Գազպրոմ Արմենիան իր ձեռնարկությունում օգտագործում է «լևի» գազ

- in Տնտեսական
Gaz

ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

ՊԵԿ քննչական վարչությունում և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում հարուցվել են քրեական գործեր:

ՊԵԿ հաղորդագրությունը նշանակում է, որ Գազպրոմ Արմենիան իր ձեռնարկությունում օգտագործում է «լեւի» գազ, այսինքն ինքն իրենից գողանում է գազ: Այս, ինչպես կասեր ՀՀ գլխավոր գազավիկ Կարեն Կարապետյանը, «պրիմիտիվ գողության» շնորհիվ առաջանում են ահռելի «սեւ» փողեր:

Մյուս ընկերությունները, որոնք նույնպես ցույց են տվել պակաս իրացում, չէին կարող նման բան անել առանց գազի մենաշնորհ ունեցող Գազպրոմ Արմենիայի գիտության: Առավել եւս, որ դրանց տերերը պատահական մարդիկ չեն:

Ինչպես հայտնի է, սահմանին Հայաստանը գազը ստանում է աշխարհում ամենաէժան գներից մեկով, Հայաստանն այսպես ասած վերջից երրորդն է: Բայց սահմանից այս կողմ այն կրկնակի թանկանում է: Կարեն Կարապետյանն ի պատասխան հարցադրումների՝ թուղթուգրիչը ձեռքին հիմնավորում էր գինը, նրան թութակի պես երկրորդում էին Հայաստանի պատկան մարմինների ու Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչները: Բայց այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չէր տրվում ու չէր կարող տրվել:

Ու մինչ Հայաստանում գազի, լույսի ու ջրի գին որոշող հանձնաժողովի նախագահը խորհրդարանում հայտարարում էր մեռնելու ցանկության մասին, Հովիկ Աբրահամյանը նրան հորդորում էր նման բան չանել, այլ մտածել այն մասին, թե ինչ է պետք անել, որ համ գազի գինը չթանկանա, համ էլ Գազպրոմի շահույթը չնվազի:

Ի դեպ, գազի գնի մեջ առկա է նաեւ «կորուստներ» տողը: Հիմա արդեն ՊԵԿ բացահայտմամբ է փաստվում, թե ինչպես են առաջանում «կորուստները» եւ ով է դրա դիմաց վճարում: «Կորուստները» ներառվում են սահմանից այս կողմ գազի գնի մեջ, այսինքն՝ վճարում է սպառողը: Եվ իր, եւ գողերի համար:

Այս հարցում լայն կոնսենսուս էր ձեւավորվել Հայաստանում. Գազի իրենց «լեւի» մասն ունեին ոչ միայն Գազպրոմ Արմենիան, այլեւ քաղաքական ու տնտեսական քվոտաների տեր դարձած պաշտոնյա-պատգամավորները: Դրա համար էր Հովիկ Աբրահամյանին նախեւառաջ հետաքրքրում այն, որ հանկարծ Գազպրոմի շահույթը չնվազի: Այլապես, կնվազեր նաեւ իրենց շահույթը, բայց դրանով թերեւս չէին պրծնի:

Նոր կառավարությունը հայտարարում է, որ պետք է ուսումնասիրվի սահմանից այս կողմ գազի գնագոյացման հարցը, եւ խնդիրը միայն հայկական կողմում է: ՊԵԿ այս գործողությունը թերեւս այս ուղղությամբ առաջին ու կարեւորագույն քայլն է:

Spread the love