա.-ն նաև ուղևորներ, այդ թվում՝ երեխա էր փոխադրում:

Վթարի հետևանքով նրա մեքենայի մանկահասակ ուղևոր՝ 2015 թվականի մայիսի 27-ին ծնված աղջնակը մահացել է: Երեխան վթարից մի քանի օր հետո կդառնար 2 տարեկան…

Վթարի հետևանքով մեքենայի մեջ գտնվող մյուս ուղևորներին թեթև ու միջին ծանրության վնասվածքներ են պատճառվել, բայց բողոքի բացակայությամբ պայմանավորված՝ այդ մասով Ալբերտ Ա.-ն քրեական հետապնդման չի ենթարկվել:

Դատարանը հաշվի է առել, որ Ալբերտ Ա.-ն բնութագրվում է դրական, վատառողջ է՝ 2-րդ խմբի հաշմանդամ, ինչի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, նրա խնամքին է 77-ամյա տատը:

Դատարանն արձանագրել է՝ Ալբերտ Ա.-ն գիտակցել է, որ չունի վարորդական իրավունքի վկայական, հետևաբար՝ չունի նաև մեքենա վարելու իրավունք, և ուշադիր չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, այսինքն՝ նրա թույլ տված խախտումների և հանրորեն վտնգավոր հետևանքների առաջացման միջև պատճառական կապի զարգացման հավանականությունը նրա համար եղել է ակնհայտ, ինչը մեծացնում է նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Դատարանը հաշվի է առել, որ պատճառած նյութական վնասի՝ 1 միլիոն դրամ գումարից Ալբերտ Ա.-ն տուժողի ընտանիքին հատուցել է միայն 250 հազար դրամը:

Ալբերտ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ալբերտ Ա.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 750 հազար դրամ՝ որպես պատճառած վնասի հատուցում:

Spread the love